Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի հետքերը մաքրվել են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի հետքերը մաքրվել են

ԷկոԼուր

Ներկա դրությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչատարի վթարի, որը տեղի էր ունեցել օգոստոսի 20-ին Կապանից ոչ հեռու, հետքերը մաքրվել են: Կապանից ստացված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն`հատուկ բրիգադները հավաքել են եւ լվացել են պոչերը, որոնք վթարված պոչատարից լցվել էին հողի վրա: Վնասի չափի մասին դեռ տեղեկատվություն չկա: Մեր տվյալներով` օգոստոսի 21-ին ԶՊՄԿ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ: Իսկ բնապահպանական տեսչությունը պետք է վնասի վերաբերյալ ակտ կազմի եւ գնահատի վնասի չափը: Մեր գործընկեր` «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում անհանգստություն հայտնեց պոչատարի կրկնվող վթարների կապակցությամբ: «Մենք տեսանք, թե ինչպես ամբողջ օրվա ընթացքում Ողջի գետում կոմբինատի պոչերն էին: Սա առաջին անգամը չէ, նման դեպքերը քիչ չեն: Ցավոք, ոչ ոք կոմբինատին պատասխանատվության չի կանչում պոչերի արտանետումներից առաջացած հետեւանքների համար: Եթե նույնիսկ տեսչությունը տուգանում է կոմբինատին, ապա դրանք աննշան տուգանքներ են, դրանք ձեւական բնույթ են կրում: 35կմ երկարությամբ պոչատար խողովակը մշտական հսկողության եւ վերակառուցման կարիք ունի: Ղեկավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նվազեցնի վթարների ռիսկերը, ինչը մենք դեռ չենք տեսնում»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ Կապանի հասարակայնությունը մտադիր է այդ հարցը քննարկել ԶՊՄԿ-ի եւ տարածքային բնապահպանական տեսչության ներկայացուցիչների հետ:

Օգոստոս 21, 2012 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր