

Սույն թվականի հունիսի 9-ին գործադիրը որոշեց 2021 թ-ին Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ գումարներն ուղղել ոռոգման համակարգերի բարելավմանը և արդիականացմանը:
ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված «Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման համար վճարման ենթակա գումարներ» անվամբ արտաբյուջետային հաշվին կհաշվեգրվեն 2021 թ-ին Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ, ակնկալվող 1,452,336.9 հազար դրամ գումարները։
Այդ գումարները նախատեսվում է տրամադրել Սևան-Հրազդանի ոռոգման համակարգից սնվող՝ «Ջրառ» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող Արտաշատի ջրանցքի առանձին հատվածների և գլխամասային հանգույցի, Ստորին Հրազդանի ջրանցքի 1-ին հերթի գլխամասային հանգույցի, Ստորին Հրազդանի ջրանցքի 2-րդ հերթի, Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի և Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը։
Նշենք, որ ըստ ներկայացված փաստաթղթերի փաթեթի՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում բացված «Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման համար վճարման ենթակա գումարներ» անվամբ արտաբյուջետային հաշվում 27.04.2022թ․-ի դրությամբ մնացորդ առկա չի եղել:
Հունիս 09, 2022 at 17:00