2023թ. նոյեմբերի 13-ին Գավառի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Հողի և ջրի հետազոտությունների» լաբորատորիայի հիմնադրման համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համաձայնագիրը ստորագրվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարիտիրոսյանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի կողմից:
Լաբորատորիան հիմնադրվելու է Գավառի համայնքապետարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ:
Գեղարքունիքի մարզում հանքային պարարտանյութերի միակողմանի օգտագործումը բերում է հողի որակի անկմանը, բույսերի կողմից հատկապես ազոտի յուրացման նվազեցմանը, որի հետևանքով քիմիական նյութերը մակերևութային ջրերի հետ լցվում են ջրահավաք ավազաններ, այս դեպքում՝ Սևանա լիճը: Ազոտական պարարտանյութերով չհամակարգված սնուցումը բերում է արտադրված մշաբույսերի մոտ վնասակար նյութերի կուտակմանը, որը իր հերթին վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանը:
Ֆերմերները գրեթե տեղեկացված չեն հողին և բույսին անհրաժեշտ սննդանյութերի պահանջի մասին, հանքային պարարտանյութերը կիրառում են տարերայնորեն: Հողում սննդատարրերի ստուգումը կարևոր է բույսի համար անհրաժեշտ պարարտանյութերի արդյունավետ կիրառման տեսնակյունից, որը կապահովի որակյալ, առողջ բերք ստանալուն՝ նվազեցնելով շրջակա միջավայրի և հատկապես ջրերի աղտոտումը: Հողի սննդանյութերի կառավարումը կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը և կբարելավի հողի որակը:
Լաբորատորիան կգործի Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ:
Այս մասին տեղեկացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ):
Նոյեմբեր 15, 2023 at 13:37