

ԷկոԼուր
Դեռ 2012թ. հունվարին «ԷկոԼուր»-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն` ահազանգելով «Սագամար» ընկերության արդյունաբերական թափոններով Ձորագետի աղտոտման մասին, որը զբաղվում է Արմանիսի հանքավայրից (Լոռու մարզ) ոսկու արդյունահանմամբ եւ արտադրությամբ: Արդեն մի քանի ամիս հասարակական կազմակերպությունները` մասնավորապես «Լոռե» էկոակումբը, կոչ են անում դադարեցնել Ձորագետի աղտոտումը: Ահազանգ բարձրացրեց նաեւ Կանաչների կուսակցությունը, այլ ակտիվ մարդիկ, ովքեր եղել են տեղում եւ համոզվել, որ կանոնավոր կերպով գետ են թափվում անհայտ ծագման թափոններ` փոխելով գետի գույնը: Դա տեղի է ունենում մի քանի օրը մեկ:
Այս խնդրի առնչությամբ «ԷկոԼուր»-ը պաշտոնապես դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն` նշելով, որ այդ տեղեկատվությունը փոխանցվում է թեժ գծով, եւ պահանջեց Ձորագետի` արդյունաբերական թափոններով աղտոտման փաստի հիման վրա շտապ տեսչական ստուգումներ անցկացնել: Այսօրվա դրությամբ մենք ունենք հետեւյալ արդյունքները: ՀՀ բնապահպանության նախարարությունը մինչ օրս չի պատասխանել «ԷկոԼուր»-ին, տեսչական ստուգումներ չեն անցկացվել, եւ Ձորագետի մեջ շարունակում են լցնել արդյունաբերական թափոններ:
Լուսանկարը` Մանյա Մելիքջանյանի
Մարտ 01, 2012 at 11:30
