«ACP» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ս.թ. փետրվարի 12-ին www.ecolur.org կայքում տեղադրվել է «ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՓՈԹՈՐԿԻՆ. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԵՏ ՉԻ ՄՆՈՒՄ» ԱՇԽԱՐՀԻՑ» վերնագրով հոդված (հեղ.` Գայանե Աբրահամյան սկզբնաղբյուր` www.armenianow.com էլ. շաբաթաթերթ), որում նշվում է. ««Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը գնաց Կապանի իր հարավային գործընկերոջ հետքերով, աշխատանքը դադարեցվեց ինչպես «Դինո Գոլդ Մայնինգ», այնպես էլ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատներում»: Հոդվածագիրն այդ դադարեցումը համարում է պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
Եթե խոսքը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի մասին է (հոդվածագիրն օգտագործում է «Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ» ոչ համարժեք անվանումը), ապա այն այս պահին գործում է: Առաջիկա ամիսներին ամենայն հավանականությամբ գործարանի գործունեությունը կդադարեցվի, սակայն դա ուղղակիորեն կապված չէ մետաղների գների` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած կտրուկ անկման հետ և պայմանավորված է այլ գործոններով, որոնց շարքում` պղնձի խտանյութի վերամշակման պայմանների առումով ոչ բարենպաստ միտումները համաշխարհային շուկաներում, հումքի` ներկայումս Հայաստանում արդյունահանվող քանակն օգտագործելով շահութաբեր արտադրություն կազմակերպելու անհնարինությունը, էներգակիրների գների ակնկալվող բարձրացումը, բնապահպանական վճարների չափերի նախատեսված մեծացումը և այլն: Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը շարունակելու հարցը երկարաժամկետ հեռանկարում անորոշ է եղել, և այդ մասին ընկերության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է նաև մինչ ճգնաժամը:

Տնտեսական ճգնաժամի հետևանքով միջազգային բորսաներում մետաղների գների  կտրուկ անկումն էական ազդեցություն է ունեցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործունեության հանքարդյունաբերական բաղադրիչի վրա: Ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել Ալավերդու հանքի և հանքահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը, որը շահութաբեր չի եղել նույնիսկ մետաղների` մինչ ճգնաժամը ձևավորված պատմականորեն աննախադեպ բարձր գների պայմաններում և մետաղների գների կրուկ անկման հետևանքով դարձել է բացարձակապես անհեռանկար:

Փետրվար 19, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր