

ԷկոԼուր
ԷկոԼուրի հունիսի 25-ի «Հրազդան գետում Գինու գործարանի արտահոսքի համար պատասխանատու է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն» հրապարկմանն արձագանքել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն: Ընկերության` ԷկոԼուրին ուղղված նամակում մասնաորապես ասված է. «Ս.թ. հունիսի 25-ի «Հրազդան գետում Գինու գործարանի արտահոսքի համար պատասխանատու է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն» տեղեկատվությունը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը: Այո, տեղի է ունեցել Գինու գործարանի կեղտաջրերի արտահոսք Հրազդան գետ, որը սակայն պայմանավորված չէ մեր ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարմամբ:
Խնդիրը հետևյալն է: Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի թերությունների պատճառով նախկինում Երևանի որոշ հատվածներում կեղտաջրերը ուղղակիորեն լցվել են Հրազդան գետը, առաջացնելով բնապահպանական խնդիրներ: Նշված երևույթները վերացնելու նպատակով 2006թ-ից համակարգի շահագործումը վարձակալության պայմանագրով ստանձնած Երևան Ջուր ՓԲԸ կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում 11 հատվածներում դադարեցվել կեղտաջրերի արտահոսքը: Այդ թվում՝ Երևանի Գինու-կոնյակի-օղու կոմբինատի հարակից ձորում:
2009թ.-ին տվյալ վայրում, Հրազդան գետի վրայով մինչև Էջմիածնի հին խճուղի, կառուցվել է ճնշման տակ աշխատող ավելի քան 1200 գծամետր երկարությամբ տարանցիկ կոյուղատար՝ դյուկեր՝ 22 դիտահորով, որի միջոցով ապահովվել է նշված ձեռնարկության կեղտաջրերի հեռացումը դեպի գետի աջ ափին գտնվող կոյուղի: Ցավոք, հետագա տարիներին տեղի բնակիչների կողմից սեփական կոյուղագծերը ապօրինաբար միացվել են դյուկերին, որի պատճառով զգալիորեն ավելացել է վերջինիս ծանրաբեռնվածությունը: Ավելին, դյուկերը բնակիչների կողմից ըստ էության օգտագործվել է որպես աղբատար, ինչը խցանումների պատճառ է հանդիսանում և հանգեցնում նշված ձեռնարկության կոյուղաջրերի արտահոսքին Հրազդան գետը:
Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդամենը 4 տարի առաջ կառուցված կոյուղատարը բնակիչների կողմից կատարված ապօրինությունների պատճառով փաստորեն օգտագործվում է մասնակի հզորությամբ: Բացառված չէ, որ ընկերությունը ստիպված լինի կառուցել նոր՝ տվալ հատվածը շրջանցող կոյուղի՝ կեղտաջրերի արտահոսքը բացառելու նպատակով: Ուսումնասիրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում»:
Հուլիս 01, 2013 at 14:27
