Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը շեղող միջոց

Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը շեղող միջոց

ԷկոԼուր, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը

«Բնություն թե փող» ակցիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւ «Չենք լռելու» երիտասարադական նախաձեռնությունը տարածել են համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

««ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մատույցներում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ Բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են անփոփոխ:

Այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը, ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն, ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

Փաստաթղթերը ստորագրած անձիք` առաջին հերթին ՀՀ բնապահպանության նախարարը, պետք է հետ կանչեն իրենց ստորագրությունները: Հակառակ դեպքում «Ռոբշին» ՍՊԸ-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չի ունենա, եւ ընկերությունը ցանկացած պահի կարող է հրաժարվել, այսպես ասած, բարի կամք դրսեւորելուց, ինչն իրականում կամայականություն է, եւ իրեն հարմար ժամանակ սկսի շինարարությունը: կամայականությանը պետք է  փոխարինի օրենքը:

Նոյեմբեր 01, 2011 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր