Տավուշի երիտասարդներն առաջարկում են լուծումներ՝ ուղղված կլիմայական մարտահրավերներին

Տավուշի երիտասարդներն առաջարկում են լուծումներ՝ ուղղված կլիմայական մարտահրավերներին

Տավուշի մարզում Իջևանի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնում Էկոլուրի թիմը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, թե ինչպես կարելի է դիմակայել կլիմայական աղետներին ու մարտահրավերներին, և տեղական մակարդակում իրականացնել էներգախնայողություն։

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք երևույթներին, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ: Նախորդ տարի Դեբեդի վարարումից հետո շատերը տուն կորցրեցին ու բիզնեսում խնդիրներ ունեցան, որոնք մինչ օրս լուծված չեն»,- ասաց Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղի բնակիչ Աննա Բաղդասարյանը։

«Գետի վարարումից ամիսներ անց մարդիկ դեռ չեն կարողանում վերականգնվել, և դրա պատճառներից մեկն իրազեկվածության պակասն է։ Մարդիկ չունեն այն կարողությունն ու գիտակցությունը, որ ինքնուրույն դուրս գան վատ շրջափուլից»,- ասաց Աննայի համագյուղացի Ալեն Վիրաբյանը, ով նաև Նոյեմբերյանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախագահն է։ 

Բնակիչներն ընդգծեցին բնության նկատմամբ մարդկանց անփույթ վերաբերմունքի  մասին։ Ըստ Աննա Բաղդասարյանի՝ անտառ են կտրում, ինչը սողանքների պատճառ է դառնում։ «Մինչդեռ պետք է խնայել ռեսուրսները և այլընտրանքային միջոցներով բավարարել կարիքները: Զորականում աշակերտների մասնակցությամբ այգի ենք հիմնել: Ոռոգում չկա, դույլերով ենք ջրում այգին», - ասաց նա: 

Երիտասարդները Զորականում ծառատունկերի և աղբահանության նախաձեռնություններով փորձում են պահպանել շրջակա միջավայրը։ «Դա աղետներից չի ազատում, բայց փորձում ենք փոքրիկ լուծումներ տալ»,- ասաց Աննան: Ալեն Վիրաբյանն էլ ընդգծեց, որ այդ ամենին զուգահեռ նաև իրազեկման աշխատանքներ են կատարում դպրոցում։ «Տեղադրել ենք պաստառներ իրազեկման նպատակով, վերանորոգել ենք մանկական խաղահրապարակն ու Մարշալների պուրակում լուսավորության հարցն ենք լուծել»,- ասաց նա։ 

«Երիտասարդ քաղաքագետների ակումբի» հասարակության հետ կապերի ղեկավար, դպրոցական Սերգեյ Սիմոնյանն էլ նշեց․ «Մարդկանց մեծ մասը պատկերացնում է, թե հայրենասիրությունը հայրենիքի մասին խոսելով, հայրենիքի մասին երգելով, հայրենիքի մասին լավ խոսքեր շռայլելով ու կենաց խմելով է լինում: Մինչդեռ հայրենասիրությունը գործով պետք է լինի, բնության հանդեպ սիրո դրսևորմամբ: Ի՞նչ կարող եմ ես անել, առնվազն երկու բան՝ իրազեկել ու չաղտոտել»։

Իջևանի «Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ի աշխատակից Ֆլորա Խաչատրյանը ներկայացրեց Տավուշի մարզին բնորոշ կլիմայական ռիսկերը՝վաղ գարնանային ջրհեղեղներ, սողանքներ, կարկտահարություններ։

«Ամենականխատեսելի աղետներից մեկը Աղստև գետի վարարումն է, որովհետև  գետի հունը չեն մաքրում։ Գետում աղբի կուտակումներ կան: Մեր համայնքում գետը քաղաքի ներսով է հոսում, գետը աղբատար է դարձել ոչ միայն մեր համայնքի, այլև՝ Դիլիջանի ու հարակից առափնյա բնակավայրերի համար»,- ասաց նա:

«Ունեցել ենք ձմռան օրեր, երբ 25 աստիճան տաքություն է եղել: Ու տարեցտարի ձմեռն ավելի տաք է լինում: Ձմռանը հատկապես այս տարի քիչ ձյուն է եկել»,- ասաց Ֆլորան:

Անդրադառնալով նախորդ տարի Աղստև գետի վարարման հետևանքով համայնքին հասցված վնասներին՝ Ֆլորան նշեց. «Ջրհեղեղի հետ կապված կառավարությունը փոխհատուցում տվել է մարզում: Իջևանը ճանաչվել էր աղետի գոտի, 5 տնտեսվարող էր տուժել ջրհեղեղի հետևանքով։ Բայց կառավարությունն ինչ-որ փաստաթղթերի բացակայության պատճառով փոխհատուցում չի տվել: Փոխհատուցում եղել է Այրումում և Դիլիջանում»:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործման հնարավորության մասին: «Երբ բնական աղբյուրն ես փորձում էներգիայի վերածել, բնությանն ավելի քիչ վնաս ես հասցնում»,- ասաց նա:

Ֆլորա Խաչատրյանը դեմ է փոքր հիդրոէլեկտրակայաններին։ «Կարծում եմ՝ բացասական ազդեցությունը շատ է: Գետի ջրում ապրող բուսական և կենդանական աշխարհի վրա դրական ազդեցություն չեն ունենում ՀԷԿ-երը: Նախորդ տարի Աղստև գետի վարարման հետևանքով Խաշթառակի կամուրջը վնասվեց: Կարծում եմ՝ նաև ՀԷԿ-ի խնդիր է եղել. ջուրը եկել, կուտակվել է ու միանգամից բացվել»: 

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ իրենք չունեն համապատասխան ռեսուրսներ և հարթակ վերոնշյալ խնդիրների բարձրաձայնման համար։ Էկոլուրի թիմը նրանց տեղեկացրեց իր կողմից ստեղծված «Հանրային լրագրողների հարթակի» մասին, որտեղ երիտասարդները կարող են բարձրացնել իրենց հուզող համայնքային խնդիրներն ու պատկան մարմիններից արձագանք ակնկալել։ Երիտասարդությունը ոգևորված էր «Հանրային լրագրողների հարթակի» մասնացելու հնարավորության համար և պատրաստակամություն հայտնեց ավելի խորը զբաղվել կլիմայական և էներգետիկ հիմնախնդիրներով և փոխանակվել տեղեկատվությամբ հարթակի այլ մասնակիցների հետ։ 

Մայիս 08, 2025 at 11:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր