Գետահովիտ գյուղի բնակիչները Բնապահպանության նախարարությանը մեղադրում են «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հարցում բնապահպանական օրենսդրության խախտման մեջ

Գետահովիտ գյուղի բնակիչները Բնապահպանության նախարարությանը մեղադրում են «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հարցում  բնապահպանական օրենսդրության խախտման մեջ

ԷկոԼուր

Տավուշի մարզի  Գետահովիտ գյուղի  բնակիչները պահանջել են  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից անմիջապես դադարեցնել   «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները և փոխհատուցել բնությանը պատճառած վնասի համար: Բնակիչների 20.09.2012թ. նամակում ասվում է.

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվության առնչությամբ 12.06.2012 թվականին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված հ. 1, 2 եւ 3 թույլտվությունները, ինչպես նաեւ 23.08.2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 փորձաքննական եզրակացությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը: «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի գործարկումը եւս խախտում է ՀՀ օրենսդրությունը, եւ վերջինիս գործարկումը ենթակա է դադարեցման:

Մասնավորապես`

1.ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանի կողմից 14.09.2012 թվականին ընդունված թիվ 13 որոշմամբ անվավեր է ճանաչվել 12.06.2012 թվականին «Մեգաէներջի» ՍՊԸ-ինտրված հ. 1, 2, եւ 3 որոշումները` «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության թույլտվությունների վերաբերյալ, այն հիմնավորմամբ, որ ՀԷԿ-ի շենքը, ջրառն ու խողովակաշարը գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի տարածքում:

2.24.07.2012 թվականին Ենոքավան համայնքում իբր իրականացվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ, սակայն «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի ազդեցությունը տարածվում է մեկ այլ` Գետահովիտ համայնքի վրա, որը չի ճանաչվել որպես ազդակիր համայնք եւ որտեղ նշված ՓՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ չեն իրականացվել: Հետեւապես, խախտվել են Օրհուսի կոնվենցիայի 4-րդ եւ 6-րդ հոդվածները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածները:

3.23.08.2012 թվականին տրված թիվ ԲՓ 70 փորձաքննական եզրակացության մեջ արտացոլված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն արգելքները, որոնք անթույլատրելի են դարձնում տվյալ տարածքում ՀԷԿ-ի շինարարությունը: Մասնավորապես`

  • «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»: Նշված ՓՀԷԿ-ի համար հատկացված տարածքը գտնվում է արգելավայրային գոտում` «Արջատխլենու» պետական արգելավայրում, եւ դրա պահպանման (բուֆերային) գոտում, որտեղ եւս արգելվում է իրականացնել «Արջատխլենու» պետական արգելավայրի էկոլոգիական համակարգերին եւ դրանց բնականոն զարգացմանը վնասող ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:
  • «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»: ՓՀԷԿ-ի շինարարության տարածքում աճում է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված «Արջատխլենի» ծառատեսակը եւ Կարմիր գրքում գրանցված այլ բուսատեսակներ:
  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»: Պաղջուր գետում ապրում է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված «Կարմրախայտ» ձկնատեսակը: Այդ գետի վրա «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի նախատեսելի գործունեություն նույնպես կհանգեցնի «Կարմրախայտ» ձկնատեսակի թվաքանակի կրճատմանը, ապրելավայրերի վատթարացմանը:

4.Պաղջուր գետի վրա կառուցված եւ արդեն իսկ գործող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի գործունեությունը ևս հանգեցնում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, «Բոսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի խախտման:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածներով, պահանջում ենք`

անհապաղ դադարեցնել «ԽաչաղբյուրՓՀԷԿ-ի շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանը հասցված վնասները:

Հարգանքներով` Գետահովիտ համայնքի բնակիչներ»:

Սեպտեմբեր 24, 2012 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր