

Նելլի Դանիելյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Շիրակի մարզի Ղազանչի գյուղի բնակիչները սպառնում են փակել միջպետական ավտոճանապարհը, եթե քայլեր չձեռնարկվեն իրենց խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ, իսկ մինչ այդ քամում են ջրում եղած կեղտն ու որդերը, եռացնում, իսկ լավագույն դեպքում ավտոմեքենաներով ջուր են բերում հարեւան գյուղերից, նույնիսկ Գյումրիում ապրող բարեկամների տներից:
Աշոցքի տարածաշրջանի Ղազանչին մեկ դժբախտություն ունի` ջուրը: Դեռ 60-ական թվականներին գյուղի տարածքում գտնվող բնական աղբյուրների պատճառով ավիրվել է գյուղի եկեղեցին, իսկ Ղազանչին տեղափոխվել՝ հետագա ավերածություններից խուսափելու համար: Աղբյուրների ջուրը մղվել է դեպի Գյումրի` խմելու ջրով ապահովելով նաեւ տարածքի մյուս բնակավայրերը: Իսկ նորակառույց Ղազանչիին նոր անհաջողություն է պատուհասել: Բախտի քմահաճույքով գյուղն այժմ անջուր է մնացել: Բարձրադիր դիրքի պատճառով գյուղի ջրամատակարարումն ինքնահոս եղանակով ապահովելն անհնար է: Իսկ պոմպակայանն աշխատում է օրվա ընթացքում 4 ժամ` 2 ժամ առավոտյան, 2 ժամ երեկոյան: Մնացած ժամերին գյուղ հասնող ինքնահոս ջուրը գյուղացիները վախենում են անգամ անասուններին տալ:
Ի դեպ, բացառապես այս որակի ջրով է գյուղը գոյատեւել հունիսի առաջին կեսը: Քանի որ այդ ընթացքում պոմպակայանն ընդհանրապես չի աշխատել: Հայջրմուղում պատճառաբանում են ջրի վարձավճարներից կուտակված շուրջ 3 մլն դրամի պարտքը, որից ավելի քան 2 մլն-ը կուտակվել է վերջին մեկ տարում, երբ ջրի վարձը գյուղացիների համար անսպասելի կտրուկ թանկացել է` 150-ից դառնալով 900 դրամ` մեկ անձի համար: Վարձավճարները գյուղում անձով են հաշվարկվում, քանի որ ջրաչափեր տեղադրված չեն:Հայջրմուղկոյուղու հյուսիս-արեւմտյան մասնաճյուղի «Աշոցքի» տեղամասի պետ Արկադի Հասրաթյանը մեկնաբանում է. «Եթե բնակիչը չունի ջրաչափ, հաշվարկը կատարվում է 1 անձի համար օրական 200 լիտր ջուր: Եթե 30 օրը բազմապատկում ենք 200-ով, ստացվում է 600 լ ջուր: Դա էլ բազմապատկում ենք 154 դրամ սակագնով, ստանում ենք այս թիվը»:
Ի դեպ, այս գումարները գանձելու որեւէ պայմանագիր սպառողների հետ Հայջրմուղը չունի: 2008թ-ին կնքված միակ պայմանագիրը գյուղապետարանի հետ ամրագրվել է նախկին սակագնով: Դրանում, Հայջրմուղից ջուր գնող կողմ էր հանդիսանում գյուղապետարանը, որն այնուհետեւ այն մանրածախ գնով տրամադրում էր գյուղացիներին: Այս պարտավորությունից, սակայն, շուրջ մեկ տարի առաջ գյուղապետարանը հրաժարվեց, իսկ նոր պայմանագիր մինչ օրս չի կնքվել: «Բնակիչների հետ անձամբ մենք` գյուղապետարանը, պայմանագիր չունենք, հայջրմուղն էլ չունի: Նախկին պայմանագիրը եղել է հայջրմուղի եւ գյուղապետարանի միջեւ»,-պատմում է Ղազանչիի գյուղապետ Քաջիկ Թովմասյանը:
Պայմանագրերի բացակայությունը չեն թաքցնում նաեւ ջրմուղում: «Գյուղը մինչեւ էսօր պայմանագիր չի կնքել, բնակչությունը անհատական, ինչպես մյուս սպառողները, չի կնքել մանրածախի պայմանագիր»,- նշում է Արկադի Հասրաթյանը:
Խնդրի լուծումն, ըստ ջրմուղի կարող է լինել միայն ջրաչափերը տեղադրելը: Իսկ գյուղացիները դրանից հրաժարվում են, քանի որ մինչ օրս օգտվում են կես դարյա հնությամբ ներքին ցանցից` բակերում տեղադրված ծորակներն էլ փականներ չունեն, ուստի նախ պահանջում են փոխել ցանցը, ապա միայն պարտադրել ջրաչափերը: Ի պատասխան՝ Հայջրմուղում հիշեցնում են, որ դա իրենց պայմանագրային պարտավորությունը չէ, այլ համայնքի ղեկավարության: Ինչ վերաբերում է իրենց պարտավորություններին` սպառողին ապահովել 12-ժամյա բարձր որակի ջրամատակարարմամբ, «Աշոցքի» տեղամասի պետը չի թաքցնում, որ այս հարցում իրենք թերացել են` գյուղը սնուցող 2 խողովակներից մեկով անգամ ջրամատակարարման ժամերին անհայտ որակի ջուր է հոսում: «Մի պոմպկայանի ջուրը չի քլորացվում, որովհետեւ անմիջապես ցանցին է միացված, իսկ մյուսը բարձրանում է ջրահավաք ավազան, այնտեղ քլորացվում, նոր տրվում սպառողին»,- բացատրում է Հայջրմուղկոյուղու հյուսիս-արեւմտյան մասնաճյուղի «Աշոցքի» տեղամասի պետը:
Ջրմուղում խոստանում են` շուտով կառուցվելու է նոր պոմպակայան, գյուղը ոչ միայն 12, նույնիսկ 24 ժամ մաքուր ջուր է ունենալու: Բայց նույնիսկ եթե խոստումներ իրականան, Ղազանչիի խնդիրները դրանով չեն վերանա: Խմելու ջուրը գյուղում միակն է, այն եւ խմելու եւ ոռոգման համար է: Հենց այստեղ է թաքնված բուն պատճառը, թե ինչու են գյուղացիները հրաժարվում ջրաչափեր տեղադրելուց: Մինչդեռ ոչ վաղուց անցյալու գյուղն ունեցել է ոռոգվող բերրի ցորենի արտեր, որով բավարարվել են ողջ տարածաշրջանի կարիքները: Բայց սա արդեն այլ հարթության խնդիր է:
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՈՒ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ» ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ԳՆՈՒՄ
Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Շիրակի մարզի Ղազանչի գյուղի բնակիչները քսանչորս օր զրկված են եղել խմելու ջրից: «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը հունիսի 1-24-ը ջրազրկել էր գյուղը եւ սպառնում է նույնը կրկնել հուլիսի 15-ից: Գյուղացիները պնդում են, որ ընկերությունը խաբեությամբ իրենց վրա ջուրը թանկ է ծախել առանց իրենց իմացության,«Հայջրմուղկոյուղին» էլ պատճառաբանում է, որ գյուղացիներն ամեն ինչի մասին տեղեկացված են եղել, պարզապես հրաժարվում են պայմանագիր կնքելուց:
Գյուղի բնակիչները, որոնք զրկված էին եղել ջրից եւ ստիպված են եղել կասկածելի որակի ջուր խմել գյուղի բաց աղբյուրներից, վախենում են, որ նորից նույն խնդրի առջեւ են կանգնելու: Հուսալով, որ լրագրողների այցը կսթափեցնի «Հայջրմուղկոյուղուն», նրանք խնդրել էին լրագրողներին գալ, լուսաբանել խնդիրը: Եւ հենց լրագրողները եկան գյուղը, ամբողջ գյուղը հավաքվեց գյուղապետարանի շենքի մոտ եւ սկսեցին բոլորով միաժամանակ խոսել եւ պատմել իրենց ցավ ու դարդի մասին: «Հմի չգիտես ջուրն ու՞մն է, կգան կըսեն փող տուր, հա փող տամ, բայց ջուր տուր ընձի, 2000 հազար փող հավաքեցինք, որ ջրի հարցը կարգավորեն, էն էլ էդպես էլ մնաց»,- բողոքում էին գյուղի բնակիչները: Չնայած ջրի խնդրի մասին պատմելու մեծ ցանկությանը, շատերը տեղյակ չէին, թե ինչու է այդ խնդիրը ծագել եւ ինչպես է հնարավոր լուծել: Գյուղացիները միայն գիտեին, որ իրենք ունեն պարտքեր: «ՙՉիդեմ, կըսեն վարձը չենք մուծել»,- ասում էր ղազանչեցի Սուրեն Մելքոնյանը: Գյուղապետ Քաջիկ Թովմասյանը թեեւ ավելի մանրամասն ինֆորմացիա տվեց, սակայն նա նույնպես ստեղծված թնջուկից ամբողջովին չէր կարողանում գլուխ հանել: «Մեր ջուրը` Ղազանչու ջուրը, որը վայրկյանում 1500 լիտր ջուր է մղում եւ Շիրակի գոտու առնվազն 70%-ին ապահովում էր մաքուր խմելու ջրով, տրված էր «Շիրակ ջրմուղին»:
Մինչեւ 2008թ. օգոստոսի 1-ը մեծածախ գնով տրվել էր համայնքին, մեծածախ գինը կազմում էր 51.49 լումա մեկ խորանարդ մետրը: Բայց դրանից հետո տրվեց «Հայջրմուղին»: Հիմա մենք ոչ մի տեսակի պայմագիր չունենք, մնացել ենք առաջվա պայմանագրով, բայց իրենք հաշվում են մեծածախով` 154 դրամով»,- պատմեց գյուղապետը: Հարցին, թե որն է պատճառը, որ բնակիչների եւ Աշոցքի տարածաշրջանի «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության միջեւ պայմանագիր չի կնքվել, գյուղապետը պատասխանեց, թե գյուղացիները տարաձայնություններ ունեին եւ բացի այդ նրանք իրենց համարում են արդեն մեկ անգամ խաբված: Խնդիրն այն է, որ 1960-ական թթ. գյուղը տեղահանվել է, որպեսզի նախկին գյուղատեղում եղած աղբյուրներն օգտագործվեն եւ կառուցվեն կապտաժներ: Գյուղացիների պատմելով, հին գյուղատեղում ե՛ւ ոռուգման, ե՛ւ խմելու ջուր են ունեցել, ինչից այսօր զրկված է գյուղը: Ունեցել են ջրաղացներ, ցորենի արտեր, եւ բնակիչներին պետությունն ավելին է խոստացել, եթե տեղափոխվեն աղբյուրներից քիչ հեռու: Բայց քանի որ խոստումներն իրականություն չեն դարձել, հիմա գյուղացիները ոչ մեկի խոսքին էլ չեն հավատում եւ պայմանագիր չեն ցանկանում կնքել:
«Հայջրմուղկոյուղի» հյուիս-արեւմտյան տարածքային մասնաճյուղի Աշոցք տեղամասի պետ Արկադի Հասրաթյանը եւս այս հանգամանքն է շահարկում: «Իրենք ասում են` մեր պապերի ջուրն է, մենք փող չենք տա»,- ասաց Արկադի Հասրաթյանը: Գյուղացիներից, սակայն, շատերն այդ տեսակետի կողմնակիցը չեն, գոնե ներկա եւ նախկին գյուղապետերն այդպիսի բան չասացին: «Հիմնական տարբերակը ջրաչափն է, էդիկ վատ տարբերակ չէ, բայց անասնապահական երկիր է, կարտոշկա կցանեն, որ դնես ջրաչափ, հնարավոր չէ էնդքան»,- ասաց Քաջիկ Թովմասյանը: Նախկին գյուղապետ Ստեփան Մխիթարյանը եւս ասում էր, որ ջրաչափերից չեն հրաժարվում, բայց մինչ այդ թող ընկերությունը մինչեւ բաժանորդի տուն հասցնի ջուրը եւ ապահովի նորմալ որակի ջրով. «Ջուրը ինչ էն 40 տարվա ցանցով եկել է, նույն ցանցով կուգա: Ոչ սանիտարական պայմաններ են, ճիճու կուգա, անձրեւաջուր կուգա»: Ի դեպ, «Հայջրմուղկոյուղի» պետի պատմելով, այս խառնաշփոթը ստեղծվել է հենց նախկին գյուղապետի մեղքով: Արկադի Հասրաթյանը հավաստիացրեց, որ նախկին գյուղապետ Ստեփան Մխիթարյանն ինքն է ընկերությանը խնդրել, որպեսզի սպասարկման իրավունքները գյուղապետարանից վերցնեն եւ իրականացնեն ջրի մանրածախ վաճառք, չնայած 2008թ. օգոստոսին ընկությունն ու գյուղապետարանը կնքել են մեծածախի պայմանագիր:
Մեր հարցին, թե արդյո՞ք գյուղացիները պատշաճ կերպով տեղեկացվել եւ հասկացել են, թե ինչ է կատարվելու, եթե ջրամատակարարման իրականացումից գյուղապետարանը հրաժարվի, Արկադի Հասրաթյանը պնդեց, որ եղել է գյուղի ավագանու նիստ, որին ներկա են եղել նաեւ գյուղացիներ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սպասարկումն իրականցնում է «Հայջրմուղկոյուղին», իսկ ջրի վաճառքն այդուհետեւ իրականացվելու է մանրածախ: Հետաքրքիրը սակայն այն է, որ պայմանագիր ոչ գյուղապետարանի, ոչ էլ բաժանորդների ու ընկերության միջեւ չի կնքվել, բայց «Հայջրմուղկոյուղին» սկսել է 1խմ-ը 154դրամով հաշվարկել: Հարցին, թե գյուղացիները դժգոհում են, որ ընկերությունն իրենց պարտադրում է ամսական 924 դրամ վճարել, Արկադի Հասրաթյանը պատասխանեց, որ իրենք օրենքով են դա հաշվարկել, հղում կատարեց կառավարության 2004թ. 130Ն որոշման վրա եւ հաշվարկեց, որ բաժանորդը, եթե չունի ջրաչափ, մեկ անձի համար օրական 200լ ջուր է օգտագործում, հետեւաբար ամսական 6000լիտր` 6խմ ջուր, դա էլ բազմապատկվում է 154դրամով, ստացվում է այդ գումարը: «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցն անհիմն համարեց նաեւ գյուղացիների այն փաստարկը, թե չեն կարող ջրաչափ տեղադրել եւ ջուրն օգտագործել նաեւ գյուղատնտեսական նպատակով: Արկադի Հասրաթյանի համոզմամբ, դա իրենց խնդիրը չէ, թող կառավարությունը որոշի: Միակ դժգոհությունը, որն ընդունելի էր նրա համար, վերաբերում էր ջրի որակին:
Գյուղացիները դժգոհեցին, որ խմում են շատ վատ որակի ջուր եւ օրական լավագույն դեպքում 4 ժամ ջրամատակարարում է լինում: Արկադի Հասրաթյանն ընդունեց, որ գյուղին տրվող ջուրը չի քլորացվում, ցանցն իսկապես հին է, բայց «Հայջրմուղկոյուղին» խոստանում է մոտակա ժամանակներս ուղղել իր թերությունները, եթե ղազանչեցիները դառնան օրինապաշտ բաժանորդ: Այս խճճված եւ հակասական պատմության մեջ ակնհայտ է մի բան, որ կողմերն անզիջում են, գյուղացիները նույնիսկ սպառնում են Շիրակի մարզի մյուս բնակավայրերի ջուրը կտրել կապտաժների փակման միջոցով, ընկերությունն էլ պնդում էր, թե հուլիսի 15-ից դարձյալ ջրազրկելու է գյուղը մինչեւ ջրաչափ չտեղադրեն:
ՂԱԶԱՆՉԻՆ ԿԱՐՈՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Ղազանչի գյուղը այս ամսվա 15-ից ջրազրկվելու վտանգի տակ է։ Անցյալ ամիս նշված համայնքն արդեն տեւականորեն զրկվել է խմելու ջրից, բնակչությունը հայտնվել է ծանր վիճակում եւ հուսահատված սպառնացել փակել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը։
Շնորհիվ WWF միջազգային բնապահպանական կազմակերպության հայաստանյան գրասենյակի, լրագրողները տեղեկացան հիմնախնդրին եւ այցելեցին Ղազանչի ու Աշոցք։ Ղազանչիի խմելու ջուրն իր որակական հատկանիշներով Հայաստանի թերեւս լավագույն ջուրն է։ Այստեղի ջրակունքներից են սնուցվում Գյումրին եւ մի քանի տասնյակ համայնքներ։ Ջրառատ Ղազանչիի բնակչությունը ջրի որեւէ խնդիր չի ունեցել։ Սակայն խորհրդային տարիներին գյուղը ջրաղբյուրների մոտից մոտ 2 կիլոմետր տեղափոխվելով, հիմնվել է ներկայիս վայրում։
Քանի որ Գյումրիի եւ այլ բնակավայրերի ջրի պահանջարկն ավելացել է, կարիք է եղել նոր ջրաղբյուրներ բացելու։ Կատարվել են պայթեցումներ, ինչի հետեւանքով քանդվել է Ղազանչիի եկեղեցին։ Այն ժամանակ ջրմուղի եւ շրջանի ղեկավարությունը հանգստացրել են բնակչությանը, որ երբեւէ ջրի խնդիր չեն ունենա, ջուրը աղբյուրներից կհասցվի նրանց։ Կառուցվել է խողովակաշար, ջուրն ինքնահոս եղանակով հասցվել է բնակիչներին։ Սակայն տասնամյակների ընթացքում այդ խողովակաշարը քայքայվել է, ավելին՝ 90-ական թթ. առաջին կեսին խողովակաշարի վրայով անցած տանկը ճզմել, շարքից հանել է այն։
Ղազանչին այժմ ջուրը ստանում է պոմպերի միջոցով, խողովակաշարով։ Պոմպերի շարժիչները հսկայական էլեկտրաէներգիա են ծախսում, իսկ էլեկտրաէներգիան վաղուց այլեւս 2 կոպեկ չէ, ինչպես խորհրդային տարիներին էր։ Խնդիրը, սակայն, նաեւ դրանով պայմանավորված, ջրի բարձր վարձավճարը չէ։ Գյուղացիներն ըմբոստանում են, քանի որ անարդարության են բախվել. փաստորեն չեն ստանում այնքան ջուր, որի դիմաց պահանջվում է գումարը։
-Գալիս միայն ասում են՝ փող տուր, հա, փող տամ, բայց թող ջուր տան ինձ,- ասաց Ղազանչիի բնակիչ, 82-ամյա Եսայի Միքայելյանը։ -24 օր ջուր չեն տվել, ձեր գալուց մոտ 6 օր առաջ տվեցին։ Ջուրը տալիս են 2 ժամ առավոտը, 2 ժամ իրիկունը։ Այդքան ջրի դեպքում ի՞նչ են ուզում մեզանից։
Ղազանչիի գյուղապետ Քաջիկ Թովմասյանի տեղեկացմամբ, պայմանագիր են ունեցել եւ նախկինում 1 խմ-ն 51 դրամ 49 լումայով գնել են «Հայջրմուղկոյուղուց» եւ նույն գումարով վաճառել բնակչությանը։ Խնդիրն այն է, որ երբ գյուղապետարանը ինքն է «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանագրային կողմ, ինքն է գնում ջուրը, ապա այդ դեպքում գյուղի ներքին ջրացանցի («Հայջրմուղկոյուղու» ջրաչափից հետո) սպասարկումն էլ ինքն է պարտավոր իրականացնել։ Սակայն նախկին գյուղապետը մի գրություն է ուղարկել կառավարություն եւ հայտնելով, որ ի վիճակի չէ իրականացնել ներքին ցանցի սպասարկումը, խնդրել է, որ «Հայջրմուղկոյուղին» այդ աշխատանքն ինքը կատարի եւ ջուրը միանգամից իրացնի բնակիչներին մանրածախ վաճառքի գնով։ Նախկին գյուղապետն այս գրությամբ փորձել է ազատվել գլխացավանքից, սակայն դրանից հետո հիմնախնդիր է առաջացել ղազանչեցիների համար։
Հիշյալ գրությունից հետո «Հայջրմուղկոյուղին» ըստ ընկերության «Աշոցք» տեղամասի պետ Արկադի Հասրաթյանի, կառավարությունից հանձնարարական է ստացել եւ սկսել է ջուրը մանրածախ գնով հաշվարկել եւ իրացնել միանգամից բնակիչներին։ Կարծում ենք, այս տարբերակն ընկերությանը ֆինանսապես ավելի ձեռնտու է։ Ընկերությունը համարում է, թե մեկ բնակիչն օրական 200 լիտր (ամսական՝ 6000 լ) ջուր է օգտագործում, եւ այդ 6 խմ-ի դիմաց, ջրի սակագնի բարձրացումից հետո 1 խմ-ն 154 դրամ հաշվարկելով, գյուղի յուրաքանչյուր բնակչի հաշվով պահանջում է 924 դրամ։ Սա, իհարկե, անարդարացի է, քանի որ իրականում յուրաքանչյուր բնակչի հաշվով օրական 200 լիտր ջուր չի ստացվում։
Ըստ Ղազանչիի գյուղապետի, այժմ համայնքի ջրի ամբողջ պարտքը 2986000 դրամ է, իսկ «Հայջրմուղկոյուղու» ջրաչափից մինչեւ համայնք ջրի տեխնիկական կորուստը հասնում է շուրջ 80 տոկոսի։
Կարծում ենք, մինչեւ ջրաչափերի տեղադրումը եւ հիմնախնդրի արմատական լուծումը, պետք է ժամանակավորապես վերականգնել ջուրը մեծածախ գնով համայնքին վաճառելու նախկին կարգը։
Հուլիս 23, 2009
