

ԷկոԼուր
Ջրային ռեսուրսի վատ կառավարման արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղը մնացել է առանց ջուր։ Բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ այս տարի ընդհանրապես չեն ջրել իրենց հողերը: Ազատեկի ավագանու անդամ Սևադա Զաքարյանի խոսքով՝ ջրի խնդիրը գյուղում սկսվել է այն ժամանակ, երբ գյուղի տարածքում հիմնվել են այգիներ: «20 հեկտար այգի են հիմնել, գյուղի եղած ջուրն էլ, եթե մի քիչ ջուր էլ գալիս էր, ամբողջը գնում է այդ այգիներին: Այս տարի ջուր ընդհանապես չենք ունեցել»,- ասաց Սևադա Զաքարյանը:
Իսկ գյուղապետ Սիրակ Հովսեփյանը պատմեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն աճուրդի է հանել իրենց գյուղի տարածքում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված ջրագծի խողովակները, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը: «Այդ խողովակները հանդիսանում են Ջրպետկոմի գույքը, և Ջրպետկոմը աճուրդով մրցույթ է անցկացրել, շինարարը շահել է և այժմ ապամոնտաժում է ուրիշ պոմպակայանի վերանորոգման համար,- ասաց Սիրակ Հովսեփյանը,- եթե հնարավոր է, թող այդ խողովակները օգտագործվեն մեր գյուղի համար, կառուցվի նոր ջրագիծ: Մեր Կեչուտ-Ազատեկ ջրագիծը սպասարկում է մի քանի համայնքների, մեր գյուղը ամենածայրում է գտնվում, համայնքները ջուրը օգտագործում են, մեզ անբավարար ջուր է հասնում»: Գյուղապետի խոսքով՝ իրենց ջրի խնդիրը կլուծվի միայն նոր ջրագծի կառուցմամբ:
Բնակիչներն էլ են դեմ խողովակների վաճառքին: «Դա մեր համայնքի համար է կառուցված եղել, ոնց որ գան, մտնեն տունդ և ապրանքդ տանեն,- ասում էին վրդովված գյուղացիները,- մենք ջուր չունենք, այդ խողովակներով կարող ենք ջուր քաշել։ Կապ չունի՝ հիմա ում բալանսի վրա է, սա համայնքինն է, ջրագիծը կառուցվել է մեր գյուղի համար, բայց արդեն 4 տարի մեր գյուղ ջուր չի հասնում: Այդ խողովակները պիտի օգտագործվի մեր գյուղի համար, որ ջուր բերեն մեզ, էսպես չի լինի, ոչ պետություն կա, ոչ մտածող։․․․ Այդ խողովակները մերն են, և ոչ ոք իրավունք չունի՝ դուրս հանի մեր գյուղից»:
Բնակիչների կարծիքով՝ ջրի պակասի մեջ մեղքի բաժին ունի նաև իրենց ջրագծի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ը: Իրենք չգիտեն, թե ում է այն պատկանում, միայն ասացին, որ այն շահագործվում է արդեն երկար տարիներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հունիս 14, 2014 at 11:26





