Գետառը ջրերի մաքրման լոկալ կայան կունենա

Գետառը ջրերի մաքրման լոկալ կայան կունենա
2023թ. Գետառ գետի վրա նախատեսվում է ջրերի կենսաբանական և մեխանիկական մաքրման լոկալ կայան կառուցել: Նախագիծը ներառված է Երևանի ավագանու հունիսի 21-ի նիստի օրակարգում:

Գետառը Հրազդան գետի ձախակողմյան վտակն է, որը խառնվում է Հրազդան գետի ջրերին նրա ստորին հոսանքներում: Հրազդան գետը Երևան քաղաքի հիմնական ջրային զարկերակն է: Ըստ նախագծի՝ Երևան քաղաքում Գետառը կոյուղաջրերի տեղափոխման ջրանցք է: Այն աղտոտված է նաև կենցաղային աղբով: Մաքրման կայանի կառուցման նպատակն է մաքրել Գետառը կոյուղաջրերից և կենցաղային աղբից՝ միաժամանակ կանխարգելելով աղտոտված, կոյուղաջրերով հարուստ Գետառի միախառնումը Հրազդան գետին, որն էլ իր հերթին՝ թափվում է Երևանյան լիճ: «Գետառի ջուրը մաքրման կայանում մաքրելուց հետո հնարավոր կլինի վերականգնել Հրազդան գետի և նրա հարակից տարածքների էկոհամակարգն ու սանիտարահիգիենիկ ցուցանիշները: Ծրագիրն ունի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև ռեկրեացիոն գոտու առողջապահական նորմերի ապահովման ուղղվածություն: Հնարավոր կլինի բարելավել Երևանյան լճի և Հրազդանի գետի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող ռեկրեացիոն գոտի»,- նշված է պաշտոնական փաստաթղթում:

Մաքրման կայանի կառուցման վայրը նախնականորեն ընտրվել է Հրազդան գետ թափվող հատվածը, որը տեղակայված է Շենգավիթ վարչական շրջանի Պոլիպլաստ գործարանի մոտակայքում: Մաքրման կայանի կառուցման դեպքում հնարավոր կլինի մեխանիկական մաքրման եղանակով մաքրել Գետառը կենցաղային աղբից, կենսաբանական եղանակով՝ կոյուղաջրերից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև գնահատել և գույքագրել Գետառ թափվող կոյուղաջրերի ծավալները և կիրառել լիազոր մարմինների հետ համատեղ կանխարգելիչ գործիքակազմ հետագայում կոյուղաջրերը գետ թափելու բացառման նպատակով:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ընդհանուր 126.701.300 դրամ, որից 5 միլիոն դրամը՝ ջրի մաքրման լոկալ կայանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 121.701.300 դրամը՝ ջրի մաքրման լոկալ կայանի կառուցման համար: Այս գումարը նախատեսվում է հատկացնել մայրաքաղաքում գործող արտադրական ձեռնարկությունների կատարած բնապահպանական վճարների մասհանումներից: Նախագծում նշված է, որ Երևան համայնքը պատրաստ է իր միջոցներից ևս լրացուցիչ հատկացումներ կատարել: Թե՛ նախագծանախահաշվային փաստաթղթի կազմման, թե՛ կայանի կառուցման համար կհայտարարվեն մրցույթներ:

Ծրագրի հեղինակներն ակնկալում են, որ մաքրման կայանի կառուցման արդյունքում Երևան համայնքի սահմաններից դուրս եկող Հրազդան գետը Արարատյան հարթավայրի մյուս համայքներին կհասնի (Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Զորակ, Ղուկասավան, Դաշտավան, Դարակերտ) բնապահպանական տեսակետից առավել մաքուր ոռոգման չափորոշիչներին համապատասխան վիճակում՝ նվազեցնելով գետի և նրա առափնյա տարածքների կենսաբազմազանության (ջրային էկոհամակարգ, թռչուններ) վրա մարդածին բացասական ազդեցությունը: 

Լուսանկարում՝ մաքրման կայանի կառուցման վայրը

Հունիս 15, 2022 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր