

ԷկոԼուր
Մեկ փաթեթով փոքր ՀԷԿ-երի կառուցման համար գումար գտնելը Հայաստանում նոր նախաձեռնություն է: www.nature-ic.am կայքում փոքր ՀԷԿ-ի երկու նախագիծ է տեղադրված` «Սեդվի-1» եւ «Սեդվի-2»: «Սեդվի էներջի» ընկերության երկու նախագծերն էլ ֆինանսավորման են ներկայացված Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի (CDM) գործընթացի շրջանակներում: Այն ներկայացրել է ավստրիական «Energy Changes Projectenwicklung GmbH» ընկերությունը: Գործընթացն իր սեփական պահանջներն ունի նախագծերի ընտրման համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության օբյեկտիվ գնահատական, վնասի բացակայություն կամ դրա ամենաքիչ չափ, տնտեսական եւ սոցիալական հասույթները:
«Սեդվի-1»-ի եւ «Սեդվի-2»-ի դեպքում երկու նախագծերը ներկայացվել են փաստաթղթերի մեկ փաթեթով: Հիմնականում տրված են տեխնիկական բնութագրերը, բերվaծ է հաշվարկների մեթոդաբանությունը, աղյուսակներ, ինչպես նաեւ CO2-ի արտանետումների նվազեցման հաշվարկները: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) ներկայացված է ընդհանուր տեսքով: Չկա այդ տարածքում գտնվող բույսերի եւ կենդանիների նկարագություն, որտեղ գետը մտնում է խողովակի մեջ, եւ գնահատական այն մասին, թե ինչ տեսակներ կարող են վերանալ: Չկա լանդշաֆտների վրա ազդեցության գնահատական: Չկա սեյսմիկ ռիսկի գնահատական, սողանքի վտանգի գնահատական, թեպետ Լոռու մարզի մի մասը գտնվում է սողանքային գոտում:
Հասարակական լսսումների արձանագրությունների հետ կարելի է ծանոթանալ www.aarhus.am կայքում` Վանաձորի Օրհուս կենտրոնի նյութում: Նյութից պարզ է դառնում, որ լսումները տեղի են ունեցել միեւնույն օրը` 2011թ. դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Կաճաճկուտ եւ Աքոր համայքներում: Կաճաճկուտում հասարակական լսումներին մասնակցել է 6, Աքորի գյուղում՝ 7 հոգի` միայն համայնքի ղեկավարները, ավագանու 3-4 անդամ, «Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ»-ի փորձագետը եւ նախագծերն իրականացնող «Սեդվի էներգո»-ի ՍՊԸ-ի տնօրենը:
Արձանագրություններում նշված է, որ տնօրենը պատասխանել է բազմաթիվ հարցերի, սակայն արձանագրություններում ոչ հարցեր կան, ոչ պատասխաններ: Միայն ասված է, որ մասնակիցները հավանություն են տվել նախագծին եւ բնապահպանական միջոցառումներին:
«Սեդվի-1»-ի եւ «Սեդվի-2»-ի ՇՄԱԳ-ը գործնականում չի տարբերվում փոքր ՀԷԿ-երի այլ նախագծերից: Խնդիրն այն է, որ Հայաստանում չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համալիր եւ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն: Եւ հասկանալի չէ, թե ինչի հիման վրա է բնապահպանական փորձաքննությունը դրական կամ բացասական եզրակացություն տալիս այս կամ այն նախագծին: Չկա նաեւ տնտեսական եւ սոցիալական ազդեցության գնահատման մեթոդաբանություն:
Չկա համայնքների իրավիճակի մասին մոնիտորինգի տվյալներ, որտեղ գործում են փոքր ՀԷԿ-երը: Ռիսկն այն է, որ եթե ներկայացված նախագծերը հավանություն ստանան CDM-ի շրջանակներում ծրագրային սխեմայով, ապա կարելի է հրաժեշտ տալ իրավասու մարմիններին, որոնք եզրակացություն են տրամադրում: Այդ նույն ծրագրային սխեմայով ներկայացված մյուս նախագծերը փաթեթով ավտոմատ կերպով կանցնեն: Իսկ CDM-ի որոշման հիման վրա հեշտանում է զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտներից վարկ ստանալը, օրինակ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, որը փոքր ՀԷԿ-երի պորտֆել ունի: Այդպիսով` մեծ փողերից օգտվելու հավանականությունը մեծանում է:
Հոկտեմբեր 17, 2012 at 14:52
