ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԸ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մտադիր է լուծել Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային աղբյուրների օգտագործման խնդիրը: Փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին հաշվառման, արդյունավետ կառավարման և ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորգետնյա ջրային աղբյուրների  պահպանության հարցեր: Խորհրդակցությունը վարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցեց արված աշխատանքի մասին` մասնավորապես նշելով, որ ձկնաբուծական տնտեսություններում հիմնականում ջրափականներն անսարք վիճակում են, տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր և չկան սանիտարական կամ անօտարելի գոտիներ:
 
Որոշվեց ջրաչափեր տեղադրել բոլոր ձկնաբուծարաններում: Ինչ վերաբերում է հնչեցված այն հարցադրմանը, թե որոշ ձկնաբուծական տնտեսություններ կկարողանան խուսափել ջրաչափերի տեղադրումից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց. «Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի երևույթներ չեն լինելու: Դրա երաշխիքն այն է, որ հանձնարարական է տրվել բնապահպանության նախարարին` բոլոր տնտեսությունների ցուցակն ըստ չափերի` խոշորներից փոքր, տեղադրել բնապահպանության նախարարության կայքէջում: Ջրաչափեր տեղադրելու համար տրված ժամկետի ավարտից հետո մենք սկսելու ենք ստուգումներ խոշորներից դեպի փոքրեր, և չի լինելու որևիցե մեկը, ով կխուսափի ստուգումներից»:

Հիշեցնենք, որ դեռ 2010թ. ամռանը ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 3 տարի ժամկետով Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարների կանխորոշման համար 250 միլիոն դրամ հատկացնելու մասին: Իսկ 2010թ. դեկտեմբերին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար  Արմեն Գեւորգյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ջրային թիմի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսեց  Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային ռեսուրսների նվազման մասին:

Փետրվար 03, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր