Panorama.am
Կայուն աղտոտիչները շրջակա միջավայրում գերակտուալ և գրեթե անդառնալի բնույթ են ստացել: Հաշվի առնելով Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և արդյունաբերական առանձնահատկությունները` առավել ակտուալ է ծանր մետաղների ազդեցությունը:
Այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած բնապահպանական հիմնահարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների» կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
Ըստ նրա` 1989 թ.-ին վտանգավոր ռիսկի պայմաններում էր ապրում բնակչության մոտ 29%, իսկ այսօր՝ մոտ 57 %: Դա, մասնագետի հավաստմամբ, վկայում է, որ Երևանի էկոլոգիական վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ քաղաքի հիմնական տարածքը գտնվում է էկոլոգիական ռիսկի պայմաններում և առաջին հերթին տուժողը երեխաներն են:
«Ընդհանուր աղտոտման ֆոնը դեռ բարձր է: Քաղաքում հաշվարկված ֆոնը գերազանցում է թույլատրելի սահմանային խտությունը մոտ 3 անգամ: Բայց ընդհանուր դրական տենդենցը 3 տարվա մեջ ակնհայտ է: Ցավոք սրտի, քաղաքներում շատ բարդ տնտեսական կառուցվածք է և աղտոտումը տեղի է ունենում միանգամից մի շարք էլեմենտներով: Երևանում 1989 թ.-ին էկոլոգիական ռիսկի տարածքը քաղաքի կենտրոնում էր, իսկ 13 տարի անց մեզ մոտ վերացան աղտոտման բարձր կարգաշեղումները, սակայն բարձացավ միջին աղտոտումը»,-ասաց Ա. Սաղաթելյանը:
Նրա խոսքերով, 2001 թ.-ին կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձյան մեջ, այսինքն նաև` մթնոլորտում, կապար չկա, կապարի պարունակությունը իջել է նաև Հրազդան գետի ջրում, և հողերը, որոնք «հայելու պես արտացոլում են գումարային ճնշումը շրջակա միջավայրի վրա», սկսել են ինքնամաքրվել:
Ա. Սաղաթելյանը նշեց, որ թեև այսօր երկրում տնտեսական ճգնաժամ չկա, բայց պահպանվում է քաղաքի շրջակայքում բանջարաբոստանային մթերքներ աճեցնելու սովորույթը, իսկ աղտոտված հողերում աճող բանջարեղենը չի կարող առողջ ու անվտանգ լինել:
«Այդ բանջարեղենները, որոնք աճեցվում են փոքր բանջարանոցներում պարունակում են գերնորմատիվ ծանր մետաղներ: Քաղաքի ծայրամասերում այսօր էլ ակտիվ շարունակվում է գյուղատնտեսական գործունեությունը, իսկ մեր շուկան հիմնականում սնվում է այդ հողամասերում աճեցվող բանջարեղենից, մասնավորապես` կանաչեղենից, որն ամենից շատ է կլանում ծանր մետաղները»,-ասաց Ա. Սաղաթելյանը:
Նշենք, որ որպես լուծում, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների» կենտրոնը Երևանի քաղաքապետարանի հետ սկսել է ֆունկցիոնալ կանաչապատման ծրագիր, որի համաձայն` աղտոտված տարածքները կանաչապատվելու են այն բուսատեսակներով, որոնք կարող են կլանել ծանր մետաղները՝ աշխատելով որպես ֆիտոֆիլտրներ:
Նոյեմբեր 27, 2008
