3 ՄԼՆ. 600 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 3.620 ՀԱՏ ՍԱՏԿԱԾ ՁԿԱՆ ՀԱՄԱՐ

Հրապարակ

Կոտայքի մարզի Արզնի վարչական տարածքի Հրազդան գետում հունվարի 23-ին ձկների, ծովախեցգետինների եւ գորտերի զանգվածային ոչնչացման պատճառը գետում հայտնաբերված ակտիվ քլորի մեծ պարունակությունն է եղել: Իրականացված հետազոտության արդյունքների մասին «Հրապարակին» հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը միայն մարդկային գործոնով է պայմանավորված: Թե ինչպես է քլորը հայտնվել գետում, պարոն Պապոյանը դժվարացավ նշել: Միայն տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ նախապատրաստվող նյութերը կուղարկվեն ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Հոսող ջրի պայմաններում մասնագետները չեն կարողացել պարզել, թե քլորի ինչ քանակություն է լցվել գետը: Արդյունքում ոչնչացել է 3.620 ջրային կենդանի: Ֆինանսական տեսանկյունից բնությանը հասցված վնասը կազմում է 3 մլն. 600 հազար դրամ (որպես հատուցում մեկ ձկան համար՝ բնապահպանական եւ բնօգտագործման վճարի չափը 1000 դրամ է կազմում):Կարեն Պապոյանի խոսքով՝ հունվարի 25-ին եւս գետում նմուշառում է կատարվել, բայց քլորի մնացորդային քանակություն չի հայտնաբերվել:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաեւ «Հանուն կայուն զարգացման» կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանի հետ: Վերջինիս կարծիքով, ամենայն հավանականությամբ, ակտիվ քլորը գետն է լցվել՝ ձուկ որսալու ճանապարհով: Տիկին Դանիելյանը նշեց, որ խորհրդային տարիներին սա ձուկ որսալու բավականին տարածված ճանապարհ է եղել: Այս ճանապարհով որսած ձկան օգտագործումն իհարկե մարդկանց առողջության համար վնասակար է:

Կարեն Պապոյանը վստահեցրեց, որ բնակչության առողջության հետ կապված որեւէ խնդիր չկա, քանի որ ճայերի մեծ քանակության պատճառով մարդկանց կողմից անհնար կլիներ սատկած ձուկ վերցնելը. «Մտավախություն չունենք, որ բնակչությանը կարող է վնաս պատճառել, պրոբլեմն այն է, որ արդեն եղավ, ցավալի է, որ նման քանակով կենդանիները սատկեցին»:

Հունվար 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր