«ԷկոԼուր»
Հրազդանի Օրհուս կենտրոնն, այնուամենայնիվ, անցկացրեց հասարակական լսումներ Հրազդանում վերամշակող ֆաբրիկայի կառուցման եւ երկաթի հանքավայրերի շահագործման վերաբերյալ:
Ս.թ. փետրվարի 13-ին՝ ժ. 12:00-ին, ՀՀ Բնապահպանության նախարարության և «Նագին» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվել և անց է կացվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքավայրի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումները:
Հրազդան քաղաքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Պ. Մարգարյանի խոսքերով՝ լսմանը ներկա են եղել քաղաքի գլխավոր ճարտարապետը, բնապահպանության բաժնի ավագ մասնագետը, «Նագին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները և մեկ ՀԿ Երևան քաղաքից: Հրազդան քաղաքից որևէ ՀԿ կամ շահագրգիռ կողմ տեղեկացված չի եղել լսումների անցկացման տեղի և ժամի վերաբերյալ, այդ թվում նաև ՕՐՀՈՒՍ կենտրոնը: Խնդրի կապակցությամբ հանդիպում տեղի ունեցավ քաղաքապետի հետ, որը մեզ հավատացրեց, որ հասարակական լսումներ տեղի չեն ունեցել, հանքավայրի տարածքի հողի կատեգորիայի անհամապատասխանության պատճառով:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային էջում տեղադրված տվյալների, նախատեսվող հանքը գտնվելու է քաղաքից ընդամենը 1.5 կմ, Սևան-Հրազդան ջրանցքից 0.6 կմ և Հրազդան գետից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա` 1801.9 – 1789.8 բարձունքային նիշերի վրա, որը իրենից փոքր լեռ է ներկայացնում: Համեմատելով «Նագին» ՍՊԸ-ի կողմից կատարած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տվյալները և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կատարվող ամենամսյա օդի և ջրերի մոնիտորինգի տվյալները՝ բազմաթիվ անհամապատասխանություններ հայտնաբերվեցին:
Խնդրի կապակցությամբ մարտի 12-ին Հրազդանի ՕՐՀՈՒՍ կենտրոնում կազմակերպվել էր հասարակական քննարկում ՀԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնակցում էին` «Մարդու իրավունքների պաշտպանության հրազդանյան գրասենյակ»-ի տնօրեն Կ. Առաքելյանը, «Քաղաքացիական ակադեմիա»-ի տնօրեն Ջ. Բուբուշյանը, «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Կ. Առաքելյանը, «Հրազդան» հեռուստատեսության տնօրեն Մ. Հարությունյանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի տնօրեն Վ. Մամիկոնյանը, «Կայուն զարգացում» ՀԿ-ի տնօրեն Ջ. Բուբուշյանը, «Համալսարանական Կրթություն Կանանց Ասոցիացիա»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Ն. Հակոբյանը, «ՀՕՄ» Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Զ. Քոչարյանը, «Վառվող աստղ» ՀԿ-ի տնօրեն Ջ. Վարդանյանը, «Կանանց հանրային խորհրդի» Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Ջ. Ոպանյանը, «Անտառներ գալիք սերունդներին» ՀԿ-ի նախագահ Գ. Աառաքելյանը: Պետական մարմինների ներկայացուցիչները չներկայացան քննարկմանը:
Քննարկման արդյունքում կազմվեց արձանագրություն, որը հետագայում կներկայացվի քաղաքապետին և «Նագին» ՍՊԸ-ի տնօրինությանը:
Ապրիլ 06, 2009
