Բնապահպանության նախարարությունը ստուգումներ կանցկացնի Հրազդանի կիրճի բոլոր հաստատություններում

Բնապահպանության նախարարությունը ստուգումներ կանցկացնի Հրազդանի կիրճի բոլոր հաստատություններում

ԷկոԼուր

Հրազդան գետի աղտոտման հետ կապված բնապահպանության նախարարությունը ստուգումներ կանցկացնի Հրազդանի կիրճի բոլոր հաստատություններում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հրազդանի աղտոտման վերաբերյալ նախարարությունն ապրիլի վերջին և մայիսի սկզբին երկու ահազանգ է ստացել: Նախարարի խոսքով՝ երկու դեպքերում էլ տեղում վերցվել են փորձանմուշներ ջրից և ենթարկվել փորձաքննության: «Արդեն նախնական արդյունքը կա, որ մաքրող-լվացող նյութերի մեծ քանակություն է եղել: Դա կարող է կապված լինել ավտոլվացման կայանների կամ որևէ ռեստորանային համալիրի հետ: Սրանք դեռևս կասկածների մակարդակում են, մեր տեսչությունն աշխատում է այս ուղղությամբ: Առաջիկայում ձեռնարկելու ենք այցելություն այդ բոլոր հաստատություններ` գետի ամբողջ երկայնքով, որպեսզի պարզենք և լրացուցիչ պահանջներ կիրառենք», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը շեշտեց, որ նմանատիպ խնդիրների առաջացման հիմնարար պատճառը ջրահեռացման և կոյուղաջրերի մաքրման անարդյունավետ համակարգերն են: «Ցավոք, այսօր մենք մեր երկրում դեռևս չենք ձևավորել ջրահեռացման և կոյուղաջրերի մաքրման արդյունավետ համակարգ: Արդեն պատրաստել ենք Ջրային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծ, որպեսզի նմանատիպ երևույթների համար սահմանենք պահանջներ և ներդնենք անկախ մոնիտորինգային համակարգ», - նշեց Արծվիկ Մինասյանը:

Հրազդան գետի աղտոտվածության վերաբերյալ ահազանգերը պարբերական բնույթ են կրում: Գետն ունի ամենաբարձր դասի աղտոտվածություն՝ հատկապես Երևան քաղաքից դուրս գալիս: «Մեդիա կենտրոն» տեղի ունեցած քննարկման ժամանակ ԷկոԼուրը հարց էր ուղղել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Հրազդան գետի վիճակը բարելավելու համար:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանը նշել էր. ««Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվելու է Հրազդան գետը, ջրի որակը, ջրում գտնվող վնասակար նյութերի պարունակությունը, գետի կենսաբազմազանությունը: Այստեղ միակ լուծումն այն է, որ մասնավոր հատվածի նկատմամբ, որը գործունեություն է իրականացնում Հրազդանի կրճում, սահմանեն հսկողություն, տուգանքներ, պատժամիջոցներ»:

Հարցին՝ ինչո՞ւ մինչ օրս դա չի արվել, Դիանա Գրիգորյանը պատասխանել էր, որ դա օրենսդրական բացի արդյունք է. «Դա պետք է արվի համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ: Քաղաքապետարանը նման գործառույթ, լիազորություն չունի: Քանի որ հիմա ընթանում է իրավական ակտերի վերանայման գործընթաց, և ամբողջ Հայաստանով հայտարարված է «Մաքուր Հայաստան» կոնցեպցիան, հնարավոր է, ծրագրի իրականացման նպատակով վերանայվեն շատ ու շատ օրենքներ»:

Մայիս 12, 2017 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր