ՀՀ Լոռու մարզի խոշորացված Թումանյան համայնքն ունի բարձր արտադրողականությամբ բնական կերհանդակներ։ Սակայն տեղացիներն այդ արոտները լիովին չեն կարող օգտագործել արոտային ենթակառուցվածքների՝ դաշտամիջյան ճանապարհների, ջրխմոցների, մակատեղիների բացակայության կամ վատ վիճակի պատճառով։ Իսկ հասանելի արոտավայրերի գերօգտագործումը դարձել է հողի դեգրադացման պատճառ։
«Գերարածեցման պրակտիկայի պատճառով Հայաստանի տարբեր շրջաններում և Լոռու մարզում գյուղամերձ հատվածներում լուրջ դեգրադացման գործընթացներ են ձևավորվել, ինչին նպաստում է նաև կլիմայի փոփոխությունը։ Ջերմաստիճանի բարձրացումն իր հետ բերում է խոնավության փոփոխությունների։ ․․․Այլևս խոնավասեր կամ չափավոր խոնավասեր բույսերը սկսել են հարկադիր միգրացիա դեպի բարձրադիր լանդշաֆտներ, դեպի ալպյան գոտիներ, իսկ անտառային կամ տափաստանային գոտիներում սկսել են դոմինանտ լինել չորադիմացկունները»,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը։
Թումանյան համայնքի արոտավայրերի խնդիրների լուծման համար «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում Լորուտ և Դսեղ բնակավայրերում կառուցվել է մեկական ջրխմոց և մակատեղի, Մարցում՝ երկու ջրխմոց, վերանորոգվել է Ահնիձոր բնակավայրի հեռագնա արոտներ տանող ճանապարհը, և նոր ջրխմոց է կառուցվում։ Այս աշխատանքները մի քանի խնդրի լուծմանն են ուղղված՝ էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանում ու կայուն օգտագործում, կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության բարձրացում, անասնապահության կայուն զարգացում և սոցիալական վիճակի բարելավում։
Կատարված աշխատանքների որակը տեղում ստուգեց Գագիկ Թովմասյանը։ «Մեր նպատակն է պահպանել բնական ռեսուրսն այնպիսին, որ դարերի ընթացքում շարունակաբար օգտագործման հնարավորություն ունենանք կենսաբազմազանության պահպանման, բուսածածկի հնարավոր դեգրադացիայի խնդիրների մեղմման կամ վերացման առումով։ Անասնագլխաքանակի հասանելի արոտավայրերի տարածքի մեծացումը, բնականաբար, կրճատում է գյուղամերձ հատվածների արոտներում բեռնավորման նորմերը, որն ամենից մեծ խնդիրն է արոտների դեգրադացիայի առումով։ Այս տեսանկյունից ծրագիրը բավականին հաջող ընթացք ունի», - ասաց նա։
Գագիկ Թովմասյանը կարևորեց արոտների կառավարման խնդիրը կլիմայի փոփոխության տեսանկյունից։ «Հայաստանի արոտային տարածքները զբաղեցնում են մոտ 1 միլիոն 50 հազար հեկտար տարածք, ինչը գյուղատնտեսական հողատեսքերի մոտ 50 տոկոսն է կազմում։ Որպես բնական ռեսուրս կամ հարստություն դրանք ժամանակի հետ բավական խոցելի են դարձել կլիմայի փոփոխության համատեքստում։ Արևահայաց լանջերը բավական շատ են, և կլիմայական փոփոխության ազդեցությունը զգացվում է մեր լադշաֆտներում․ արագընթաց զարգացման դեպքում բերում է տեսակների դժվար հարմարվողականությանը։ Կարճաժամկետ կտրվածքով տեսակների հարմավողականության հետ կապված խնդիրներն ինքնին բերում են լանդշաֆտային բուսածածկի դեգրադացմանը։ Այս գործընթացն անկախ մեզնից այլևս գյություն ունի։ Մեր գործողություններով պարտավոր ենք այնպիսի գործառույթներ իրականացնել, որ հնարավորինս և՛ հարմարվողականության խնդիր լուծենք, և՛ նաև այդ ազդեցությունների ռիսկերը մեղմենք»,- նշեց նա։
Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արման Չոփուրյանն, անդրադառնալով կատարված աշխատանքների կարևորությանը, Էկոլուրին ասաց․ «Շատ հանդամասերում մոտակա ջուրը 800-900 մ հեռավորության վրա է լինում։ Մարդիկ իրենց առօրյա աշխատանքները կատարելու և անասուններին ջրով ապահովելու համար բավական ժամանակ և ռեսուրս էին ծախսում։ Ջրխմոցների ստեղծումը հեշտացնում է գյուղացիների կյանքը։ Մակատեղիների դեպքում անասուններին սրսկելու գործընթացը սարերում հաճախ բաց էին թողնում, քանի որ անասուններին հնարավոր չէր ինչ-որ տեղ հավաքել և պատվաստումներն իրականացնել»։
«Մինչ այժմ չենք ունեցել մակատեղի։ Այն կառուցվել է այնպիսի վայրում, որտեղ մեր սարվորներն են լինում, և շատ եղջերավոր անասուններ կան այնտեղ։ Հեշտացել է անասնաբույժի աշխատանքը։ Ավարտական փուլում է արդեն նաև խմոցների տեղադրումը, ինչը կկրճատի անասունների շարժն ու բավարար քանակի ջուր կունենան։ Այս ամենը նպաստում է անասունների մթերատվության ավելացմանը», - ասաց Դսեղի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը։
LILA ծրագրի շրջանակներում մշակվել են նաև արոտկառավարման պլաններ, որոնք կնպաստեն արոտների կայուն օգտագործմանը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Օգոստոս 27, 2024 at 14:13