Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։

Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։

Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն նախորդ օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Երևանի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Ջրամատակարարումը սահմանափակվելու էր նաև մարզերում։ 

Փետրվար 26, 2026 at 11:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր