

Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»
Խախտելով էկոլոգիական հավասարակշռությունը
Արդեն անդրադարձել ենք Սեւանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-եր կառուցելու էկոլոգիական վտանգներին։ 2009թ. մայիսին բնապահպանության նախարարության հաստատմանն են ներկայացվել միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծեր։ Դրանց ցուցակում ներառված են նաեւ երկու փոքր ՀԷԿ Վարդենիս գետի, մեկական ՀԷԿ-եր՝ Այրք, Ավազան եւ Գետիկ գետերի (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաեւ փոքր ՀԷԿ-եր Դեբեդ եւ Արփա գետերի վրա։
Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, Սեւանա լիճ լցվող գետերից Այրքի, Ավազանի եւ Գետիկի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիան արդեն տրվել է։ Ավելին, բնապահպանության նախարարությունը (համապատասխան հանձնաժողովը) տվել է նաեւ Լիճք գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու լիցենզիա։ Այժմ այդպիսի լիցենզիա, գրեթե ամեն ջանք գործադրելով, փորձում է ստանալ նաեւ Կարճաղբյուր գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու մտադրություն ունեցող մի ընկերություն։
Եթե ՀԷԿ-ը ոչ ամբարտակային է, ինչպես հիմնականում լեռնային երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում է, գետերի վերին հոսանքներից ջուր է վերցվում, խողովակաշարով տեղափոխվում մի այնպիսի տարածություն, որը բարձրությունների տարբերության հաշվին ջրի մեծ հոսք, արագություն է ապահովում, եւ այնտեղ մտցվում է ՀԷԿ։
-Էկոլոգիական առումով,- նկատեց բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը,- մեր մտահոգության հիմքն այն է, որ ջուրը խողովակ մտցնելուց հետո, գետի այն հատվածում, որտեղ ջրի ծավալը, հոսքը շատ քիչ է, էկոլոգիական հավասարակշռության լուրջ խախտումներ են կատարվում։ Նույնիսկ եթե ջրառը եւ էկոլոգիական թողքը լինի այսօր գործող նորմատիվների շրջանակում, անձնապես իմ մտահոգությունն այն է, որ դա բավարար չէ էկոհամակարգի պահպանման համար։
Պարզաբանենք. հիմնախնդիրն առնչվում է «Էկոլոգիական թողք» հասկացության հետ։ ՀԷԿ-եր կառուցած ու շահագործող ընկերություններին, բնականաբար, ձեռնտու է ավելի մեծ շահույթ ստանալ, ինչի համար անհրաժեշտ է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, որն էլ կախված է հիմնականում նրանից, թե գետից ջրի ինչ ծավալ է վերցվում եւ խողովակաշարով ուղղվում դեպի ՀԷԿ։ Ընկերությունները շահագրգռված են ջրի հնարավորինս առավելագույն ծավալ վերցնել եւ հենց այդպես էլ վարվում են։
Նրանց վերոնշյալ գործելակերպի հետեւանքով գետի տվյալ հատվածը (մինչեւ այնտեղ, որտեղ գետից վերցված, դեպի տուրբին կամ տուրբիններ ուղղված ջուրը դեռ չի վերադարձվել) տարվա առանձին ամիսների կամ ամիսների առանձին օրերի գրեթե ամբողջությամբ ջրազրկվում, վերածվում է առվի, ինչի հետեւանքով մեծապես տուժում է գետի կենդանական եւ բուսական աշխարհը։
ՀԷԿ-եր շահագործող ընկերություններին առավելագույն ծավալի ջրառ կատարելու եւ գետում նվազագույն ծավալի ջուր թողնելու հնարավորություն է տալիս կառավարության 2003թ. մայիսի 22-ի թիվ 592-Ն, եթե չասենք անհեթեթ, ապա խիստ թերի որոշումը։ Թերեւս արդեն ավելորդ է ասել, որ այն ենթակա է անհապաղ վերանայման։ Ըստ հիշյալ որոշման հավելվածով հաստատված կարգի, մակերեւույթային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար էկոլոգիական թողքի չափը հաշվարկվում է յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար բազմամյա դիտարկումների համաձայն ստացված նվազագույն ելքի 75 տոկոսի չափով։
Այսինքն՝ հիմք է համարված տվյալ գետով հոսող ջրի ամենանվազագույն ծավալը եւ ՀԷԿ-եր շահագործող ընկերություններին իրավունք է տրված այդ չնչին ծավալից մինչեւ 25 տոկոսն էլ վերցնելու, գետին թողնելու 75 տոկոսը։ Վերջինս արտաքուստ կարող է բավարար թվալ։ Սակայն եթե նկատի ունենանք, որ խոսքը նվազագույն ելքի 75 տոկոսի մասին է, ապա տարվա առանձին ամիսների եւ հատկապես այդ ամիսների առանձին օրերի, շատ գետերի պարագայում այդ 75 տոկոսը չնչին ծավալ է եւ բավարար չէ, որ գետը, որպես մի յուրօրինակ օրգանիզմ, բավարար շնչառություն ունենա, պատկերավոր ասած՝ չխեղդվի։
Վերցնենք, թեկուզ, Այրի գետի օրինակը։ Ըստ բազմամյա դիտարկումներով որոշված միջին (50%) ապահովվածության, այս գետի նվազագույն ելքը վայրկյանում 200 լիտր է։ Սակայն կառավարության հիշյալ որոշման հիման վրա բնապահպանական (էկոլոգիական) թողքը հաշվարկվել-որոշվել է վայրկյանում ընդամենը 69 լիտր։
Այսինքն՝ «Այրի» փոքր ՀԷԿ շահագործող ընկերությունը, օգտվելով այդ որոշման ընձեռած հնարավորությունից, ամբողջ տարվա ընթացքում կարող է ջրի այնպիսի ծավալ վերցնել, որ գետին մշտապես թողնի վայրկյանում ընդամենը 69 լիտր։ Եւ սա՝ չնայած այն բանին, որ Այրի գետը միջին ապահովվածության նվազագույն ելքն ունենում է միայն փետրվարին, դրանից քիչ ավելի (250 լիտր)՝ հունվարին եւ նոյեմբերին, իսկ մարտից-սեպտեմբեր ելքի ծավալը մեծ է։ Օրինակ, մայիսին հասնում է վայրկյանում 3000 խմ-ի, հունիսին՝ 2500 խմ-ի։ Դե, եթե գետին վայրկյանում ընդամենը 7 դույլ ջուր կարող է թողնվել, պատկերացրեք, թե ինչ կկատարվի այդ «գետի» կենդանական եւ բուսական աշխարհների հետ։
Եթե վերը շարադրվածին հավելենք նաեւ այն, որ ՀԷԿ-եր շահագործող որոշ ընկերություններ գետին չեն թողնում նույնիսկ այսօրվա նորմատիվով որոշվող ջրի նվազագույն ծավալը, շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար աշխատում են ավելին վերցնել, իսկ այս առումով պատշաճ վերահսկողություն չկա, ապա տխուր ու, միաժամանակ, խայտառակ պատկերն առավել պարզ կլինի:
Սեպտեմբեր 18, 2009
