Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխարգելման համար. հարցում ՇՄ նախարարին

Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխարգելման համար. հարցում ՇՄ նախարարին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոյանին Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործման վերաբերյալ:  

Հարցման մեջ նշված է.

«Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը, վճարները և պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» 1201 Ա որոշումը, որը մշակել են Ջրային կոմիտեն, ՀՀ արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունները:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է. «Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1695 կմ, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90%): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 մ3/վրկ կամ 1145,0 մլն մ3/տարի՝ ապահովելով ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետ: Ներկայումս տարեկան միջին հեռացվող ջրերի ծավալը կազմում է շուրջ 50 մ3/վրկ կամ շուրջ 1,6 մլրդ մ3/տարի»:

«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ մ3/տարի:

Այսպիսով, ՀՀ կառավարության 2021թ-ի հուլիսի 22-ի 1201 Ա որոշմամբ հիմնավորվում է, որ տեղի է ունենում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի գերշահագործում 2021թ-ի դրությամբ ևս, ինչն անդառնալի հետևանքներ ունի Արարատյան դաշտի համար:

Արարատյան դաշտից ստորգետնյա ջրային պաշարներից տարեկան 1,6 միլիարդ խմ ջրառի մասին պաշտոնական և փորձագիտական շրջանակները նշում են տարիներ շարունակ: Այս թիվը 2021թ-ին մնացել է անփոփոխ՝ չնայած ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են՝ Արարատյան դաշտի խորքային հորերի փականային ռեժիմի բերման, լուծարման և կոնսերվացման միջոցառումներ:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.

  • Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխարգելման և ջրառի նվազեցմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ է իրականացրել, և որքա՞ն ջուր է խնայվել դրա արդյունքում:
  • 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ որքա՞ն է կազմում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանից իրականացված ջրառն ըստ ձկնաբուծության, ոռոգման և հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունների:
  • Արդյո՞ք նախարարությունն ունի գործողությունների ճանապարհային քարտեզ, թե իրականացվելիք միջոցառումների արդյունքում ինչ ժամկետներում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանից ջրառի չափաքանակը կհասցվի «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով սահմանված 1,1 միլիարդ խմ-ի շեմին:
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչությունն իր լիազորությունների սահմաններում 2020-2021թթ. ի՞նչ գործողություններ է կատարել  ապօրինի ջրօգտագործման դեպքերի, ինչպես նաև ՋԹ-ով նախատեսված ջրառից հավելյալ ջրառ իրականացման կանխարգելման համար:
  • Արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունն ունի ուսումնասիրություն, թե կլիմայի փոփոխությունն ինչպես է ազդել Արարատյան արտեզյան ավազանի վրա, մասնավորապես, կլիմայի փոփոխության և ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցման և դրանց փոխկապակցության ենթատեքստում։ Եթե այո, խնդրում ենք տալ այդ ուսումնասիրության վերջնարդյունքը»։

Դեկտեմբեր 07, 2021 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր