ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ 2010-ԻՆ

ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ 2010-ԻՆ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Ամեն տարի՝ ամռանը, Երեւանյան լճի կողքով անցնելիս, գարշահոտություն շնչելը դարձել է սովորական երեւույթ: Ամռանը` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, լճում, իսկ ավելի ճիշտ` արհեստական այս ջրամբարում, ակտիվանում են ճահճացման պրոցեսները: Երեւանյան լիճը վերջնականապես մաքրելու եւ խնդիրը լուծելու մասին խոսակցություններ պարբերաբար լինում են, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս: Հիմա էլ Երեւանի քաղաքապետարանի հաշվարկներով խնդիրը հնարավոր է լուծել 2010թ.: Թե որքանով իրականություն կդառնան այս հաշվարկները, դեռ վաղ է ասել:

Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի կարծիքով, այժմ Երեւանյան լճում նորմալ իրավիճակ է,  առանձնապես աղտոտվածություն չկա: Մեր այն հարցին, թե ինչու է այդ դեպքում լճի շրջակայքում, մեղմ ասած,  ոչ հաճելի հոտ տարածվում, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց, թե հոտը լճի մաքրության հետ կապ չունի, այն լճին բնորոշ հոտ է դարձել: Ճիշտ այսպիսի պատասխան սովորաբար տալիս է կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը, երբ նրան հարցնում են, թե ինչու է այգուց վատ հոտ գալիս: Այգու տնօրենը պատասխանում է, որ դա կենդանաբանական այգիներին բնորոշ հոտ է եւ կապ չունի մաքրության հետ, այնինչ այլ երկրների կենդանաբանական այգի այցելողներն այլ բան են պնդում:

Սա ի միջի այլոց, վերադառնանք Երեւանյան լիճ: Այն վերջնականպես աղտոտումից եւ ճահճացումից փրկելու համար քաղաքապետարանը մշակել է ծրագիր, որը կարժենա 2.7միլիարդ դրամ: Ծրագիրը դեռ կառավարությանը չի ներկայացվել, բայց նախատեսվում է, որ 2010թ. աշխատանքները կսկսեն: Հարցին, թե որքանով է իրատեսական համարում այդպիսի ծրագրի հաստատումը համաշխարհային ճգնաժամի պայմաններում, հատկապես որ տնտեսագետները հաջորդ տարվա համար էլ լավատեսական գնահատականներ չեն հնչեցնում, պարոն Բասենցյանը պատասխանեց. «Դե դա ես արդեն չեմ կարող ասել»: Ֆրունզե Բասենցյանը հաստատ գիտի մի բան՝ լճի խնդրի  գլոբալ լուծումը կլինի ծրագրի իրականացումը:

Ծրագրի էությունն այն է, որ 1.2 միլիարդով լճի հատակն են մաքրելու, որտեղ հարյուրավոր տոննաներով տիղմ կա կուտակված: Մինչ կհաջողվի 2.7 միլիարդանոց ծրագիրը կյանքի կոչել, լիճը այլ տեսակի մաքրման չի ենթարկվում, չհաշված «կոսմետիկ» աշխատանքները: «Պարբերաբար լիճը,  շրջակայքը շշերից ու կենցաղային այլ իրերից մաքրվում է, բայց ուրիշ տեսակ մաքրում չի կատարվում»,- ասաց Ֆրունզե Բասենցյանը: Տիղմի մաքրումից բացի ենթադրվում է նաեւ ավելի մաքուր ջրի մուտք դեպի լիճ, իսկ դա նշանակում է, որ 1.5 միլիարդ դրամով էլ ծրագրում են կառուցել կոլեկտոր Հրազդան գետի համար, որ ջրերը հոսում են նաեւ Երեւանյան լիճ: Ի դեպ,  մեր դիտարկումները, թե Հրազդան գետը աղտոտված է կենցաղային կոյուղաջրերով, ինչը բնականաբար ազդում է լճի մաքրության վրա, Ֆրունզե Բասենցյանն այնքան էլ չկիսեց եւ ասաց, որ լճում միայն, որոշ ուսումնասիրությունների համաձայն, սնդիկն է  գերազանցվում:

«Հայէկոմոնիտորինգի» ՊՈԱԿ-ի ամենամսյա մոնիտորինգի տվյալներով, սակայն, լիճը այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվում: Նկատենք, որ կենտրոնի ամենամսյա թողարկումներում, Երեւանյան լիճն առանձին չի հիշատակվում եւ միայն մեր խնդրանքից հետո կենտրոնը տրամադրեց տվյալները: Այս տարվա հինգ ամիսների մոնիտորինգի համաձայն, բոլոր ամիսներին դիտարկվող ցուցանմուշների գերազանցումներ նկատվում են: Բացի հունվարից, որի ընթացքում 29 ցուցանիշ է  ուսումնասիրվել,  մյուս ամիսներին դիտարկվել է 49 ցուցանիշ: Հունվար ամսին աչք է զարկում հատկապես ԴԴՏ-ի 9.7 անգամ գերազանցումը, իսկ այն որ ԴԴՏ-ն թունավոր է շրջապատի համար, հայտնի է անգամ ոչ մասնագետներին: Փետրվար ամսին, օրինակ,  սահմանային թույլատրելի կոնցետրացիաներից գերազանցվել է 10 ցուցանիշ, որոնցից առավել նկատելի են վանադիումի գերազանցումները` 20 անգամ, քրոմինը`  6 անգամ, սելենը` 3 անգամ:

Մարտ ամսին վանադիումի գերազանցումները հասել են 15-ի, ալյումինը 15.3 անգամ է գերազանցվել, քրոմը՝ 9 անգամ, մյուս ցուցանիշների գերազանցումները մինչեւ 3 անգամ էին: Ապրիլ եւ մարտ ամիսների պատկերը համարյա չի փոխվում: Այն, որ 49 ցուցանիշից միայն 10 են գերազանցվում, մեզ, իհարկե,  ուրախանալու տեղիք չի տալիս, քանի որ սահմանային թույլատրելի կոնցետրացիաները հենց նրա համար են սահմանված, որ դրանք չգերազանցվեն: Այնպես որ, այսօր խոսել այն մասին, թե Երեւանյան լճում ջրի վիճակը լավ է, հեռու է իրականություն լինելուց: Մեզ մնում է պարզապես հուսալ, որ մաքուր Երեւանյան լիճ տեսնելու հեռանկարը  չի մտահոգի հետագա սերունդներին, այլապես «Արմենիա»  հեռուստաընկերությամբ վերջերս ցուցադրվող հումորապատումներից մեկը, երբ Երեւանյան լճի խնդրով զբաղվող պաշտոնյա հայրը դուստրերի մոտ խայտառակ է լինում  լճի աղտոտման համար, կարող է հավերժ արդիական մնալ:

Հուլիս 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր