ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ  ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

Վրաստանը եւ Ադրբեջանը բազմիցս բարձրացնում են այն հարցը, որ հայկական կողմը  քիմիական եւ հանքարդյունաբերական արտադրության թափոններով աղտոտում է Քուռի ջրային ավազանը: Մասնավորապես խոսքը Դեբեդ գետի մասին է, որը Վրաստանի սահմանը հատելուց հետո թափվում է Խրամի գետը, որն էլ իր հերթին` Քուռ գետը եւ հատում է Ադրբեջանի սահմանը: Ողջ ընթացքում այդ գետերի ջրերն անտրոպոգեն ազդեցության են ենթարկվում: Դրանք արդյունաբերական թափոններն են, կեղտաջրերը, աղբը: Խնդիրն այն է, թե ով, որտեղ եւ ինչով է աղտոտում Քուռ գետի ջրային ավազանը (տե՛ս ֆոտոռեպորտաժը):

Թվում էր, թե հարցը հեշտությամբ լուծվում է, ինչի համար պետք է որոշել աղտոտող միացությունների ցուցակը, հնարավոր աղտոտման վայրերում եւ պետական սահմանների հատման վայրերում տեղակայել փորձանմուշներ վերցնելու կետեր` հարցի քաղաքականացումից խուսափելու համար: Հենց նման որոշում է ընկած Իրանի հետ Արաքս անդրսահմանային գետի աղտոտման մոնիտորինգի վերաբերյալ պայմանագրի հիմքում: 

Ինչ վերաբերում է Դեբեդին, ապա, չնայած բազմաթիվ տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերի իրականացմանը, հարցը չի լուծվել:

«ԷկոԼուր»-ը, ելնելով day.az էլեկտրոնային թերթի հնչեցրած ահազանգից, Դեբեդ գետի աղտոտման խնդրի վերաբերյալ լրագրողական մոնիտորինգ անցկացրեց:

Հայաստանի տարածքում արտադրական թափոններով Դեբեդ գետի աղտոտման հիմնական աղբյուրներն են` Վանաձորի «Պրոմեթեւս Քիմպրոմ» ՍՊԸ-ն, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան եւ «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը (Ալավերդու պղնձաձուլային կոմբինատ):

Խնդրի մասին իր մեկնաբանություններն արեց Սեյրան Մինասյանը (ՀՀ բնապահպանության շրջակա միջավայրի ազդեցության մոնիտորինգի կենտրոն):

«Էական գործոններից մեկն այն է, որ Քուռ գետի ջրային ավազանում Դեբեդի ներդրումը կազմում է միայն 5%: Դրա հետ մեկտեղ, արդեն Վրաստանի տարածքում Խրամի գետի ջրհոսքը երկու անգամ գերազանցում է Դեբեդի ջրհոսքը, էլ չենք խոսում  Քուռ գետի մասին, որի մեջ թափվում են Թբիլիսիի եւ մի շարք ուրիշ քաղաքների կեղտաջրեր, ինչպես նաեւ Վրաստանի խոշոր ձեռնարկությունների թափոններ»,- նշեց Սեյրան Մինասյանը: 2008թ. անցկացված համատեղ մոնիտորինգի տվյալների համաձայն՝ Խրամի գետում պղնձի պարունակության ցուցանիշը 3 անգամ գերազանցում է Դեբեդ գետի ցուցանիշը, իսկ ցինկինը՝ 10 անգամ: Ս. Մինասյանի խոսքրով՝ Դեբեդի աղտոտվածությունը տեղի է ունենում հիմնականում կեղտաջրերի հաշվին:

Ինչ վերաբերում է ձեռնարկություններին, ապա նրանք աղտոտում են տեղի գետերը: «Փաստացիորեն տեղի գետերը դարձան պոչամբարների շարունակությունը, որտեղ նստվածք են տալիս ծանր մետաղները: Դա անթույլատրելի է»,- ասաց նա: Ասպիսով, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան աղտոտում է Ախթալա գետը, որը թեեւ Դեբեդ գետի վտակն է, սակայն նրա ներդրումը Դեբեդի ջրհոսքի մեջ աննշան է:

«ԷկոԼուր»-ի այն հարցին, թե արդյոք 2008թ. ամռանը Տավուշի մարզի բնակչության ահազանգի հիման վրա անցկացվել է Դեբեդ գետի մոնիտորինգ (խոսքը Տավուշի մարզի հատվածում Դեբեդ գետի գույնի փոփոխության մասին էր), Ս. Մինասյանը պատասխանեց, որ մոնիտորինգ իրականացվում է պլանային ձեւով՝ ամիսը մեկ անգամ, եւ ներառում է ցուցանիշներ, որոնցից 40-ը արտացոլում են ծանր մետաղների պարունակությունը: Կոնցենտրացիայի թույլատրելի սահմանի գերազանցումը  2-ից 6 անգամ դիտարկվել է հիմնականում նիտրատի, ամոնիումի, ինչպես նաեւ սուլֆատի իոնների համար:   

