ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ

«ԷկոԼուր»

Բնապահպանության նախարարությունը հերթական անգամ հրաժարվեց իր առաջնահերթություններից եւ կանաչ լույս վառեց նոր օբյեկտի՝ Հրազդանի հարստացուցիչ ֆաբրիկայի համար:

Հրազդանն մտնում է երկրի էկոլոգիապես անբարենպաստ քաղաքների ցուցակի մեջ առաջին հերթին փոշու պատճառով: Փոշու կոնցենտրացիան, կախված քամու ուղղությունից եւ ցեմենտի գործարանի գործունեության տեմպից, թույլատրելի նորման գերազանցում է 5 անգամ: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ Հրազդանը գտնվում է երկրի ամենահեղինակավոր առողջարաններից մեկի՝ Ծաղկաձորի կողքին, որը հավակնում է միջազգային նշանակության առողջավայրի կարգավիճակի: Այս տեղավայրը հայտնի է իր բարենպաստ կլիմայական պայմաններով, հանքային աղբյուրներով, պատմամշակութային հուշարձաններով:

Քաղաքի էկոլոգիային եւ նրա շրջակայքին ի՞նչ կավելացնի նոր ֆաբրիկան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն պետք է տեղակայվի Հրազդանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա:

Հարց առաջին: Եթե, որոշ փորձագետների գնահատականների համաձայն, պայթեցման աշխատանքների արդյունքում փոշու ամպը ծածկում է 5կմ շառվղով տարածք, ապա փորձագիտության ներկայացված նախագծում ինչպե՞ս է գրվել, որ Հրազդանի մթնոլորտի վրա ձեռնարկության ազդեցությունը թույլատրելի նորման չի գերազանցի: 

Հարց երկրորդ: Հայտնի է, որ Հրազդանի հանքավայրի նման հանքավայրի շահագործման դեպքում ռադոնի հաշվին կավելանա ռադիոակտիվ ֆոնը: Այս մասին նախագծում ընդհանրապես խոսք չկա:

Հարց երրորդ: Նախագծում նշված են ֆաբրիկային ամենից մոտ գտնվող գյուղերը, բայց դրա հետ մեկտեղ ոչինչ չի ասվում Հրազդան քաղաքի Աթարբեկյան համայնքի մասին, որը գտնվում է հենց հանքավայրի մոտ:  Մեզ հետ զրույցում Աթարբեկյանի բնակիչները խոստովանեցին, որ ոչինչ չգիտեն այդ նախագծի մասին, բայց կցանկանային իմանալ, թե ով եւ ինչ է կառուցում, որտեղ է պայթեցում կատարելու, եւ եթե նրանց տնտեսությունները տուժեն, ապա ով է իրենց հատուցելու:

Ցավոք սրտի, չհաջողվեց «Նագին» ընկերությանը տալ այդ եւ ուրիշ հարցերը:

«ԷկոԼուր»-ի հետ նամակագրության ընթացքում Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը նշեց, որ, չնայած նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը, Հրազդանի Օրհուս կենտրոնը չի հրավիրվել նախագծի լսմանը:  Չէին հրավիրվել նաեւ այլ շահագրգիռ կողմեր, մասնավորապես՝ Կոտայքի մարզի բնապահպանության վարչությունը, գյուղական համայնքների ներկայացուցիչները, տեղի ՀԿ-ները:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծի վերաբերյալ  հասարակական լսումների մասին հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է հասարակական լսումներից մի քանի օր անց:

Մարտ 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր