ԷկոԼուրը պահանջում է չեղյալ հայտարարարել «Իջեւան-1» ՓՀԷԿ-ի հասարակական լսումները (Լուսանկարներ)

ԷկոԼուրը պահանջում է չեղյալ հայտարարարել «Իջեւան-1» ՓՀԷԿ-ի հասարակական լսումները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ապրիլի 10-ին ՀՀ Տավուշի մարզի  Իջևան քաղաքում նշանակված էին «Իջևան-1» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումները՝ ներկայացված «Ջուրլույս» ՍՊԸ կողմից: 

Հասարակական լսումներին ներկա էին  «Գիդէպինվեստ» ՍՊ նախագծող ընկերության տնօրեն Արմեն Գրիգորյանը, Իջևանի քաղաքապետարանի երեք ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն»  ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչյանը, «Ջուրլույս» ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Ամիրյանը և մի քանի տասնյակ իջևանցիներ, որոնք, ինչպես հետո պարզվեց խոսակցություններից, կառուցապատողի մտերիմներն ու բարեկամներն էին:

Լսումները սկսվեցին և ավարտվեցին տհաճ միջադեպերով: Նախ, լսումների ընթացքում Իջևանի բնակիչ Սվետլանա Բեգլարյանը ամեն կերպ խոչընդոտում էր լրագրողների մասնագիտական գործունեությունը, ովքեր փորձում էին հարցեր ուղղել նախագծող և կառուցապատող կողմերին: Լրագրողների հարցերին ուրախ չէր նաև կառուցապատող Արամայիս Ամիրյանը: Երբ վերջինիս ԷկոԼուրի լրագրողը փորձեց հարց ուղղել՝  ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված ռիսկերի վերաբերյալ, նա պատասխանեց. «Դու Իջևանից ես, որ հարցեր ես տալիս»:

Խուսափելով հարցերից Սվետլանա Բեգլարյանը և  Էդգար Ամիրյանը (ովքեր, ըստ իջեւանցիների, Արամայիս Ամիրյանի հարազատներն են) շատ արագ եզրափակեցին լսումները՝ հրահանգելով մասնակից իջևանցիներին ձեռքով քվեարկել: Առաջինը ձեռք բարձրացրեց ՓՀԷԿ-ի կառուցապատող Արամայիս Ամիրյանը: Քվեարկածներին հրահանգվեց, որպեսզի նրանք հերթով սպիտակ թղթի վրա գրանցվեն և նշեն, որ իրենք կողմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը: Մասնակիցներից մեկին, ով դեմ էր ՓՀԷԿ-ի կառուցապատմանը, թույլ չտվեցին գրանցվել: Փոխարենը, գրանցվեց մի բնակիչ, ով եկավ միայն լսումները ավարտվելուց հետո և կողմ քվեարկեց: Քվեները հավաքողը մի երիտասարդ էր, ով թույլ չտվեց լրագրողներին տեսնել և նկարահանել քվեարկության թուղթը: Երբ լրագրողը պահանջեց նրան ցույց տալ փաստաթուղթը, նա բացասական արձագանքեց, դրեց թուղթը ծոցագրպանում և հեռացավ՝  լրագրողի հասցեին ռեպլիկներ և մեկնաբանություններ բաց թողնելով: 

Նույն ճակատագրին նաև արժանացավ արձանագրությունը, որը կազմում էր Էդգար Ամիրյանը: Երբ նրանից փորձեցինք պարզել, թե ում է փոխանցելու արձանագրությունը,  հնչեց հետևյալ պատասխանը. «Ում պետքա, իրան էլ  կտանք»:  Նման քվերակությունը զարմացրել էր նաև Բնապահպանության նախարարության փորձագետ Նազիկ Մկրտչյանին, ով նշեց, որ լսումները անցկացվեցին միակողմանի և հնարավոր է, որ չեղյալ հայտարարվեն: Նազիկ Մկրտչյանը նաև նշեց, որ ինքը այդ հարցով պատրաստվում է դիմել Իջևանի քաղաքապետարանին: 

Իջևանի քաղաքապետարան այցելեց նաև ԷկոԼուրը: Քաղաքապետարանի երեք ներկայացուցիչները, ովքեր սկզբում ներկա էին, շատ արագ լքել էին լսումների դահլիճը: Պատճառը հետևյալն էր. «Իրանք իրանցով ընտանեկան լսումներ էին անում, իմաստ չուներ շարունակել մասնակցել այդ ձևականությանը»,- պարզաբանեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Այսպիսով, ԷկոԼուրը պահանջում է չեղյալ հայտարարել ապրիլի 10-ին Իջևանում անցկացված «Իջեւան-1» փոքր ՀԷԿ-ի հասարակական լսումները` բերելով հետևյալ հիմնավորումները.

1. Լսումները անցկացվեցին միակողմանի` թույլ տալով տեսակետ արտահայտել միայն ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ իջեւանցիներին
2. Լսումների արձանագրությունը կազմվեց ոչ լիազորված անձի կողմից
3. Կառուցապատող կողմը չպատասխանեց հասարակությանը հուզող հարցերին 4.Լսումները ուղեկցվեցին ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված վիրավորանքներով և խոսքի իրավունքի ոտնահարմամբ
5. Լսումների ընթացքում խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական գործունեությունը

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Ապրիլ 14, 2014 at 12:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր