Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՎԱՆՈՒՄ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ»

Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՎԱՆՈՒՄ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ  ԴԱԴԱՐԵՑՆԵԼ»

Նատաշա Հարությունյան, «Հետք»

«Քաղցրահամ ջրի խնդիրը լուրջ է, քանի որ աշխարհի բոլոր ջրային պաշարների 2.5 տոկոսն է միայն քաղցրահամ, մնացածը օվկիանոսային աղի ջրերն են: Պատահական չէ, որ ՄԱԿ-ը 21-րդ դարը հայտարարել է քացրահամ ջրերի դար»,- «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նշեց, որ Սևանը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ տարածաշրջանում քաղցրահամ ջրերի նման պաշար չկա:

Սևանում քաղցրահամ ջուրը կազմում է 35 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ նախկինում ունեցել ենք 58 մլրդ խմ:

«1933թ.-ից օգտագործել ենք այդ պաշարները` հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու և հողերը ոռոգելու համար, այդ պատճառով ջուրն այդքան կրճատվել է: ԽՍՀՄ-ի տարածքում չկա մի կառույց, որի հանդեպ այդքան հոգատարություն է ցուցաբերվել, ու այդքան ծախսեր են կատարվել: Եվ եթե հիմա էլ մենք չշարունակենք նման միջոցառումները, նախկինում կատարված ծախսերը ի չիք կդառնան: Սևանի հետ կապված երեք խումբ հիմնախնդիրներ կան լուծելու. առաջին` լճի մակարդակի բարձրացումը մինչև այն նիշը, որ կարողանանք էկոլոգիական հավասարակշռվածությունն ինչ որ տեղ պահել: Որոշված է Սևանի մակարդակը բարձրացնել ծովի մակերևույթից մինչև 1903.5 նիշ, ընդհանուր պետք է բարձրացվեր 6 մետր, որից մոտ 1,5-ն արդեն բարձրացվել է»,- ասաց նա:

Ջրի մակարդակի վեց մետր բարձրացման հետևանքով կունենանք 8 միլիարդ լրացուցիչ ջուր: Վ. Մովսիսյանի հավաստմամբ`գլոբալ տաքացման շրջանում ենք ապրում, Հայաստանում մինչև 2030թ. ջերմաստիճանը բարձրանալու է երկու աստիճանով: Դա նշանակում է` տեղումները կպակասեն 17 տոկոսով, գոլորշիացումը կավելանա 22 տոկոսով, հետևաբար` անհրաժեշտ է ջրի պահուստներ ստեղծել:

«Այդ բարձրացումը պետք է արվի մինչև 2031թ.: Կարևոր հարց է նաև լճից ոռոգման նպատակով պակաս ջուր բաց թողնելը: Անցյալ տարի բաց է թողնվել 302 միլիոն խմ ջուր, այս տարի կառավարության որոշմամաբ նախատեսվել է բաց թողնել 142 միլիոն խմ: Ցավոք, Սևանից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի 48-50 տոկոսը ոռոգման  ցանցերում, ջրանցքներում կորչում են: Ամենամեծ կորուստները ներքին ցանցերում են: Մենք արդեն առաջարկություններ ենք մշակել` ոռոգման նոր տեխնիկա և տեխնոլոգիա մշակելու համար: Գյուատնտեսության նախարարությունն այդ ուղղությամբ արդեն առաջին քայլերն է անում»,- ասաց նա:

Սևանի հետ կապված խնդիրների երկրորդ խումբը լճի մաքրության հարցն է` եթե ջուրը չի մաքրվելու, Վ. Մովսիսյանի խոսքով` մակարդակի բարձրացնելն անիմաստ է: Այժմ հանձնաժողովն աշխատում է մաքրման կայանների ստեղծման վրա:

«Ամենածանրը ափամաքրման հարցերն են, ջրի տակ է մնալու 2770 հեկտար անտառ, երբ վեց մետր բարձրացվի ջրի մակարդակը: Ափամերձ անօրինական շինությունները նույնպես պետք է դուրս գան, առանց դրա ջրի մաքրում չի կարող լինել»,- ասաց նա:

Խնդիրների երրորդ խումբը կենսաբազմազանության հարցերն են` ֆլորայի, ֆաունայի, ձկնապաշարների: Հանձնաժողովն առաջարկում է ձկնորսությունը 3-4 տարով դադարեցնել, թույլատրել միայն խեցգետնի և կարասի որսը ափամերձ տարածքներում: Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Գեղարքունիքի մարզում հիմնականում մարդիկ հենց ձկնորսությամբ են զբաղված, ապա, Վ. Մովսիսյանը հավաստիացնում է որ մոտ 300 000 մարդ է ապրում Գեղարքունիքի մարզում, մինչդեռ Սևանում ձկնորսությամբ, ձկան վերամշակմամբ, առևտրով ու տեղափոխմամբ պաշտոնական  տվյալներով զբաղվում է 1706 մարդ:

«Մենք չենք ասում` ձուկ չորսաք, ասում ենք` ստեղծենք, նոր որսանք: Մենք ասում ենք` 3 տարով դադարեցնենք, մինչև ձուկը դառնա սեռահասուն և սկսի ինքն իրեն վերարտադրել: Ու նոր միայն կարելի է գնալ, 10 անգամ ավելին որսալ, քան թե այսօր չեղածը սպառել»,- ասաց նա:

ՍԵՎԱՆԻՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ, ԵՎ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՐՏՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
Արման  Գասպարյան, «Հայաստանի Հանրապետություն»

Ներկայումս լճի ջրային պաշարները կազմում են 35 մլրդ խմ

Մարդկության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը քաղցրահամ ջրի համաշխարային պաշարների պահպանությունն է, քանզի երկրագնդի ջրային պաշարների միայն 2,5 տոկոսն է քաղցրահամ, ընդ որում՝ դրանցից 60 տոկոսը գտնվում է սառցադաշտերում։ Սեւանա լիճն այս առումով մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի էկոհամակարգի համար, քանզի քաղցրահամ ջրի այդպիսի մեծ պաշարներ չունեն ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Իրանը։  Ներկայումս մեր ազգային հարստության ջրային պաշարների ծավալները կազմում են 35 մլրդ խմ, սակայն նախկինում՝ մինչեւ 1933 թվականը Սեւանն ունեցել է 58 մլրդ խմ ջուր։ 1933–ից, երբ լճի ջուրը սկսեցին օգտագործել էլեկտրաէներգիայի արտադրության համար, մինչեւ օրս Սեւանա լճի մակարդակն իջել է 16,75 մետրով։ 1990—ականներին բաց թողնվող ջրի ծավալները լիճը գրեթե հասցրել էին էկոլոգիական աղետի եզրին՝ վերածելով Սեւանը մեռնող լճի, սակայն ժամանակին իրականացված ռազմավարական գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել այդ աղետը։

«Նախկին Խորհրդային Միության տարածքում եւ աշխարհի շատ երկրներում չկա այնպիսի բնական օբյեկտ, որի վրա այնքան ծախսեր եւ աշխատանք իրականացված լինի, ինչպիսին Սեւանա լիճն է»,– ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ երեկ մամուլի ասուլիսում։ Արփա—Սեւան թունելը, որն ունի 48,2 կմ երկարություն, տարեկան մոտ 280 մլն խմ ջուր էր տեղափոխում Սեւան։ Դրա հետ մեկտեղ, Որոտանի հիդրոհանգույցը՝ 21 կմ երկարությամբ, նույնպես ծառայում էր այդ նպատակին. «Փաստորեն, 70 կմ երկարությամբ ստորգետնյա թունելները կառուցվել էին Սեւանը պահպանելու համար։ Բացի այդ, լճից ոռոգման համար օգտագործվող ջրի ծավալները պակասեցնելու համար կառուցվել էին Ապարանի եւ Ազատի ջրամբարները»։

Վ. Մովսիսյանը համոզված է, որ եթե լճի պահպանման համար աշխատանքները չիրականացվեն նաեւ ներկայումս, ապա նախկինում կատարված բոլոր ծախսերն ի չիք կդառնան։ Այդ իսկ պատճառով ստեղծվել է հիշյալ հանձնաժողովը։ Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովն արդեն ունի իր կանոնակարգը եւ աշխատում է 16 հիմնահարցերի շուրջ, որոնք Վ. Մովսիսյանը պայմանականորեն բաժանեց երեք խմբերի։

Առաջին հիմնախնդիրը կապված է լճի մակարդակի բարձրացման հետ. այն պետք է կազմի ծովի մակարդակից 1903,5 մետր։ Դա այն նիշն է, որի արդյունքում հնարավոր է պահպանել կենսաբանական հավասարակշռությունը։ Փաստորեն, Սեւանա լճի մակարդակը 2000 թվականի համեմատությամբ պետք է բարձրացվի 6 մետրով։ Մինչեւ այսօր կատարված աշխատանքների արդյունքում այն արդեն բարձրացել է 1,35 մետրով, մնում է եւս 4,65 մետր։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք՝ եւս 21 տարիների ընթացքում, որպեսզի 2031–ին վերոնշյալ մակարդակն ապահովվի. «Յուրաքանչյուր տարի նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել 20—21 սմ—ով։ Ներկայումս խնդիր ունենք՝ կապված Արփա—Սեւան թունելի հետ, քանզի վթարային իրավիճակ է ստեղծվել 7–րդ եւ 8–րդ թունելախորշերում՝ մոտ 3 կմ երկրարությամբ։ Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնք կտեւեն 5 տարի. այս տարի արդեն հատկացվել է 1,5 մլրդ դրամ»։ Թունելի նախագծային հզորությունը, ինչպես նշվեց, կազմում է տարեկան 280 մլն խմ, սակայն վթարի պատճառով ներկայումս Սեւանա լիճ է տեղափոխվում միայն 160 մլն խմ։ Կրճատվում են նաեւ լճից բաց թողնվող ոռոգման ջրի ծավալները։ Եթե նախորդ տարի բաց է թողնվել 302 մլն խմ ջուր, ապա այս տարի այն կկազմի 142 մլն խմ։ Վ. Մովսիսյանը ցավով նշեց, որ բաց թողնվող ջրի 48—50 տոկոսը ոռոգման ներքին ցանցերում եւ ջրանցքներում կորչում է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերականգնել մայր ջրանցքների տեխնիկական վիճակը, մշակել եւ կիրառել ոռոգման նոր տեխնոլոգիաներ, ինչի ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն աշխատում է։

Երկրորդ հիմնախնդիրը կապված է ջրի մաքրության հետ. «Եթե Սեւանի ջուրը խմելու չլինի, ապա մակարդակի բարձրացումն ինքնանպատակ է դառնում՝ թեկուզ բարձրացնենք 10 մետրով։ Մենք պետք է իրականացնենք ափամաքրման, կոյուղահեռացման աշխատանքներ։ Մինչեւ 2012 թվականը կկառուցվեն մաքրման կայաններ Սեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում եւ Ջերմուկում։ Լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 2770 հա անտառներ կհայտնվեն ջրի տակ, այնպես որ, պետք է դրանք մաքրել։ Արդեն իսկ մաքրել ենք 600 հա։ Ջրի տակ կհայտնվի նաեւ 2,2 կմ երկարությամբ ճանապարհ Լճաշեն գյուղի հատվածում. այդ ճանապարհը կբարձրացնենք 5 մետրով։ Եվս 6,7 կմ հատվածում կիրականացվեն ճանապարհների ամրացման աշխատանքներ։ Ջրի տակ կհայտնվեն նաեւ 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր եւ 19 կմ գազատարներ ու կայաններ, որոնք նույնպես անհրաժեշտ է տեղափոխել»։ Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ ապօրինի շինությունների խնդրին։ Ափամերձ տարածում՝ սահմանված նիշից ցածր, կան 1690 անօրինական եւ ընդամենը 66 օրինական շինություններ, որոնք նույնպես անհրաժեշտ է ապամոնտաժել։ Օրինական շինությունների տերերը, օրենքով սահմանված կարգով, կստանան համապատասխան փոխհատուցում։

Եվ երրորդ հիմնախնդիրը կապված է Սեւանա լճի կենսաբազմազանության ապահովվման, մասնավորապես՝ ձկնապաշարների պահպանության հետ. «Մենք առաջարկել ենք 3—4 տարով արգելել ձկնորսությունը, բացառությամբ խեցգետնի եւ կարասի որսի, այն էլ՝ միայն ափամերձ տարածքում։ Դա թույլ կտա վերականգնել լճի ձկնապաշարները, քանզի այս առումով աղետալի վիճակ է ստեղծվել»։

Վ. Մովսիսյանն անդրադարձավ նաեւ հանքարդյունաբերությանը։ Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր, այդ թվում եւ Սոթքի հանքավայրը, որտեղից հանքանյութը տեղափոխվում է Արարատ։ «Սեւանի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է Սեւանա լճի ավազանում ցանկացած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, այդ իսկ պատճառով Սոթքի հանքանյութերի վերամշակումն իրականացվում է Արարատում. «Դա մենք իրականացրել ենք օրենքի համաձայն, եւ հավատացնում եմ, որ այն այլեւս Սեւան չի վերադառնալու»։

Սեւան ներհոսող 28 գետերը ներկայումս գտնվում են ապականված վիճակում, սակայն, ընդհանուր առմամբ, Վ. Մովսիսյանը լավատես էր, քանզի ապավինում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոգատար վերաբերմունքին։ Նա մատնանշեց նախագահի՝վերջերս հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած միտքը. «Սեւանին մենք պարտք ենք, եւ ժամանակն է այդ պարտքը վերադարձնելու»։

Հուլիս 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր