

Հայաստանի ամենաաղտոտված գետը Ախթալան է, ավելի կոնկրետ Ախթալայի գետաբերանը (որտեղից թափվում է Դեբեդ գետը ), իսկ Երևանինը՝ Հրազդանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիաննա Մարգարյանը: Ասուլիսին ներկա էր նաև ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը: Իսկ, առհասարակ, Հայաստանում գետերի աղտոտվածությունը որոշվում է 2007-ից գործող գետերի ջրի որակական չափանիշների ստուգման նորմատիվային 5 բալանոց համակարգով. մաքուր, վատթարացող, մինչև 5-րդը՝ ամենավատ որակը:«Մոնիթորինգային արդյունքներով մեր Հայաստանի գետերը հիմնականում 2-րդ և 3-րդ կարգի մաքրության են, շատ քիչ գետեր կան կամ գետերի հատվածներ, որոնք կարող են 4-րդ կամ 5-րդ դասի աղտոտվածության դասվել»,- հայտարարեց Լիաննա Մարգարյանը:
Ինչ վերաբերում է առաջին դասի գետերին, ապա դրանք, ըստ էության, չկան, քանի որ դրանք, ըստ բանախոսի, գետերի ակունքային հատվածներն են միայն, որտեղից սկիզբ են առնում:Նշենք, որ ՊՈԱԿ-ի 131 դիտակետերը տեղաբաշխված են Հայաստանի բոլոր խոշոր գետավազանների վրա, հիմնականում ընդգրկում են Սևանա լիճը և որոշ ջրամբարներ, որոնցով որոշվում են մինչև 65 ջրաքիմիական պարամետրերի պարունակությունը և կատարվում գնահատում:
Ըստ Լիաննա Մարգարյանի՝ Հայաստանի գետերում աղտոտվածության ամենատարածված ցուցանիշը ամիակի պարունակությունն է:
«Մնացած պարամետրերով՝ պարունակություններն ավելի մոտ են 3-րդ և 4-րդ կարգերին, այսինքն՝ մեզ մոտ ամիակն է, որ բերում է ջրի 5-րդ դասի պատկանելության: Ինչ վերաբերում է մետաղներին, մենք ՀՀ-ում չունենք գետերում այնպիսի վտանգավոր մետաղներ, ինչպիսիք են կապարը, արսենիումը: Հիմնականում բարձր են լինում պղնձի, ցինկի պարունակությունները հանքարդյունաբերության գոտիներում»,- ասաց նա։Ինչ վերաբերում է նրան, որ եթե 5-րդ կարգի աղտոտվածության գետը թափվում է ավելի մաքուր գետ, ինչպես օրինակ՝ Դեբեդն է, ապա մասնագետը նշեց, թե դրանից չի բխում, որ այն 5-րդ կարգի է դարձնում նաև Դեբեդը, քանի որ նախ, Հայաստանի գետերը օժտված են ինքնամաքրման բարձր աստիճանով և երկրորդ՝ Ախթալան պակաս ջրառատ լինելով, քան Դեբեդը, նոսրանում է այնտեղ և այն չի դարձնում 5-րդ կարգի աղտոտվածության:
Նոյեմբեր 18, 2013 at 11:47
