ՇԱՏԻՆԸ ՈՂՋ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻԱԿ ԳՅՈՒՂՆ Է, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԸ ԵՎ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

ՇԱՏԻՆԸ ՈՂՋ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻԱԿ ԳՅՈՒՂՆ Է, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԸ ԵՎ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Նելլի Դանիելյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

Վայոց Ձորի Շատին գյուղից, դիմացի քարափին կարելի է տեսնել մի քանի տասնյակ բեզոարյան այծերի: Այդ կենդանիները գրանցված են ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային «Կարմիր գրքում», սակայն այդ տարածքում նրանց հետեւելիս դժվար է պատկերացնել, որ դրանք վերացման վտանգի տակ են: Բանն այն է, որ վերջին տարիներին սկսված բեզոարյան այծերի պահպանության ծրագրերի շնորհիվ, գոնե Վայոց Ձորի մարզում հաջողվել է հաղթահարել ճգնաժամը:

Շատինը ոչ միայն Հայաստանի, այլեւ Կովկասի միակ գյուղն է, որտեղ մարդն ու բեզոարյան այծն ապրում են կողք կողքի: Մարդու եւ բնության ներդաշնակությունը, որ տարիներ առաջ խախտվել էր հրացանավոր մարդու պատճառով, այժմ փորձ է արվում վերականգնել:

Կարեն Մանվելյան Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն. «Տեսնո՞ւմ եք, այստեղ այծերը վախեցած չեն: Բնության մեջ հենց մարդ են տեսնում, փախչում են: Դա նշանակում է, որ կենդանին մարդուց վախենում է, ուրեմն գիտի` ինչ է կրակոցը»:

Եղեգիսի կիրճում բեզոարյան այծերի պահպանությունը սկսվել է դեռեւս 2002 թվականից, երբ դրանց գոյությունն արդեն վտանգված էր: Մեկ տարի առաջ վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ, էկոտուրիզմի զարգացման նպատակով, այստեղ սկսվեց նաեւ դիտակետերի կառուցումը:

Այսօր այս կենդանիների ուղղությամբ ուղղված միակ սարքերը հեռադիտակներն են, սակայն, թերեւս չի բացառվում, որ մոտ ապագայում կարտոնվի նաեւ նրանց որսը:

Բանն այն է, որ դեռեւս 2004-ին տարածքը կառավարության որոշմամբ մշտական եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ընկերությանը` վայրի կենդանիների բազմացման, էկոտուրիզմի եւ որսորդական տուրիզմի զարգացման նպատակով: Ի դեպ, հայկական կողմից ընկերության սեփականատերը Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանն է: Վերջինը վստահեցնում է. մինչ օրս ընկերությունը ոչ միայն կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որս չի կազմակերպել, այլեւ նրանց պաշտպանել է որսագողերից: «Սաֆարի ինտերնացիոնալ»-ին պատկանող 3000 հա տարածությունը օր ու գիշեր հսկում է 18 աշխատակից: Այդուհանդերձ, Վարդգես Մաթեւոսյանն անարդար է համարում այն հանգամանքը, որ 7 տավա ընթացքում շուրջ 10 անգամ ավելացնելով հազվադեպ կենդանիների քանակը, իրենք իրավունք չունեն որսալու դրանցից մի քանիսին:

«7 տարի է պահում պահպանում ենք, գումար ենք ծախսել, ի վերջո պիտի՞ եկամուտ ունենանք, աշխատողներին պիտի վարձատրենք, ի վերջո որսի կազմակերպություն ենք: Պիտի դիմենք կառավարությանը, որ տարեկան գոնե 5-6 հատի թույլտվություն տան, տուրիստ հրավիրենք», - վրդովվում է մարզպետը:

Տուրիզմի այս տեսակը բավական տարածված է նաեւ եվրոպական զարգացած երկրներում: Պարտադիր պայման է, որ որսորդական տնտեսությունը պատասխանատու լինի նաեւ կենդանիների պահպանության եւ վերարտադրության համար: Մեր օրենսդրությամբ, սակայն, այս կենդանիների որսն արգելված է եւ նրանց նկատմամբ ցանկացած գործողություն որսագողություն է: Բանն այն է, որ եթե Վայոց Ձորում բեզոարյան այծն այլեւս վտանգված տեսակ չէ, ապա Հայաստանում այն շարունակում է վերանալ:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը վստահեցնում է, որ հազվադեպ այս կենդանիներն այդքան էլ հեշտ չէ դուրս բերել Կարմիր գրքից: «Այստեղ պոպուլյացիայի վիճակն ամենաբարվոքն է: Քիչ թե շատ լավ է նաեւ Կաքավաբերդի եւ Մեղրիի տարածքում: Մնացած տեղերում շատ քիչ են: Միայն մի պոպուլյացիայով հնարավոր չէ կարմիր գրքից հանել, պիտի ամբողջ արիալով ավելանա քանակը, կամ գոնե ամբողջ Հայաստանով լինի»:

Վայոց Ձորում լավ են ապրում ոչ միայն բեզոարյան այծը, այլեւ վայրի խոզը, գորշ արջը, անգղը, հովազը, լուսանը, ընձառյուծը: Կարեն Մանվելյանի համոզմամբ, եթե ոչ ամբողջ մարզը, ապա գոնե Եղեգիսի կիրճը կարելի է դիտարկել որպես կայուն զարգացման մոդել:

Դեկտեմբեր 05, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր