Պատկան մարմինների պատասխանները՝ Արարատում և Արմավիրում խմելու և ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ

Պատկան մարմինների պատասխանները՝ Արարատում և Արմավիրում խմելու և ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն պատասխանել է ԷկոԼուրի հարցմանը Արարատի և Արմավիրի մարզերում խմելու և ոռոգման ջրի հասանելության ու որակի խնդիրների վերաբերյալ: Ջրային կոմիտեն նաև տրամադրել է հարցերի վերաբերյալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Արմավիր» և «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունների, «Մելորիացիա» ՓԲԸ-ի պատասխանները: 

ԷկոԼուր.

- Խնդրում ենք տեղեկացնել, արդյո՞ք կառուցվել է Արմավիրի (Մեծամոր) կեղտաջրերի մաքրման կայանը, եթե ոչ, ապա ե՞րբ է նախատեսվում կառուցել և ընդհանրապես ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել, որպեսզի Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը չհոսեն Տարոնիկի և Արտաշարի ջրհան կայանների ոռոգման համակարգ և մատակարարվեն ջրօգտագործողներին որպես ոռոգման ջուր:

Ջրային կոմիտե.

- «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր» (ՀԵԾ) II փուլ 3» ծրագրի շրջանակներում նախատեսված էին Սևան, Արմավիր (Մեծամոր) կեղտաջրերի մաքրման կայանների (ԿՄԿ) և կոյուղու կոլեկտորների վերակառուցման աշխատանքները։ Ջրային կոմիտեն նշված աշխատանքներն առաջարկել էր իրականացնել 2 փուլով.

  • Առաջին փուլով նախատեսել կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքների շինարարությունը,
  • Երկրորդ փուլով իրականացնել ԿՄԿ-ների կառուցման աշխատանքները:     

Համաձայն Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից ստացված տեղեկատվության, վերը նշված ծրագրի Լոտ-2-ում և Լոտ-3-ում ընդգրկված շինարարական աշխատանքները մեկնարկել են և ներկայում ընթանում են կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքների շինարարությունները։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ.

- ...Հայտնում ենք, որ շահագործող մասնագիտացված կազմակերպության բացակայության պատճառով, Ջրային կոմիտեի կողմից առաջարկվել է Ծրագրով նախատեսված ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Հաշվի առնելով վերը նշվածը Արմավիրի ԿՄԿ-ն Ծրագրից դուրս է բերվել, ներառվել է միայն 10,7 կմ երկարությամբ գոյություն ունեցող կոյուղու գլխավոր կոլեկտորի վթարային վիճակում գտնվող 1,5 կմ հատվածի վերանորոգումը: 

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերություն.

- Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը մասնակիորեն լցվում են Ակնալիճ համայնքի ոռոգման ջուր մատակարարող Մեծամոր պոմպակայանի ջրավազանի տարածք: 

«Արմավիր» ջրօգտագործողների ընկերություն.

- Արտաշարի ջրհան կայանի ջրաղբյուրին շարունակվում են խառնվել Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղատար համակարգի ջրերը:

ԷկոԼուր.

- ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666- Լ որոշման հավելվածով հաստատվել է «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմամբ ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում է վերանայել խմելու ջրի ստանդարտները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային ստանդարտներին։ Խնդրում ենք տեղեկացնել, արդյո՞ք «Խմելու ջրի մասին» օրենքի մշակման, ինչպես նաև խմելու ջրի ստանդարտները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցերն այսօր օրակարգում են և ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:

Ջրային կոմիտե.

- ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Եվրոպական միության և ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման» ճանապարհային քարտեզի 99.4, 102.2, 102.3 և 102.4 կետերով ներառված են խմելու ջրի որակի, մշտադիտարկման, դիտանցման համակարգի, ստանդարտների վերանայման և մի շարք սկզբունքային հարցեր, որտեղ Ջրային կոմիտեն հանդիսանում է համակատարող։ Խմելու ջրի ստանդարտների վերանայման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմնին։ 

Յուրաքանչյուր ամիս ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ բնակավայրերում իրականացվում է խմելու ջրի որակի մոնիթորինգ, որը սահմանված կարգով ներկայացվում է Ջրային կոմիտե:

Ջրային կոմիտեն՝ ամսական կտրվածքով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը ուղարկում է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը՝ իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերում խմելու ջրի որակի մոնիթորինգի արդյունքում արձանագրված շեղումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի արդյունքները և «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից խմելու ջրի որակի մոնիթորինգի արդյունքում արձանագրված շեղումների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունն ուղարկվում է Անկախ տեխնիկական աուդիտորին։
Վարձակալության պայմանագրի 6-րդ Հավելվածով սահմանված են Վարձակալի Հիմնական կատարողական ցուցանիշները, այդ թվում՝ մատակարարվող ջրի որակի ապահովման վերաբերյալ, որի խախտման դեպքում նախատեսված են տուժանքներ։ Մատակարարվող խմելու ջրի որակի հսկողության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված են Սանիտարական կանոններ և նորմեր (N2-III-Ա2-1)։ 

ԷկոԼուր.

 Խնդրում ենք տեղեկացնելարդյո՞ք Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասն ընդգրկվե՞լ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում:

Ջրային կոմիտե.

- ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի ջրամատակարարման համակարգի գույքը սահմանված կարգով չի փոխանցվել և չի ամրացվել Ջրային կոմիտեին, հետևաբար այն չի ավելացվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից վարձակալության ընդունված գույքի ցանկին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մանրածախ սպասարկում տվյալ թաղամասում, ինչպես նաև մատակարարի և թաղամասի սպառողների միջև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած օրինակելի ձևին համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում հնարավոր չէ իրականացնել։

ԷկոԼուր.

- Որպես Սևջուր գետի սակավաջրության խնդրի այլընտրանքային լուծում 2018թ-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնել է չգործող խորքային հորերի վերականգնում և նոր հորերի հորատման աշխատանքների կատարման ծրագիր: Ծրագրվում էր 2020թ-ին իրականացնել շինարարական աշխատանքները: Արդյո՞ք իրականացվել են այդ աշխատանքները, որքա՞ն չգործող խորքային հորեր են վերականգնվել և նոր հորեր հորատվել:

«Արմավիր» ջրօգտագործողների ընկերություն.

- ... ՀՀ կառավարության նախաձեռնած Սևջուր գետի սակավաջրության խնդրի՝ որպես այլընտրանքային լուծում, չգործող խորքային հորերի վերականգնման և նոր հորերի հորատման աշխատանքների կատարման ծրագրի առաջին փուլով նախատեսված 6 վերականգնվող և 6 նոր հորատվող խորքային հորերի շինարարական աշխատանքները ավարտվել են, խորքային հորերը շահագործվում են: 2 նոր հորատված խորքային հորերը գտնվում են Արտաշար գյուղում: 

ԷկոԼուր.

- «Էջմիածնի» ՋՕԸ-ն առաջարկում էր ուսումնասիրել Ակնա լճի մակարդակի իջեցման պատճառները և կիրառել միջոցառումներ խնդիրը շտկելու համար, ինչպես նաև հորատել նոր խորքային հորեր: Ի՞նչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ:

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերություն.

- Ակնալիճ համայնքում չկան բնակիչների կողմից հորատված խորքային հորեր, քանի որ ջրերը գտնվում են 70-80 մ խորության վրա: Ակնալիճի մակարդակի իջեցման պատճառների վերաբերյալ առայժմ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել:

ԷկոԼուր.

- Արդյո՞ք իրականացվում են աշխատանքներ հողային հուները ոռոգման երեսապատված ներքին ցանցով փոխարինելու և արդյունքում ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ: Եթե նման աշխատանքներ իրականացվել են, խնդրում ենք նշել՝ Արարատյան դաշտի ո՞ր բնակավայրերում և որքա՞ն հողային հուն է փոխարինվել: Արարատյան դաշտի համայնքների մշակելի հողատարածքներից քանի՞ հեկտարը չունի ոռոգման ցանց և ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ հողատարածքներում ոռոգման ցանցեր անցկացնելու ուղղությամբ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ.

- ...Հայտնում ենք, որ «Ոռոգման համակարգերի արդիականցման» ծրագրի շրջանակներում 2019-2022թթ. ընթացքում Արարատյան դաշտի թվով 73 բնակավայրերում հիմնանորոգվել և ներկայումս շահագործվում են ընդհանուր 167,773 մ երկարությամբ ներտնտեսային նշանակության ոռոգման ցանցեր:

Տվյալները՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերություն.

- 2021-2022թթ. Եվրասիական բանկի համաֆինանսավորմամբ «Էջմիածին» ՋՕԸ-ում իրականացվել է 45,6 կմ ներտնտեսային ցանցերի վերականգնում և 9,7 կմ երկրորդ կարգի ջրանցքերի վերկանագնում: Այդ ջրանցքերի գերակշիռ մասը հողային հունով ջրանցքեր են: ՋՕԸ-ի կողմից սպասարկվող համայնքների գյուղնշանակության հաղոտարածքներն ունեն հողային հունով ջրատարներ:

«Արմավիր» ջրօգտագործողների ընկերություն. 

- Վերջին երկու տարում Արմավիր ՋՕԸ-ի կողմից շահագործվող համակարգերում «Ոռոգման համակարգերի արդիականացման» վարկային ծրագրով վերակառուցվել է Մարգարայի, Հացիկի և Մրգաշատի միջտնտեսային ջրանցքերից շուրջ 12 կմ հատված: Ներտնտեսային համակարգում հողային հունով ջրանցքներից շուրջ 33 կմ երկարությամբ փոխարինվել և կառուցվել են կիսախողովակային ջրանցքներ:  

Ջրային կոմիտե.

- ...Արարատյան դաշտի համայնքների մշակելի հողատարածքներից մոտ 8600 հեկտարը չի մշակվում ոռոգման ցանցի բացակայության պատճառով։ ՀՀ ոռոգման ցանցերի առողջացման, ընդլայնման ծրագրերը մշտապես Ջրային կոմիտեի ուշադրության ներքո են, և սուբվենցիոն ու այլ ծրագրերի շրջանակներում հարցի լուծման նպատակով, Ջրային կոմիտեն համագործակցում է տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ, իսկ ազատ ֆինանսական միջոցների առկայության պարագայում՝ ցուցաբերում է նաև նախաձեռնություն։

«Մելորացիա» ՓԲԸ-ի պատասխանը կներկայացնենք հաջորդ հոդվածում:

Հուլիս 07, 2022 at 17:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր