1999 թվականից յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին նշվում է Սևանա լճի օրը։ Օրվա խորհուրդը Սևանա լճի պահպանությունն է։ Սևանա լիճը յուրահատուկ էկոհամակարգ է, քաղցրահամ ջրի եզակի պաշար և Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։
Սևանա լիճը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիաից հետո։ Լճի երկարությունը 70կմ է, առավելագույն լայնությունը՝ 55կմ։ Հայելու մակերեսը 1260քառ/կմ է, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8մ է, ամենախոր վայրը՝ 83մ։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետեր, սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Լիճը շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։ Սևանա լիճն ունի հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այն նաև զբոսաշրջային կենտրոն է։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Սևանա լճի ծավալը 2024թ. օգոստոսի 25-ին 38,34 միլիարդ խմ է՝ 5,42 միլիարդ խմ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից: Լճի մակերեսը 2024թ. օգոստոսի 25-ին 1279,74 քառ/կմ է՝ 43,42 քառ/կմ-ով ավելի է երբևիցե դիտված նվազագույն ցուցանիշից:
Քաղաքացիական հասարակությունն իր ուշադրության ներքո է պահում լճի խնդիրները։ Դրանցից են ջրառը լճից, ճահճացումը, արհեստական ձկնաբուծությունը լճում, որսագողությունը։
Լիճը ենթարկվում է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին։ Ըստ կանխատեսումների՝ մինչև 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա։ Իսկ մինչև 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով:
Սևանա լճի մակարդակը վերականգնելու համար 1963-1981թթ․ կառուցվել է 48.3կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը։
Մինչև 2030 թվականը նախատեսված է լճի մակարդակը հասցնել 1903,5մ նիշին։ Վերջին տվյալով՝ օգոստոսի 26-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900․63մ։ Նախորդ տարվա օգոստոսի 26-ի ցուցանիշի հետ համեմատ լճի մակարդակը բարձր է 22սմ-ով։
Օգոստոս 26, 2024 at 17:03