Ծանր մետաղների պարունակությունը նորմայի սահմաններում է եղել: Իսկ ինչ վերաբերում է ահազանգին, ապա հատուկ մոնիտորինգ չի անցկացվել: Մասնագետի կարծիքով՝ հնարավոր է, որ եղել է թափոնների առանձնահատուկ  բացթողում, որը չի կարող էական ազդեցություն ունենալ Դեբեդ գետի ընդհանուր վիճակի վրա:

Չի բացառվում նաեւ, որ ջրերի վիճակի վատթարացումը կապված է Ալավերդու գործարանի գործունեության հետ: Չնայած որ Դեբեդ գետի վրա ուղղակի ազդեցություն չկա, քանի որ կոմբինատը աշխատում է փակ ցիկլի ռեժիմով, սակայն կարող է տեղի ունենալ անուղղակի ազդեցություն. կոմբինատի արտանետումները պարունակում են մեծ քանակությամբ ծծմբային անհիդրիդ՝ ծանր մետաղների խարնուրդով:
 
«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Դեբեդի ջուրը պիտանի է ոռոգման համար, այն երկրի հիմնական ջրային պաշարներից մեկն է»,-հավելեց Սեյրան Մինասյանը:
Լրագրողական մոնիտորինգին մասնակցեց Լարիսա Փարեմուզյանը՝ լրագրող Ալավերդուց: 
Լարիսա Փարեմուզյանի նյութերը՝ ստորեւ:

DAY.AZ-Ը ՍՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ԴԵԲԵԴԸ ՄԱՔՈՒՐ ՉԷ
Լարիսա Փարեմուզյան, «Առավոտ»


Ադրբեջանական day.az էլեկտրոնային թերթն անցած շաբաթ տեղեկացրել էր, թե Վրաստանի եւ Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի՝ Սադախլո, Մամեյն, Գորարքի եւ այլն, բնակիչները հայտարարել են, որ Հայաստանից սկիզբ առնող եւ Մառնեուլի շրջանի մի քանի գյուղերով անցնող Դեբեդ գետում հայտնաբերվել են մարդու համար վնասակար նյութեր: Ըստ ադրբեջանցիների՝ վրացական իշխանությունները այս առիթով ոչ մի բան չեն անում, իսկ գետը թունավոր նյութեր է լցվում ՀՀ Ալավերդու հանքավայրերից:

Չժխտելով Դեբեդի աղտոտվածության հիմնախնդրի առկայությունը՝ հայ մասնագետներն արձանագրում են, որ հրապարակումը հիմնավորված չէ, հիմնված է ընդամենը Մառնեուլի ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչների հայտարարությունների վրա: Եթե հրապարակումը ազնիվ մտահոգություն է, այլ ոչ՝ քաղաքական շահարկում, ապա day.az-ը պարտավոր էր ներկայացնել Ադրբեջանի բնապահպանության նախարարության կողմից Վրաստանի սահմանամերձ հատվածում Դեբեդ գետի ջրերի աղտոտվածության մոնիտորինգի գոնե մեկ փաստ: day.az-ը, փոխանակ Վրաստանի կառավարության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի Քուռ գետը թափվող վրացական Խրամ գետը՝ Մառնեուլիի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից աղտոտելուն, նրանց անգործության մեջ մեղադրում է՝ Դեբեդի աղտոտվածության դեմ չպայքարելու համար:

Հարավային Կովկասի էկոլոգիական հիմնախնդիրների քաղաքականացումը երեք հանրապետությունների բնակիչների կենսական խնդրի լուծման ամենալավ տարբերակը չէ:

Միջազգային փորձագետ Սեյրան Մինասյանը կարդացել է day.az-ի հրապարակումը եւ գտնում է, որ այն իրականությանը չի համապատասխանում. «Դեբեդի աղտոտվածությունն այն կարգի չէ, որտեղ մեծ թիվ կազմեն վնասակար նյութերը, այն ֆոնային ուղղվածություն ունի: Դեբեդը լեռնային գետ է եւ հոսում է պղնձի ու բազմամետաղ հանքերի միջով, իսկ գետի աղտոտվածությունն առավել կենցաղային է»:

Սեյրան Մինասյանը գտնում է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները Անդրկովկասի էկոլոգիական հիմնախնդիրների նկատմամբ պարտավոր են փոխել իրենց պետական քաղաքականությունը. «Վրաստանը 1999 թ. հանել է Սադախլոյի մոնիտորինգային կետը, պատճառաբանելով, թե աղքատ են եւ չեն կարող այն ֆինանսավորել եւ փորձում են մեղադրել Հայաստանին»: Դեբեդի աղտոտվածության խնդրի նկատմամբ ուշագրավ են «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի մոտեցումները:

Նա համաձայն չէ Դեբեդի ինքնամաքրման տեսակետի հետ. «Ինձ համար վստահելի չէ, որ, եթե նույնիսկ ինչ-որ մի բան թափվում է Դեբեդը, ինքնամաքրման հատկության հաշվին չի հասնում մինչեւ սահմանը եւ մնում է Հայաստանում, այդ թվում՝ աղբը եւ կենցաղային թափոնները: Հանքարդյունաբերության թափոնները պարունակում են ծանր մետաղներ եւ թունավոր նյութեր, որոնք չեն քայքայվում, այլ անցնում են էկոլոգիական շղթայի մեջ եւ թունավորում են հողը, սնունդը եւ մարդկանց ու բերում ծանր հետեւանքների: Նրանք հայտնաբերվում են հատուկ մեթոդներով, մեր մոնիտորինգային կենտրոններում այդ հետազոտությունները չեն կատարվում, եթե կատարվում էլ են՝ մենք տեղյակ չենք»:

Դեբեդում վնասակար նյութերի ներկայության արմատական ուսումնասիրման խնդիրը կարեւորեց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը. «Մենք արդեն մի քանի տարի դիմում ենք ՀՀ կառավարությանը եւ ծրագրեր ենք առաջարկում Դեբեդում էկոլոգիական հետազոտություններ կատարելու համար, կառավարությունն այդ ծրագրերը չի ֆինանսավորում: Նման ուսումնասիրություններ մենք կատարել ենք Քաջարանում եւ Կապանում եւ գտել ենք ռիսկի գոտիները: Հարցի լուծման համար Ալավերդու քաղաքապետը կարող է դիմել եվրոպական կառույցներին, որը չի անում»:

Ըստ ՀՀ բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչ Աշոտ Դարչինյանի, Դեբեդ գետի աղտոտվածության հիմնական աղբյուրները Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանն են. «Հիմնականում այս երկու ձեռնարկություններն են, քանի որ Վանաձորի «Պրոմեթեւսը», կարելի է ասել, չի աշխատում»:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից միանշանակ հերքեցին ընկերության որեւէ ձեռնարկությունից թույլատրելի սահմանային խտությունը գերազանցող պարունակությամբ որեւէ արտահոսք դեպի Դեբեդ, իսկ անդրադառնալով day.az-ի հրապարակմանը, տեղեկացրին. «Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամի» կողմից շահագործվող հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան աշխատել են ջրի փակ շրջանառու համակարգով, 2008թ. նոյեմբերից էլ հանքն ու ֆաբրիկան դադարել են գործել»:

Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Դեբեդում ձուկ գտնելը երազանք էր, այսօր Փամբակից մինչեւ Բագրատաշեն շատ հայ ձկնորսներ իրենց անապահով ընտանիքները կերակրում են կարմրախայտ, բեղլու եւ Դեբեդում խայտացող այլ ձկնատեսակներով: Սակայն սա չի նշանակում, թե գետը չունի լուրջ խնդիրներ: Վտանգավոր, թե անվտանգ արտահոսքերի հետ գետն են թափվում Փամբակ, Թումանյան, Ալավերդի, Ախթալա համայնքների կոյուղու կեղտաջրերը, կենցաղային աղբը, գետեզրերին տեղավորված մանր ձեռնարկությունների՝ քարհանքերի, բենզինի լցակայանների թափոնները, այս տեսանկյունից էլ գետը էկոլոգիական հետազոտության լուրջ կարիք է զգում: Դեբեդն՝ իր անաղարտությունը վերականգնելու համար, անկախ day.az-ի քաղաքականացված հրապարակումից, հայցում է ՀՀ կառավարության ուշադրությունը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՂԲԸ ԴԵԲԵԴ ԳԵՏՈՒՄ
Լարիսա Փարեմուզյան, «Հետք»


Ալավերդու քաղաքապետարանի  «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ -ն  վերջին  տարիներին քաղաքի բնակչության և հիմնարկ-ձեռնարկությունների  օրական 3  ավտոմեքենա տնտեսական աղբը լցնում է  Դեբեդ գետը, քանի որ  Ալավերդին աղբակուտակիչ  չունի: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ին համայնքի բյուջեից քաղաքի աղբահանության և փողոցների մաքրման համար տարեկան 35 մլն դրամ է հատկացնում:

Աղբակուտակիչ  կառուցելու լավագույն ցանկության դեպքում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ձևավորած բյուջեում, իհարկե, ֆինանսական միջոցներ կարող է գտնել, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից քաղաքապետարանին հատկացվել են  70-100 մլն դրամ բնապահպանական նպատակային վճարներ, որոնք միտված են նաև ջրային ավազանների պահպանությանը:

Ավելացնենք նաև, որ Ալավերդի քաղաքի կոյուղու մաքրման կայանը 1991թ.-ից չի շահագործվում, որի հետևանքով էլ Ալավերդու կոյուղու կեղտաջրերն առանց մաքրման նույնպես թափվում են Դեբեդ գետը (ամիսը՝ ըստ քաղաքապետարանի 58,6 հազար խմ):

Փետրվար 19, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր