Բնապահպանական փորձաքննության համար ենթաօրենսդրական ակտն ավելի բարձր է, քան բնապահպանական օրենքները

Բնապահպանական փորձաքննության համար ենթաօրենսդրական ակտն ավելի բարձր է, քան բնապահպանական օրենքները

ԷկոԼուր

Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Դարանակ գետի վրա կառուցվելիք փոքր ՀԷԿ-ի նախագիծը կարող է ոչնչացնել Դարանակ գետի էկոհամակարգը: Ջրհավաք ավազանի ռեժիմը կարգավորվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննության փորձագետները հղում չեն անում օրենքին, այլ՝ ենթաօրենսդրական ակտին` 2011 թ. հուլիսի 30-ի կառավարության Ն 927 որոշմանը, ըստ որի՝ սանիտարական թողքը որոշվում է 10 օրվա ընթացքում գետի նվազագույն ջրհոսքով: Տվյալ դեպքում փոքր ՀԷԿ-ի ջրի սանիտարական թողքը կկազմի վայրկյանում 0.013 լիտր և 0.007 լիտր: Այսինքն՝ Դարանակ գետը իր երկարության 1/3 չափով կմնա առանց ջրի: Փետրվարի 19-ին կայացան Դարանակ փոքր ՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ մասնագիտացված հասարակական լսումներ, որոնք կազմակերպված էին Ագրոսպասարկում ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲԸ-ի կողմից:

Նախագծողը «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն է: Նախագծողները լսումներին չէին եկել, Դարանակ համայնքի ներկայացուցիչները նույնպես չկային: Լսումներին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը, հրավիրված փորձագետ Գևորգ Չոբանյանը, Ագրոսպասարկում ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «ԷկոԼուր»-ի աշխատակազմը` Ինգա Զառաֆյան, Գագիկ Քոչինյան, Նիկոլայ Դավթյան:

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է հասարակական լսումների տեսանյութն ու տեքստը:

Հերիքնազ Մկրտչյան.
-…Աշխատանքային նախագիծը լրամշակվել է, մասնագիտական եզրակացությունը, դիտողությունները հաշվի են առնվել: Մենք ունենք կարծիք համայնքից հենց այս հասարակական լսումների վերաբերյալ: Կարծիքներ ունենք մեր գործակալությունից, կարծիքներ ունենք ակադեմիայից: Ակադեմիան ներկայացրել է պահանջներ, դրանք հաշվի են առել, արել են: Ակադեմիայից Մովսիսյանն է ապահովել կարծիքը՝ Սևանի հանձնաժողովը: Տվել են իրենք պահանջներ, եթե դուք առաջնորդվեք մեր պահանջներով շինարարության եւ շահագործման փուլերում, ապա ձեր գործունեությանը մենք դեմ չենք լինի: 

Գեորգի Չոբանյան.
-…Սևանա լիճ այդ գետով ջուր չի լցվում, որովհետեւ ցամաքում է, փոքր գետ է: Հիմնական հիդրոէնրգետիկ նպատակները կիրառվում է գարնան ձնհալի ջրերից եւ անձրեւներից: Փոքր ՀԷԿ է, որը ձեւավորվում է 2 ձորակների միջոցով վերեւի մասում, գյուղից վերեւ: ՀԷԿ-ը փոքր է եւ կօգտագործի մոտավորապես 5 միլիոն ծավալի ջուր՝ էներգիա ստանալու համար: Նախագիծն արվել է «Հիդրոնախագիծ» ինստիտուտի կողմից, բոլոր բնապահպանական միջոցառումները նախատեսել է, որպեսզի բնությանը հասցվելիք վնասները մեղմացնի: Մասնավորպես օգտագործում է 1,7 հա մշտական հողատարածք, 5 հա՝ ժամանակավոր: 1,7 հա-ն գլխամասն է, որ ՀԷԿ-ի շենքի տարածքի հողատարածքներն են:… Եթե ես ասեմ, որ բնապահպանական ամեն հարց լուծված է եւ բնությանը վնաս չի լինի, սխալ կլինի: Բայց նախատեսված միջոցառումների կիրառման դեպքում կնվազեցվի, բնությանը վնաս չի հասցվի: Այդ հողն է իրականում.. Կենդանական աշխարհ այնտեղ չկա:

Ինգա Զառաֆյան.
-Նախագծում գրված է 007 լիտր վայրկյանական մի հանգույցի համար եւ 001, այսինքն մի դույլ ջուր վայրկյանական: Ի՞նչ էկոհամակարգ, լանդշաֆտ պետք է այնտեղ պահպանվի նման թողքի պայմաններում, այն էլ 12 ամսվա ընթացքում: 12 ամսվա ընթացքում դուք ոչ մի ավելորդ ջուր չեք թողնում: Ձեր կարծիքով սա բնապահպանական ինչ-որ նորմաների համապատասխանո՞ւմ է: Օրենքը այստեղ չբերենք, որովհետեւ դա օրենք չէ, դա կառավարական որոշում է:… Մենք ունենք ավելի բարձր օրենք, այն էլ մի օրենք չի: «Սևանա լճի մասին» օրենք՝ առաջինը, «Բուսական աշխարհի մասին» օրենք երկրորդը, «Կենդանական աշխարհի մասին» օրենք՝ երրորդը, եւ կոնվենցիա, որը օրենքից, ենթաօրենսդրական օրենքից ավելի բարձր է: Ոչ մի խոսք չկա այստեղ օրենքների մասին՝ առաջինը: Երկրորդը, մենք այստեղ ունենք գրականության ցանկ, ուղղակի քոփի փեյսթով արված է, ինչ այնտեղ բուսական եւ կենդանական աշխարհ կա, ինչ տեսակներ կան: Հղում է արվում 1987-89թ. Կարմիր գրքին, որն արդեն գոյություն չունի: Դուք երեւի տեղյակ եք որպես փորձագետ, որ Կարմիր գիրքը օրենքի ուժ ունի: Մենք ունենք Կարմիր գիրք, որտեղ որ 2 անգամ շատ անհետացած եւ անհետացման եզրին գտնվող տեսակներ մենք ունենք: Ընդհանրապես խոսք չկա: Այսինքն՝ պարզ երեւում է, որ մարդիկ, որոնք գրել են այդ նախագիծը, այնտեղ չեն եղել եւ տեղյակ չեն ընդհանրապես մեր օրենքների մասին:

Սիլվա Այվազյան.
-Նոր նախագիծ է պատրաստվում, չգիտեմ՝ Ազգային ժողովն ընդունել է, թե չէ, որ Սևան թափվող բոլոր գետերի վրա ագելվում է ՀԷԿ-եր կառուցել: Իհարկե, մինչ այդ լիցենզիա ստացածների վրա կարծես դա չի տարածվում: Դա արվում է զուտ ձկնատեսակների պահպանության տեսանկյունից: Ճիշտ կլինի, որ դուք հիդրոլոգիայի ինստիտուտի կարծիքը անպայման հարցնեք: 

Սիլվա Ադամյան.
-Այստեղ ես կարդացի պարոն Մովսիսյանի գրությունը: Դա ոչինչ չասող գրություն է: Ու զարմանալի է, որ նման մակարդակի մարդը կարող է նման գրություն գրել: Ես կարծում եմ, որ հանրությունն էլ եթե այդ գրությունը կարդա, երջանիկ չի լինի դրանից: …Մենք ունենք ակադեմիական համակարգ, գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք տարիներ շարունակ դրանով են զբաղվում:

Հայկ Հարությունյան.
-Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերության պահպանմանը, գետը շատ փոքր առու է, գետ չի: Հիդրոկայանը կառուցվում է ընդամենը 04 կիլովատ հզորության, եւ ջուրը չի հասնում լիճ: Մինչեւ 500 մետր լիճ հասնելը նա ֆիլտրվում է հողի տակ՝ ավազի մեջ: Եւ գետում չկա ձուկ: ..Երբ որ մասնագետները նայեցին, մեզ հանձնարարություն եղավ, որ նախագծում ավելացվի ձկնանցարաններ. հետագայի համար կարող է ջուրը շատանա եւ հասնի մինչեւ լիճ: …Մի խողովակներն անցնում են ճանապարհով, երկրորդը՝ քարքարոտ, այնտեղ որեւէ բույս չկա:.. Կենդանական աշխարհի մասին չեմ կարող բան ասել, կարող է գնանք, տեսնենք, այնտեղ թռչուն կա:

Սիլվա Ադամյան.
-Այստեղ պետք է պրոֆեսիոնալ փորձագիտական եզրակացություն: Ես էլի եմ կրկնում, ես չեմ տեսնում նորմալ փորձագիտական եզրակացություն:

Ինգա Զառաֆյան.
-Դարանակ գետի մոտավորապես 1/3-րդ մասը  վերցվում է փաստորեն ամբողջությամբ, ուզում եք կառավարության որոշման համաձայն, չգիտեմ, դա նշանակում է, որ գետի 1/3-րդ մասը, գետի լանդշաֆտը եւ գետի էկոհամակարգը ոչ թե փոխվում է, այլ  վերանում է: Այսինքն՝ գետի էկոհամակարգ դուք արդեն չեք ունենա: Դուք ասում եք՝ մինչեւ Սևան չի հասնում, հա, կարող է՝ չի հասնում: Գետի կարգավիճակն այն է, որ այն Սևանի մեջ թափվող գետ է: Եթե հիմա չկա, կարող է հետո, չգիտեմ, համայնքի համար ինչ-որ մի բան հնարեն, ուրիշ ոռոգման ջուր տան, համայնքն այդքան ջուր չվերցնի, եւ գետը վերականգնի իր բնական հոսքը: Ոչ դուք կարող եք փոխել գետի կարգավիճակը, ոչ ես, ոչ էլ բնապահպանական փորձաքննությունը:  Եթե բնապահպանական փորձաքննությունը փոխի գետի կարգավիճակը, ես չգիտեմ, ռեվոլյուցի՞ա ենք անում:

…Նախագիծը շատ բացասական կողմեր ունի: 3 անգամ կրկնվում է կառավարական ենթաօրենսդրական ակտ, կառավարության որոշում, ոչ մի խոսք չկա՝ թե ինչպես պետք է պահպանվի եւ ապահովվի «Սևանա լճի մասին» օրենքը,  «Բուսական աշխարհի մասին» օրենքը, «Կենդանական աշխարհի մասին» օրենքը եւ միջազգային  կոնվենցիան՝ Կենսաբազմազանության պահպանության մասին, որոնք շատ ավելի բարձր են ըստ մեր օրենսդրության, քան ենթաօրենսդրական ակտը: Երկրոդը՝ Սևանի էկոհամակարգի պահպանությունը, չնայած որ դուք ասացիք, որ այնտեղ լիքը միջոցառումներ են նշված, ուրեմն հիմնական պահանջը՝ ջուր ապահովելու, ընդհանրապես ուզում է կառավարության որոշում լինի, ընդհանրապես այդ ջրի ապահովումն այնտեղ շատ քիչ է: Ոչ թե քիչ է, կարելի է ասել, որ 0-ին մոտիկ թիվ է, որն ընդհանրապես ընդունելի չէ Սևանի համար, որովհետեւ գետի 1/3-րդ մասը վերցվում է այս թողքով:  1/3-րդ մասը նշանակում է, որ գետի էկոհամակարգն ընդհանրապես չի պահպանվի: Եւ 3-րդը, ստանդարտների մասին, որ ասում ենք, մենք ունենք ստանդարտներ, որոնք գրված են մեր գիտական եւ պրոֆեսիոնալ մասնագիտական կառույցների, ինստիտուտների կողմից: Այնտեղից ոչ մի եզրակացություն ստացված չէ: Այսինքն՝ տվյալները շատ հին են, չեն համապատասխանում իրականությանը, որը պետք է անպայման փոխվի, որովհետեւ մի անգամից երեւում է, որ ինքը՝ հետազոտությունը, այսպես աչքի չափով է արված եղել:

Հերիքնազ Մկրտչյան.
-Մենք կատարողներ ենք ընդամենը: Կառավարությունն է որոշում, թող հանրային ծառայությունները լիցենզիա չտան: Փորձագետի վրա՞ է բարդվում: Պահանջները ձեր փորձագեի՞ց է: Ի դեպ, փորձագետին նախագծողի հետ աշխատելը հե՞շտ է: Իմ նամակը, որ դուք կարդաք, թե ինչքան դիտողություններ եմ ես նախագծողին գրել…



Փետրվար 21, 2013 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր