

«ԷկոԼուր»
5000 հա տարածքով Սոտք համայնքում ապրում է մոտ 300 ընտանիք: 1988թ-ից փախստականների հոսքը Սոտք մեծացավ: Մինչև 1993 թվականը համայնքում 750 տնտեսություն հաշվվեց: Սակայն կարճ ժամանակ անց փախստականներից շատերը, չհարմարվելով համայնքի տնտեսական վատ վիճակի և կլիմայական ծանր պայմանների` խստաշունչ ձմեռների հետ, հեռացան: Այսօր Սոտքում ամեն քայլափոխի կարելի է կիսավեր տների հանդիպել: «Մեր տների մոտ 450-ը քանդվել է: Մարդ է, ուզում է ծախի, թողի, գնա Ռուսաստան, մեկ է, առնող չկա»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Սոտք համայնքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը: (Տե՛ս ֆոտոռեպորտաժը):
Սևանա լճի ավազանում գտնվող Սոտք համայնքը ջուր չունի: Մարդիկ ջուրը տուն աղբյուրներից դույլերով են տանում: Սոտքի համայնքապետը հիշում է, որ ժամանակին, երբ դեռ Սոտքում թուրքեր էին ապրում, համայնքի տների 70-80%-ը մատկարարված եղել է խմելու ջրով: Սակայն հետագայում ջրի խողովակները քանդվել են, մի մասը ծախվել է, և համայնքը մնացել է առանց խմելու ջուր: Սոտքի ոռոգման ջրատարը կիսաքայքայված վիճակում է և հոսող ջրի մոտ 80 տոկոսը ճանապարհին կորում է: Դա էլ հիմնական պատճառն է, որ համայնքի բնակիչները Ջրմուղի հետ անընդհատ վեճերի մեջ են: Չեն ցանկանում վճարել ջրի վարձերը, քանի որ նորմալ ջուր չեն ստանում:
Համայնքի երկրորդը խնդիրը գազի խնդիրն է: Գյուղում գազ չկա: Այստեղ ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է մինչև մինուս 30 աստիճան, Սոտքի բնակիչներն իրենց տները տաքացնում են փայտով կամ աթարով:
Գյուղատնտեսական այս շրջանը չունի համապատասխան գյուղտեխնիկա: «Օրինակ` խոտհնձիչ մեզ ընդհանրապես չունենք: Մեզ վարող տեխնիկա համարյա չունենք: Մի հատ էքսկավատոր է պետք` կանալը մաքրելու համար»,- համայնքի կարիքներն է թվում Կոլիկ Շահսուվարյանը:
Սոտքի մանկապարտեզը վաղուց չի գործում, տներում ինտերնետի, ռադիոյի, թերթերի, հեռախոսի մասին խոսելն իսկ ավելորդ է: Սոտքեցիները նույնիսկ նամակ ուղարկելու կամ ստանալու համար Վարդենիս են հասնում:
2007թ. Սոտքն ընդգրկվեց այն համայնքների ցանկը, որտեղ իրականացվել են փոքր ծրագրեր` Համաշխարհային բանկի` «Բնական պաշարների կառավարում և աղքատության նվազեցում» վարկային` 16 միլիոն դոլլարանոց ծրագրի շրջանակներում: Ո'չ նոր գյուղապետը, ո'չ բնակիչները որևէ բան չգիտեն, թե ինչ էր նախատեսված իրենց գյուղի համար: Սոտքեցիները տեղյակ են միայն մեկ հեկտարանոց այգու ստեղծման մասին: Կոլիկ Շահսուվարյանի խոսքերով` տնկիները կարճ ժամանակաշրջանում չորացել են, քանի որ տարածքը չի ապահովվել ոռոգման համակարգով: Չորացած այգու մի կողմում Սոտքի ոսկու հանքավայրի հին փոքր վերամշակող ձեռնարկության ավերակներն են, իսկ մյուս կողմից չինացիների կողմից վերակառուցվող էլեկտրակայանն է: Սոտքի բնակիչներին աշխատանքի չեն վերցնում նաև չինացիները` աշխատանքով ապահովելով իրենց հայրենակիցներին: Այժմ այդ փոքր օբյեկտում արդեն աշխատում է մոտ 30 չինացի:
Կոլիկ Շահսուվարյանն ասում է, որ երիտասադները Սոտքում չեն մնում: Բացառված չէ, որ Սոտքը հերթական անգամ կփոխի կփոխի իր ազգային դիմագիծը`անցյալում ադրբեջանցիներ, ներկայումս հայ փախստականներ, իսկ ապագայում` չինացիներ:
Սեպտեմբեր 03, 2009
