Արտեզյան ավազանն անհետանում է

Արտեզյան ավազանն անհետանում է
Արարատյան արտեզյան ավազանի ճնշումային գոտին վերջին 5 տարում կրճատվել է 2,5 անգամ։
 
1984թ․ - 42296 հա
2007թ․ - 32107 հա
2016թ․ - 22366 հա
2022թ․ - 9260 հա
 
1990-91թթ․ արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի օգտագործման ծավալն անցել էր իր թույլատրելի սահմանը։ Խորքային պոմպերով ընդհանուր ջրառը կազմում էր 32,85 մ3/վրկ և 916 շատրվանող հորատանցքերից՝ 20,79 մ3/վրկ։ Փաստացի երկու ճնշումային հորիզոններից ջրառը կազմում էր 53,64 մ3/վրկ։ Եթե սրան ավելացնենք նաև գետնաջրերի հորիզոնից ցամաքուրդային համակարգերով հեռացվող շուրջ 35 մ3/վրկ ելքը, ստացվում է 88,64 մ3/վրկ, այսինքն՝ տարեկան 2,8 մլրդ մ3, որը գերազանցում էր ավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների ծավալին։
 
Էներգետիկ ճգնաժամի տարիներին խորքային պոմպերով գործող հորատանցքերի մեծ մասը մատնվեց անգործության և 1996թվ-ին 292 հորատանցքերի գումարային ջրառը կազմեց 10,18մ3/վրկ։ Այս տարիներին Արարատյան դաշտի շատ հատվածներում գրունտային ջրերի մակարդակը բարձրացավ և հազարավոր հեկտար հողատարածքներ ենթարկվեցին կրկնակի աղակալման։
2006-2010թթ․, մի կողմից՝ Սևանի խնդիրը, մյուս կողմից՝ ձկնաբուծությունը, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն, թույլ տվեցին այս 2 գերակայությունների իրագործման բեռը դնել արտեզյան ավազանի վրա։

Փակ աչքերով ջրօգտագործման թույլտվություններ բաժանվեցին, մեկ հորատանցքի թույլտվությամբ մի քանիսը տեղադրվեցին, հորատանցքի վերականգնման թույլտվությամբ նոր հորատանցքեր հորատվեցին և 2010թվ-ին ավազանում հորատանցքերի թիվը հասավ 3270-ի։ Այսօր հնարավոր չէ արտեզյան ավազանում գործող հորատանցքերի հաշվառում կատարել, քանի որ ավազանի ճնշումային շերտը կրճատվել է անգամներով, և չորացել ու շարունակում են չորանալ բազմաթիվ հորատանցքեր։ Էկոլոգիական աղետալի վիճակում է հայտնվել ինչպես արտեզյան ավազանը, այնպես էլ՝ Արարատյան դաշտի էկոհամակարգը։
 
Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակը
 
Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մեզ տրամադրած տեղեկատվության, 2022թ․ հունվարի 1-ի դրությամբ Արմավիրի և Արարատի մարզերում 1217 մեխանիկական և շատրվանող հորատանցքերից ընդհանուր գումարային ջրառը տարեկան կազմում է 1 մլրդ 10 մլն 233 հզր խոր.մետր։ 
 
2021թ. հոկտեմբեր ամսին մեր կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների տվյալներով, Արմավիրի մարզի 94 գյուղական համայնքների հաշվեկշռում գրանցված է եղել 878 խորքային հոր, որոնցից 357-ը ցամաքելու կամ տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։ Գործող 521 հորատանցքերից 373-ն օգտագործվում է ոռոգման նպատակով, սակայն Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության մեջ Արմավիրի մարզում ոռոգման նպատակով ջրառ իրականացվում է 323 հորերից, այսինքն՝ 50 հորատանցքով պակաս։ Եթե միջինացված 15 լ/վրկ ջրառով հաշվարկենք, ապա 50 հորատանցքի ջրառը կկազմի տարեկան 13․6 մլն․ մ3։
 
Սարդարապատի հուշահամալիրի 50 հա-ից ավելի տարածքը ոռոգվում է արտեզյան հորերի ջրով։ ՋՕ ընկերությունները հուշահամալիրի տարածքը չեն սպասարկում։ Նախարարության տեղեկատվության մեջ բացակայում են հուշահամալիրի առնվազն 3 խորքային հորերը։

Այս օրինակներից կարելի է եզրակացնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ ներկայացրած տեղեկատվությունը խեղաթյուրված է միտումնավոր։
 
Արտեզյան ավազանի ճնշումային գոտու կրճատմանը զուգահեռ, ձկնաբուծարանները միգրացիայի ենթարկվեցին Արմավիրի մարզից Արարատի մարզ։ Լքված ձկնաբուծարանների շատրվանող խորքային հորերը չեն կոնսերվացվել և ինֆիլտրացիայի միջոցով մեծ ծավալի քաղցրահամ ջրի կորուստ է տեղի ունենում։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեզ տրամադրած տեղեկատվության մեջ շատ հետաքրքիր դրվագներ կան։
 
Օրինակ՝
«Ավազպլյուս» ՍՊ ընկերությունը 2018 թվ-ին ավազի արդյունահանմամբ զբաղվելու համար Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի 4 հա գյուղատնտեսական հողատարածքում ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն՝ 25 տարի ժամկետով։ Ընկերությունը հողերի նպատակային նշանակությունը չի փոխել և նրա գործունեությունը կասեցվել է։
Չնայած դրան, ընկերությունը 2018 թվ-ին Եղեգնուտ գյուղի տարածքում, որտեղ ընկերության ավազի տեսակավորման արտադրամասն է, ստացել է արտադրական նպատակով 2 խորքային հորերի միջոցով 5,2 լ/վ գումարային ելքով ջրօգտագործման թույլտվություն՝ 3 տարով։ 2021 թվ-ին թույլտվությունը երկարաձգվել է ևս 3 տարով։
 
«Գոլդեն Ֆիշ» ՍՊ ընկերության գործունեությունը, համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքի, 2014 թվ-ին դադարեցված է։ Այս փաստը չի խանգարել, որ ընկերությունն արտեզյան ավազանի ճնշումային գոտում ստանա 6 հորատանցքից 610 լ/վրկ կամ 19,2 մլն․ մ3/տարի ջրօգտագործման թույլտվություն, իսկ 2021 թվ-ին՝ թույլտվության ժամկետը երկարաձգի ևս 3 տարով։
 
«Մխչյան Ֆիշ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումը 2021թ․ հունվարին դատարանն ընդունել է վարույթ։ Ընկերությունը 2021թ․ ապրիլին 8-ին խորքային հորատանցքով 290 լ/վրկ կամ 9,1 մլն․ մ3/տարի ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգել է ևս 2,5 տարով։
Տեղեկատվության մեջ բազմաթիվ են անհատ ձեռնարկատերեր, որոնց մասին տեղեկատվություն չկա ինչպես Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում, այնպես էլ՝ ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում։
Այս օրինակներից կարելի է եզրակացնել, որ ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարացումը կատարվում է մեխանիկորեն՝ առանց հաշվի առնելու թույլտվության նախորդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։
 
Արարատյան արտեզյան ավազանի ճնշումային գոտին կայծակնային արագությամբ կրճատվում է։ Արդեն կարելի է մատերի վրա հաշվել բնակավայրերը, որտեղ շատրվանող հորատանցքեր են մնացել։
 
Արմավիրի մարզում, ըստ մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության, շատրվանող հորատանցքեր այլևս չկան։ 
 
2020 թվ-ին ստեղծվել է պետական հանձնաժողով Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության, ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման ուսումնասիրության նպատակով։
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ձկնաբուծարանները, արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ կապված հորատանցքերի փականների և ջրաչափերի բացակայության կամ անսարքության, ինչպես նաև՝ կնիքների բացակայության փաստերի հետ։ Ձկնաբուծարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հայտնեց, որ գոյություն ունեցող ջրաչափերը շատ շուտ շարքից դուրս են գալիս, քանի որ հորատանցքերից ջրի հետ ավազի հատիկներ են դուրս գալիս, որոնք, կուտակվելով, խափանում են ջրաչափի աշխատանքը։
 
Ջրային ռեսուրսների կառավարիչներն ընդունում են, որ 1497 գործող հորատանցքեր չունեն ջրաչափեր։ Եթե յուրաքանչյուր հորատանցքից, ամենահամեստ հաշվարկներով, 5 լ/վրկ ավելի ջուր վերցվի, դա կկազմի տարեկան 236 միլ․մ3։
 
Փաստորեն ստացվում է, որ արտեզյան ավազանի ջրօգտագործման թույլտվությունների և փաստացի ջրառի ծավալները միմյանց հետ կապ ունեն ընդամենը «ազնիվ խոսք»-ի մակարդակում։
 
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ընդհանուր շահագործական պաշարը 2016թ. դրությամբ, ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի հաշվարկներով, կազմել է 29․39 մ3/վրկ կամ 926․73 մլն․մ3/տարի։
 
Պաշտոնական տեղեկատվությամբ 2021 թվ-ին ջրառը կազմել է 1,010․23 մլն․ մ3/տարի, չհաշված Երևան քաղաքի ջրամատակարարումը և բազմաթիվ հորատանցքեր, որոնք դուրս են մնացել հաշվարկներից։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արտեզյան ավազանից ջրառի բոլոր բացերը, ջրային ռեսուրսների արտահոսքը, կարելի է արձանագրել, որ փաստացի ջրառը կազմում է 1,6 մլրդ․ մ3/տարի ծավալի շրջակայքում, և վերջին 5 տարիների ընթացքում ջրառը նվազել է միայն թղթի վրա։
 
Ինչո՞ւ են ձկնաբուծարանները գերշահագործում ավազանի ջուրը
 
Հայաստանի ձկնարտադրության հիմնական արտադրատեսակը իշխան ձուկն է։
Կերչի ծովային տեխնոլոգիական պետական համալսարանի ուսումնասիրություններով իշխան ձկան օրական աճն ուղիղ կապ ունի ջրի ջերմաստիճանի հետ։
 
իշխան ձկան աճի համար ամենաբարենպաստ ջերմաստիճանը տատանվում 14-16 աստիճանի միջակայքում։ 8 աստիճանից ցածր և 22 աստիճանից բարձր ջերմաստիճանային պայմաններում իշխանը հրաժարվում է կերից, մեծանում է հիվանդանալու ռիսկը և ձուկը կարող է սատկել։
 
Իշխանի աճեցման ջրավազանում ջուրը պետք է մշտապես հոսի և հագեցած լինի թթվածնով։ 1000 ձկան հաշվարկով 0․6-0․8լ/վրկ ջրի հոսքի պայմաններում 1 մ3 օգտակար ծավալի արտադրողականությունը հասնում է 75-90 կգ/մ3-ի։
 
Արտեզյան ավազանից դուրս եկող ջրի ջերմաստիճանը, մեր չափումների համաձայն, տատանվում է 14․6-15․0 աստիճանի միջակայքում։ Նույն ջերմաստիճանը պահպանվում է ձկնաբուծարաններից բաց թողնվող ջրերում, այսինքն՝ թե՛ ձմռան ամիսներին -10 աստիճանի պայմաններում, թե՛ ամռան 35-40 աստիճանի պայմաններում ձկնաբուծարաններից դուրս թափվող ջրերի ջերմաստիճանը չի փոխվում։
 
Այստեղից կարելի է եզրակացնել, որ ձկնաբուծարանների լճակներում ջրի հոսքը և ջրի ծավալները մեծ են այն աստիճան, որ ջուրը չի հասցնում ձկնաբուծարանի տարածքում, գոնե 0․5 աստիճանով, մոտենալ մթնոլորտի ջերմաստիճանին։

Ստացվում է՝ Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների վատնումը նպատակ է իշխան ձկան կենդանի քաշը արագ ավելացնելու համար։
Փորձ ունեցող տնտեսվարողները նոր լճակներ կառուցելիս ներդրումներ չեն կատարում լճակները բետոնապատելու, դրենաժներ կառուցելու համար։ Նրանք գիտակցում են, որ ավազանն այսօր շատրվանում է, վաղը հնարավոր է չշատրվանի։
 
Շրջակա միջավայր
Երբեմնի կիսաանապատային Արարատյան դաշտը աստիճանաբար վերածվում է անապատի։ Արմավիրի մարզում գրունտային ջրերի մակարդակի անկման պատճառով բուսական շերտից հումուսը լվացվում է։ Զուգահեռաբար անհետանում է բուսականությունը։ Միայն ոռոգման ջրի բացակայության պատճառով անապատացման է ենթարկվել 8600 հա տարածք։
 
Արարատի մարզում շատրվանող հորատանցքերից և ձկնաբուծական լճակներից ինֆիլտրացիայի միջոցով ջրերի հոսքը դեպի ցամաքուրդային հողեր ստեղծում են ճահիճներ և գերխոնավացած հողատարածքներ։ Ջուրը ինտենսիվ գոլորշանում է՝ իր մեջ լուծված աղերը թողնելով հողի մակերևույթին։ Այս երևույթը հողերի աղակալման դասական օրինակ է։ Արարատի մարզում միայն ձկնաբուծարանների պատճառով այսօր անմշակ է դարձել 2500-3000 հա հողատարածք։
 
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությամբ, արտեզյան ավազանը հայտնվել է էկոլոգիական աղետալի իրավիճակում։ Դեռևս 2014 թվ-ին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներոմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկացվել են ՀՀ իշխանությունները։ Խոսքը ոչ թե սպասվող վտանգների մասին է եղել, այլ՝ ներկա աղետալի վիճակի։
 
Հաշվի առնելով նոր, ստեղծված իրավիճակը և սպասվող մարտահրավերները, անհրաժեշտ է՝
· ջրատար հորիզոններ մուտք գործող ստորերկրյա ջրերի բնական (վերականգնվող) ռեսուրսների ծավալների վերագնահատում՝ հաշվի առնելով Քարաքյուրթի ջրամբարի գործոնը,
· գնահատել ստորերկրյա ջրային պաշարների բալանսավորված տարեկան ջրառը,
· սահմանել ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման առաջնահերթությունները՝ հստակ գնահատելով տոկոսային սահմանային չափաբաժինները՝ ըստ ոլորտների։ Ձկնաբուծության նպատակով ջրառը սահմանել մինչև ընդհանուր ջրառի 30 տոկոսը,
· որոշել մեկ տոննա ձկան արտադրության համար անհրաժեշտ ջրի ծավալը,
· ձկնաբուծության ոլորտում ջրառի նոր թույլտվություններ կամ թույլտվությունների երկարացում իրականացնել բացառապես՝
- բետոնապատ լճակների առկայության,
- փականային համակարգի առկայության,
- թվային կենտրոնացված համակարգում գրանցված ջրաչափերի առկայության,
- լճակային տնտեսությունից դուրս եկող ջրի տեղափոխման (մինչև դրենաժ) փակ խողովակային համակարգի առկայության պայմաններում,
· հորատանցքերի, հատկապես ճնշումային գոտիներում, կոնսերվացման ճանապարհով պահպանել հորերի միջև սահմանված հեռավորությունը՝ 400-1000 մ,
· ջրառի թույլտվությունները երկարաձգելու պարագայում նոր ջրառի ծավալը ուղիղ կապել վերջին 3 տարիներին հիմնավորված արտադրանքի ծավալի հետ,
· լճակային տնտեսությունները, բացի ՀՀ «Հարկերի մասին» օրենքի 15 հոդվածի 2-րդ կետի պահանջի, պետք է ունենան գրառում հորատանցքերի քանակի և ջրառի ծավալների վերաբերյալ։
Այս միջոցառումները երբևիցէ չեն կարող խախտել տնտեսվարողների շահերը, կբարձրանա ջրային ռեսուրսների օգտագործման էֆեկտիվությունը, հանրային ռեսուրսների օգտագործումը կդառնա թափանցիկ, և ամենակարևորը, մեկնարկ կտրվի՝ վերականգնելու ստորերկրյա ջրային պաշարները։

Հեղինակներ՝ Անժելա Ստեփանյան
Խաչիկ Դանիելյան
 
Հոդվածն ամբողջությամբ՝ 

www.multimedia.alttv.am



Հունիս 13, 2022 at 10:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր