Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը վտանգված է, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը

Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը վտանգված է, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը

Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի շարունակվող հյուծումը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի։ Աղետը կանխելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է հերթական օրենքների նախագծերը։ Դրանք հավանության արժանացան ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի համապատասխան որոշմամբ։ 

Որոշման հիմնավորման մեջ հատուկ ընդգծվում է․ «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրն են: Բոլոր բնաղբյուրներն օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը և հրատապությունը»։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2013-2016 թթ․ ընթացքում Արարատյան դաշտում լուծարվել է 55 հորատանցք, կոնսերվացվել՝ 61-ը, որով խնայվել է ընդհանուր 4843լ/վ ջրաքանակ: Բազմաթիվ չօգտագործվող  հորատանցքեր փակվել են փականներով, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններում վերանայվել են ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվել է ջրօգտագործման թույլտվություններին՝ հորատանցքերը փականային ռեժիմի բերելով և դրանք կնքելով։ Արդյունքում Արարատյան գոգավորությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսել են բարձրանալ: Սակայն 2016թ․ կատարված գույքագրման տվյալների համաձայն` ավելի մեծ ջրառի՝ նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաև նոր հորատանցքերի գործարկման արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ: «Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ  չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն՝ գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: 

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու ջրախնայող համակարգ տեղադրել։ Այն կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40%-ի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում։ Հորատանցքից ձկնաբուծարանը պետք է իրականացնի ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60%-ի չափով ջրառ։ Ձկնաբուծարանների կողմից առանց այս համակարգի չկիրառումը կառաջացնի տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով։

Այս օրենսդրական նախաձեռնությունը մեկն է այն օրենսդրական նախաձեռնություններից, որով փորձ է արվում նվազեցնել Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործումը։ Մի օրինագծով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է քրեականացնել Արարատյան դաշտում ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատանցք հորատելը կամ լուծարված հորատանցքը վերաբացելը: Մեկ այլ օրինագծով առաջարկվում է ջրային ռեսուրսների ոլորտի կառավարման գործընթացներում ներդնել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ:

Նոյեմբեր 10, 2023 at 10:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր