Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն նամակով դիմել է Վերակառուցան եւ զարգացման եվրոպական բանկի թոփ մենեջերներին

Կապանի  «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն նամակով  դիմել է Վերակառուցան եւ զարգացման եվրոպական բանկի թոփ մենեջերներին

ԷկոԼուր

Կապանի  «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն նամակով  դիմել է Վերակառուցան եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) թոփ մենեջերներին` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ: Հիշեցնենք, որ EBRD-ն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ ֆինանսավորում է Կապանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը: Նամակում մասնավորապես ասված է.

         «Քեվին Բորց տնօրեն

Բնական ռեսուրսներ տնօրեն Ալիսթայիր Քլարկ

Բնապահպանություն և կայունություն կորպորատիվ

տնօրեն Դարիուս Պրասեք

Բնապահպանության և կայունության ծրագրերի գնահատման

վարչություն Բիլիանա Ռադոնիչ Քեր-Լինդսի

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի

երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիս

 Հարգելի տիկնայք և պարոնայք,

մոտ 2 տարի առաջ նախաձեռնվեց Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների իրականացումը, 2015թ-ի հոկտեմբեր ամսին կլրանա երկու տարին, ինչ Կապանում ներդրումային երկու խոշոր ծրագիր է գործում, որոնք մոտենում են ավարտին: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրերից մեկը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն և Կապանի քաղաքապետարանը հավաստիացնում են, որ 2015թ. Կապանի բնակիչները կունենան շուրջօրյա և որակյալ ջրամատակարարում: Վերը նշված ծրագրերի մեկնարկից հետո ծագել են բազմաթիվ հարցեր (քանդված փողոցներ, անհարմարություններ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար, հաճախակի ջրանջատումներ, կասկածելի որակի ջուր և այլն), որոնց ամբողջական պատասխանները մեզ այդպես էլ չի հաջողվում ստանալ:  

Ծրագրի իրականացման ընթացքում հարցումներ եմ ուղարկել Կապանի քաղաքապետարանին և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Կապանի քաղաքապետարանը որոշակի տեղեկատվություն է տրամադրել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդհանրապես տեղեկատվություն չի տրամադրում: Չնայած այն հանգամանքին, որ Կապանի քաղաքապետարանը որոշակի տեղեկատվություն է տրամադրել և չի մերժում համագործակցությունը, այնուամենայնիվ  մեզ այդպես էլ չի տրամադրվում Կապանի քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև 11.04.2014թ.-ին կնքված պայմանագրի պատճենը: Մեզ այդպես էլ չի հաջողվում պարզել, թե որ կազմակերպությունն է իրականացնում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից Կապանում մատակարարվող խմելու ջրի որակի ստուգումը, Կապանի քաղաքապետարանը չի տրամադրում խմելու ջրի որակի վերաբերյալ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից վերջին անգամ տրված եզրակացության պատճենը, տեղեկատվություն չի տրամադրում, թե ջրամատակարարման սակագնի մեջ քանի՞ դրամ է կազմում խմելու ջրի մաքրման համար վճարվող գումարի չափը, ջրահեռացման սակագնի մեջ քանի՞ դրամ է կազմում կոյուղաջրերի մաքրման համար վճարվող գումարի չափը:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքին, որ Կապան մատակարարվող ջրի ընդունիչի տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման փաստը ո՛չ Կապանի քաղաքապետարանին, ո՛չ  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին կարծես թե չի մտահոգում, չնայած այն հանգամանքին, որ որևէ երաշխիք չունենք, որ հետագայում այդտեղ չեն որոշի հանքարդյունաբերական գործունեություն իրականացնել:

Այսպիսով, վերը նշված ծրագրերին վերաբերվող կարևորագույն  տեղեկատվությունը անհասանելի  է.  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն և Կապանի քաղաքապետարանը պարզապես խուսափում են լիարժեք և ամբողջական տեղեկատվություն տրամադրել, ստեղծված ոչ թափանցիկ գործելակերպի արդյունքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը վտանգված է:  

Դեռևս 15.10.2010թ. մի խումբ կապանցիներ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուն և մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմում են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 24.03.2011թ. վճռով դատարանը բավարարել է հայցը (քաղ. գործ թիվ ՍԴ/0799/02/10թ.): Պատասխանողը վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկել է դատական ակտերը, սակայն արդյունքի չի հասել, 11.04.2012թ. վերը նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Պատասխանողը չի կատարում դատարանի վճիռը,  կոյուղաջրերն առանց մաքրվելու Կապան քաղաքում լցվում են Ողջի գետը`սպառնալով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Ստացել եմ կատարողական թերթը, որը կատարման եմ ներկայացրել 24.10.2012թ.-ին: 01.11.2012թ. հարուցվել է թիվ 01/02-5933/12 կատարողական վարույթը: ԴԱՀԿ-ն ոչնչով չարդարացված անգործություն է ցուցաբերել՝ չկատարելով դատական ակտը, ԴԱՀԿ-ի անգործությունը համապատասխան քրեաիրավական գնահատականի չի արժանանում դատախազության կողմից:

Հարգանքով՝

Կազմակերպության նախագահ

Արշավիր Խալափյան»:

Հոկտեմբեր 27, 2015 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր