

ԷկոԼուր
Աբովյանի երկաթահանքի շահագործումն ավելի վտանգավոր է, քան Հրազդանինը: Այս տեսակետին է երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Ըստ նրա` Հրազդանի հանքավայրում երկաթը մակերեսին է, իսկ Աբովյանի դեպքում հանքը գտնվում է ջրերի տակ: «Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- ասում է Ռ. Յադոյանը:
Հիշեցնենք, որ Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի հանքավայրերի շահագործման կոնցեսիոն իրավունքը ձեռք է բերել «Fortune Oil» ընկերությունը:
Այն, որ Աբովյանի հանքավայրի շահագործումն ավելի մեծ ռիսկեր է պարունակում, դա դեռ չի նշանակում, որ Հրազդանում խնդիրներ չեն լինի: «Հրազդանի երկաթահանքը եթե շահագործեն, քաղցրահամ ջրերի Արզաքանի խումբը, որտեղից Երեւանը մեծ քանակությամբ ջուր է ստանում, շարքից դուրս կգա»,-ասաց Ռուբեն Յադոյանը: Մասնագետը զարմանում է այն անփութության վրա, որը ցուցաբերվում է մեր ընդերքի նկատմամբ: «Ես նրանց եկողներից մի քանիսի հետ հանդիպել եմ եւ ասել, որ դուք եւ գործիքներ շատ ունեք, լավ տեխնոլոգիա, փող ունեք, բայց իմ երկիրը ես գիտեմ, ոչ թե դուք: Ոչ մեկը մեր ցավը չի տանի, ոչ մեկի պետքը չի մեր ցավը, նրանք իրենց շահին են վազելու»,- ասաց Ռուբեն Յադոյանը:
Եթե մասնագետների գնահատականներով Հրազդանի երկաթահանքի շահագործման ժամանակ անպիտան կդառնա Արզաքանի խմելու ջրերի խումբը, որից Երեւանը վերցնում է մոտ 10% խմելու ջուր, ապա Աբովյանի (Կապուտանի) հանքավայրի շահագործման դեպքում, ըստ, Յադոյանի, կապականվի Մայակովսկու խումբը, որը Երեւանին մատակարարում է մոտ 25% խմելու ջուր: Այսինքն` ՀՀ տնտեսության զարգացման համար ռազմավարական առաջնահերթություն համարվող հանքարդյունադերության շնորհիվ մայրաքաղաքը կզրկվի իր խմելու ջրի 35%-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է խմելու ջուր արտահանել արաբական երկրներ: Բայց հեռու չէ այն օրը, որը Հայաստանը նույնպես կկանգնի խմելու ջուր արտերկրից ներկրելու փաստի առաջ:
Հուլիս 06, 2011 at 11:07
