Սևանա լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարելու համար կգործի ջրային պարեկային ծառայություն

Սևանա լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարելու համար կգործի ջրային պարեկային ծառայություն

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Սևանա լճի մակարդակն այսօր բավականին ցածր է, և մենք պետք է Սևանը դարձնենք առաջնահերթություն, Սևանա լճի մակարդակի բարձրացումը մեզ համար պետք է դառնա առաջնահերթություն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի ՀՀ կառավարության նիստում։ Սևանա լճի խնդիրներին գործադիրի ղեկավարն անդրադարձել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ։ Ջրային պարեկային ծառայության նպատակն է Սևանա լճում և լճի ավազանում բարձրացնել իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը:

Վարչապետը նշել է. «Պարեկային ջրային ծառայության ներդրումը նշանակում է, որ նաև Սևանա լճում ջրային տրասնպորտային միջոցների երթևեկության կարգի հետ խախտման արձանագրություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործված կամ չօգտագործված լինելու ստուգումներ իրականացվել»։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ  հայտնել է, որ 12 ամիս ծառայություն է իրականացվելու լճում. «Սա նշանակում է, որ Սևանա լճում ձկան որսն օրենքով սահմանվածից դուրս գործնականում լինելու է անհնար: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Այսօրվանից ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է նա։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հրավիրվել են միջազգային փորձագետներ Սևանա լճի ձկնապաշարների վերաբերյալ գնահատում իրականացնելու նպատակով:

Ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային հենակետերով: Նախատեսվում է ծառայությունն իրականացնել նաև դրոններով:

 

Օգոստոս 18, 2023 at 17:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր