ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՇՈՒՏՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԳԵՏԻԿ-1 ՓՀԷԿ-Ը

Aysor.am

2010 թ. մայիսին կամ հունիսին Գեղարքունիքի մարզում շահագործման կհանձնվի Գետիկ-1 փոքր հիդրոէլեկտրակայանը: Այն կառուցում է «Գրիար» ՓԲԸ-ն:

ՓՀԷԿ-ի հզորությունը նախատեսվում է 6.5 մՎտ, տարեկան արտադրությունը` 20.1 մլն կՎտԺ էլեկտրաէներգիա: Ընկերության փոխտնօրեն Արմեն Դավթյանը Aysor-ին հայտնեց, որ ՓՀԷԿ-ը կառուցվում է բնական ջրհոսքի վրա: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 5 մլն դոլար: ՓՀԷԿ-ի սարքավորումները ներկրվում են Չինաստանից:

«Գետիկ-1-ն ավարտելուց հետո Սյունքիում սկսելու ենք Մեղրի ՓՀԷԿ-ի կառուցումը: Պայմանավորվածություններն արդեն ձեռք ենք բերել, նախագիծն ավարտված է և անցել է տեխնիկական ու բնապահպանական փորձաքննությունները»,- տեղեկացրեց Ա. Դավթյանը:

Մեղրի ՓՀԷԿ-ի հզորությունը նախատեսվում է մոտ 6.5 մՎտ, այն տարեկան կարտադրի 22.1 մլն կՎտԺ էլեկտրաէներգիա, իսկ ներդրումները կկազմեն 3 մլրդ դրամ:

Նշենք, որ ընկերությունը նաև Տավուշում Աղստև գետի վրա ՓՀԷԿ կառուցելու լիցենզիա ունի: Սակայն Ա. Դավթյանը նշեց, որ այդ կայանի հզորությունը նախատեսված է ընդամենը 2 մՎտ, ներդրումներ բավականին շատ են պահանջվում և այսօրվա սակագնային պայմաններում շատ անձեռնտու է այն կառուցել:

«Հաշվարկում ենք և, հաշվի առնելով այսօր գործող սակագները, անիմաստ է: Ցանցը հիմա գնում է 22 դրամով: Վերջին անգամ սակագների բարձրացում եղել էր 2009 թ. նոյեմբերին` 1 դրամով: Այս տարի դեկտեմբերին, հավանաբար, կրկին կթանկացնեն, սակայն մինչ այդ փոքր կայան կառուցելը շահավետ չէ»,- ասաց Ա. Դավթյանը:

Ապրիլ 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր