Երևանի քաղաքապետարանի «կանաչ» խոստումները

Երևանի քաղաքապետարանի «կանաչ» խոստումները

Երևանի ավագանին սույն թվականի դեկտեմբերի 26-ին հաստատեց Երևանի զարգացման 2024-2028 թվականների 5-ամյա ծրագիրը։ Քաղաքապետարանը խոստանում է Երևանը դարձնել կանաչ և կայուն շրջակա միջավայր ունեցող քաղաք։

Կանաչ տարածքներ

Ներկայում Երևան քաղաքն ունի 88 այգի, 6760 հեկտար կանաչապատ տարածք, 872․8 հեկտար ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածք, 5050 հատ տնկված ծառատեսակներ, 135000 հատ տնկված թփեր, 320000 տնկված ծաղիկներ։ Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչապատ տարածքը 8քմ է։

Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները, որոնց համաձայն մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է, քաղաքապետարանը խոստանում է առաջիկա 5 տարիների ընթացքում հասնել և անցնել նվազագույնի շեմը։

Ըստ զարգացման ծրագրի՝ Դալմայի այգիներում առկա 230 հեկտարից ավելի տարածքում հիմնվելու է նոր քաղաքային այգի՝ բացառելով որևէ կառուցապատում այդ տարածքում։ Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հեկտար տարածքում տնկվելու է անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի։ Վերականգնվելու է «Փարոսի» անտառտնկարկը, իսկ մայրաքաղաքը գոտևորող հարակից տարածքներում կստեղծվի բուֆերային անտառապաշտպանիչ գոտի։ Կկառուցվի նոր ջերմատուն։ Ջերմոցատնկարկային տնտեսության արտադրական ծավալներն ավելացվելու են՝ արտադրելով տարեկան շուրջ 10․000 ծառ և շուրջ 1 միլիոն թուփ և ծաղիկ։ Այդպիսով, կապահովվի Երևանի կանաչ տարածքներում պահանջվող բուսազանգվածի հիմնական մասը։

Կանաչ տնկարկներում առկա կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերը կփոխարինվեն ավելի արժեքավոր և գեղազարդ տեսակներով։ Կընտրվեն կայուն, արժեքավոր, գեղազարդ և Երևանի բուսաբանական կազմին հարիր ծառատեսակներ՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիման և բնակլիմայական պայմաններն ու առանձնահատկությունները, աղմուկի, գազերի, փոշու և այլ աղտոտիչների նկատմամբ։ Կիրականացվի բակային տարածքների բուսազանգվածի երիտասարդացում և լրացում, կավելացվեն կանաչ ցանկապատերը և թփերը, կկիրառվեն ուղղաձիգ կանաչապատման մոտեցումները։ Կավարտվի 2023 թվականին մեկնարկած ծառերի անձնագրավորման գործընթացն ամբողջությամբ։ Մեկ միասնական GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) միջավայրում կամփոփվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում առկա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերաբերյալ տվյալները։

Կլիմա և էներգետիկա

Կշարունակվի կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, հարմարվողականության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի կիրառմանն առնչվող միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավման և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2-ի արտանետումները։

Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, որի իրականացմամբ քաղաքը կկատարի իր առջև դրված հանձնառությունը և մինչև 2030 թվականը 30 տոկոսով կկրճատի CO2-ի արտանետումները։

Ջուր և ոռոգում

Առաջիկա 5 տարիների ընթացքում կվերականգնվի և կարդիականցվի Երևանի ոռոգման համակարգի կեսից ավելին՝ շուրջ 120 կմ նոր ցանցի անցկացմամբ, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարդիականացվի և հնարավորինս կավտոմատացվի ոռոգման ամբողջ ցանցը՝ հասցնելով շուրջ 500 կմ-ի։

Երևանյան լճի և Հրազդան գետի ջրերի մաքրությունը կենցաղային աղբից և կոյուղաջրերից ապահովելու նպատակով Հրազդան գետի վրա կտեղադրվի ևս երկու աղբորսիչ հարմարանք, կկառուցվի կոլեկտոր։

Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու նպատակով կիրականացվի տարածքի կենսաբազմազանության գույքագրում, թեմատիկ քարտեզագրում, բնապահպանական արժեքների բացահայտում, որը հիմք կհանդիսանա Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման համար։

Մթնոլորտային օդ

Ամբողջական տվյալներ ձեռք բերելու և իրավիճակին ճիշտ արձագանքելու նպատակով մինչև 2024 թվականի ավարտը բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն օդի որակի մոնիթորինգի սենսորային սարքեր։

Շինարարություն

Միջազգային առաջատար փորձի վրա հիմնվելով՝ կուսումնասիրվեն շենք-շինությունների ճակատային հատվածի մշակման արդյունքում հատուկ ներկերով պատելու եղանակով մթնոլորտում առկա արտանետումների կլանման հնարավորությունը։ Կառուցապատումների պարագայում շինթույլտվությունների պարտադիր պայման է սահմանվելու կանաչ տարածքների և խաղահրապարակների առկայությունը՝ սահմանված նորմերին համապատասխան։ Էլեկտրոմոբիլների առանձնացված ավտոկայանատեղիների սահմանմանը և լիցքավորման կայանների տեղադրման տեխնիկական և իրավական հիմքերի մշակմանը զուգահեռ՝ սահմանվելու են էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի կառուցման պարտադիր պայմաններ՝ նորակառույց շենքերի շինթույլտվությունների տրամադրման համար։

Ըստ զարգացման ծրագրի՝ նաև իրականացվելու է Երևանի կենդանաբանական այգու 30-40 տոկոսով ընդլայնում ազատ տարածքների հաշվին, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի իրականացնել այգու բարելավում, կենդանիների համար համապատասխան պայմանների ապահովում։  

Շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական հասանելիություն ապահովելու նպատակով կստեղծվի «Կանաչ զարգացում» տեղեկատվական հարթակը։

Դեկտեմբեր 27, 2023 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր