Ջերմուկցիներ` մի՞թե կարելի է այդքան չսիրել սեփական երկիրն ու բնությունը

Ջերմուկցիներ` մի՞թե կարելի է այդքան չսիրել սեփական երկիրն ու բնությունը

ԷկոԼուր

Ջերմուկի հասարակայնությունն անհանգստացած է Արփա գետի վրա «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի ինտենսիվ կառուցմամբ: Դեռ 2 ամիս առաջ «Ջերմուկտուրբոշին» ընկերության կողմից կազմակերպված հասարակական լսումների ընթացքում հասարակայնությունը օրենքը պահպանելու պահանջ դրեց: Խնդրի առնչությամբ Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նամակում ասված է.

«Հարգելի պարոն նախարար,                                          

Արփա գետի վրա` Կեչուտի ջրամբար թափվելու վայրում, երեք ամիս առաջ սկսել են փոքր ՀԷԿ-ի կառուցումը և միայն 2012թ. օգոստոսի 20-ին Ջերմուկում անցկացված հասարակական լսումների (այն պայմանական կարելի է լսումներ համարել, քանի որ խախտված էր լսումների համար սահմանված ընթացակարգը և հետո 13-14 մասնակիցներից  5-ը կառուցողի ու նախագծողի, 3-ը Հայանտառի, 1-ական բնապահպանության նախարարության և քաղաքապետարանի ներկայացուցիչներ էին  և միայն 3-4-ը  հասարակայնության ներկայացուցիչներ) ժամանակ պարզվեց, որ կառուցողը Ջերմուկտուրբոշին ՍՊԸ-ն է: Ըստ կառուցողի` ՀԷԿ-ի ջրագծի երկարությունը 2,5 կմ է, խողովակի տրամագիծը` 160 սմ ( ամռան ամիսներին Արփայով այդքան ջուր չի հոսում, ուստի գետի այդ հատվածում կենդանական  աշխարհի իսպառ վերացման վտանգ կա), խողովակաշարի համար բացվող հարթակի լայնությունը 8 մ է (որը հսկայական վտանգ է ներկայացնում գործող ավտոճանապարհի համար, քանի որ ձորի լանջը ունի մեծ թեքություն, իսկ տեղ-տեղ այն ուղղաձիգ է), որ հատվելու է 500 ծառ (չհաշված այն ծառերը, որոնք չորանալու են արմատների հատումից և բացելուց): Բացի այդ, մենք գիտենք, թե գործնականում ինչպես են շեղվում նախագծից և միշտ ի վնաս բնության:                                                                                               

Վերը նշված ջրագծի 2,5 կմ-ից առնվազն 2 կմ-ը անցնում է անտառի միջով (ի դեպ, լսումների ժամանակ քաղաքապետարանի և Հայանտառի ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան ներկաներին պատասխանել, թե ում հողատարածքով է անցնում խողովակաշարը` համայնքի, թե անտառի):                                                              

Լսումներից պարզվեց նաև, որ ՀԷԿ-ի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխման և կառուցման թույլտվությունը կառավարությունը տվել է 2005թ., ապա կառուցման իրավունքը փոխանցվել է ներկայիս կառւցողին, որն իր հերթին նախագծային փոփոխություններ է կատարել (նախկինում խողովակաշարի մի մասը անցնում էր ավտոճանապարհի եզրով առանց ծառահատումների, իսկ նոր նախագծով այն ամբողջովին անցնում է անտառի միջով):                                                          

Պարոն նախարար, բացի այն, որ այդտեղ ՀԷԿ-ի կառուցումը (հատկապես խողովակաշարի անցկացումը) նշանակում է բնության այդ գեղեցիկ հատվածի ոչնչացում (արդեն  կատարվել են լանդշաֆտային փոփոխություններ, փոխվել է գետի հունը, հատվել են ծառեր, ջարդվել սալքարեր: Միթե կարելի է այդքան չսիրել Հայրենիքն ու Բնությունը)  տեղի է ունեցել նաև այդ բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի պահանջների կոպիտ խախտումներ, մանավորապես`համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի` հողամասի նկատմամբ իրավունքները դադարում են հողամասը 3 տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում (իսկ իրավունքը տրվել է 7 տարի առաջ), իսկ ՀՀ կառավարության 29.08.2002թ. հ.1473-ն որոշումով հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգի 4-րդ մասի համաձայն` առաջադրանքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին (նկատենք, որ թե առաջին, և թե երկրորդ դեպքում ժամկետների երկարաձգման կամ փոփոխման մասին խոսք չկա), իսկ Կարգի 7-րդ կետը ասում է` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով (մինչդեռ ներկայիս իրավատերը կատարել է պայմանների  փոփոխություն) :                                                                    

Խախտվել է ՀՀ կառավարության 28.10.1998թ. հ. 660 որոշումով հաստատված կենսագործունեության  միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և …հասարակայնության մասնակցության կարգը, որ լսումները ոչ թե պիտի կազմակերպեին շինարարական աշխատանքները սկսելուց 3 ամիս անց (իսկ ով պետք է կանխեր) այլ մինչ աշխատանքները սկսելը, և այն էլ հիշյալ Կարգի 3-5 մասերի պահանջներին խիստ համապատասխան:                                                                           

Պարոն նախարար, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` կանխելու փաստորեն ապօրինի շինարարությունը (բոլոր թույլտվությունները ժամկետանց են, չկա փորձագիտական եզրակացություն), ինձ տրամադրել նախարարության փորձագիտական եզրակացությունը և պարզել` արդյոք հիշյալ աշխատանքները չեն կատարվում բնության հատուկ պահպանվող տարածքում կամ շվեյցարացիների կողմից մշակված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծով` տուրիզմի և ձկնորսության գոտում»:

Լուսանկարը` Մակեդոն Ալեքսանյանի

Հոկտեմբեր 17, 2012 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր