«DENO GOLD MINING»-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«DENO GOLD MINING»-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արմինե Ավագյան, «Սյունաց Երկիր»
«ԷկոԼուր»-ի համար

«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն պատրաստվում է կոնսերվացնել Կապանի կենտրոնական հանքավայրը, հրաժարվել այն շահագործելու արտոնագրից եւ  հանքը  հանձնել պետությանը: Այդ հարցը երկու անգամ քննարկվեց Կապանում՝ առաջին անգամ սեպտեմբերի 28-ին՝ Կապանի Օրհուս կենտրոնում, երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 9-ին՝ Կապանի քաղաքապետարանում:

«Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի բնապահպանության բաժնի մասնագետ Հասմիկ Մկրտումյանը, ներկայացնելով  նախագծի բնապահպանական մասը,  նշեց, որ այն պետք է հաստատեն ընկերության ղեկավարն ու Կապանի քաղաքապետը, այնուհետեւ այն պիտի ՀՀ բնապահպանության նախարարությունում փորձաքննություն անցնի, եւ նոր միայն պարզ կլինի կոնսերվացման ժամկետը:  Նախագիծը պատրաստել է «Լեռնամետալուրգիական ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Ընկերության ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ Կենտրոնական հանքը շահագործվում է փակ եղանակով: Շահագործման արտոնագիրը ընկերությանը տրվել է 2006թ-ին: Ընկերությունը մինչեւ 2007-ի սկիզբն իրականացրել է հանքի վերականգնման աշխատանքներ: 2006թ-ին կոմբինատը պայմանագիր է կնքել «Գեոէկոնոմիկա»  ՓԲԸ-ի  հետ`    պաշարների հաշվարկ, տեխնիկատնտեսական չափորոշիչների հիմնավորում կատարելու համար: Հանքարդյունաբերական աշխատանքներն այստեղ սկսվել են 2007թ-ի սկզբից, շարունակվել  մինչեւ 2008թ. օգոստոսի վերջը:

Այդ ընթացքում հանքից արդյունահանվել է 79 342 տ հանքաքար: Կոմբինատը դադարեցրել է հանքի շահագործումը` համարելով, որ դա իր համար արդյունավետ չէ: Ըստ Հասմիկ Մկրտումյանի` հանքարդյունաբերական աշխատանքների դադարեցումից հետո   ընկերության կողմից այնտեղ իրականացվել է միայն վայրի, տեխնիկայի պահակային հսկողություն եւ ջրերի մոնիտորինգ: «Հանքը կոնսերվացվելու է չոր եղանակով, քանի որ հանքի պաշարներն  ամբողջապես մարված չեն եւ դեռեւս ենթակա են շահագործման: Մենք խոշոր սարքավորումների ապամոնտաժում չենք նախատեսում»,- ասաց նա: 

Ընկերության վրա պատասխանատվություն է դրված մինչեւ կոնսերվացման ավարտը եռամսյակը մեկ կատարել ջրերի անալիզ եւ հոսքի արագության չափում:

Բնապահպանության նախարարության փորձագետ Հարություն Ավետիսյանը, ներկայացնելով  իր դիտողութուններն ու առաջարկները, մասնավորապես փաստեց, որ փաստաթղթում բացակայում է տեղագրական քարտեզը, նաեւ հստակեցված չէ, թե ով է վերահսկելու հանքի ներսում ընթացող պրոսեցները՝ անալիզներ կատարելու:

ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային բաժնի պետ Արամ Գրիգորյանը հարց բարձրացրեց հանքից արտահոսող ջրերի սահմանային թույլատրելի կոնցետրացիաների մասին: Նա նախագծողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սահմանային թույլատրելի նորմաները հաստատված են միայն հանքերի շահագործման դեպքում, կոնսերվացման պայմաններում դրանք բացակայում են. «Միջազգային փորձը կա, դրանք պետք է տարբեր լինեն, մինչդեռ նախագծում նշված է ջրերի մոնիտորինգ, բայց ինչի՞ հետ են համեմատվելու անալիզները, եթե կոնսերվացման պայմաններում լրիվ այլ ՍԹՆ պիտի ընդունվեն»:

Երկրաբան Ռուդիկ Հովհաննիսյանը, նշելով, որ  կոնսերվացիայի ժամանակ տեղի կունենան երկրաբանական փոփոխություններ, առավել եւս, որ սեյսմիկ տարածաշրջանում ենք գտնվում,  առաջարկեց կոնսերվացիայի ընթացքում հաճախակի  մարկշեյդերական չափումներ կատարել: Նրա երկրորդ դիտողությունը վերաբերում էր նրան, որ նախագծում բացակայում են ռադիացիոն ֆոնի մասին տեղեկությունները: Երկրաբանը հիշեցրեց, որ այս տարածաշրջանում ուրանի հանքերեւակումներ կան,  իսկ այն միգրացիոն հատկություն ունի, հետեւաբար առաջարկեց նաեւ ռադիացիոն ֆոնը ստուգել:

Չնայած քննարկումը նվիրված էր կոնսերվացման բնապահպանական մասին, ներկաներին մտահոգողն ու հետագայում հնչած հարցերը, բնականորեն,  ավելի շատ հանքի փակման պատճառներին, Կապան քաղաքի վրա  դրա ունեցած սոցիալական հետեւանքներին, կրճատված աշխատակիցներին  էին վերաբերում:

«Հանքի շահագործման արտոնագիրը ստացել է «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն ու ներդրումներ ինքն էր անում, - ասաց Հ. Մկրտումյանը: - Եվ ընկերությունն է որոշել` արժե այդտեղ ներդրումներ անել, թե ոչ: Ու շահավետ չի համարել հանքարդյունահանումը շարունակել`  հենվելով հետազոտությունների վրա»: Նշենք, որ  արտոնագիրը ընկերությանը տրվել էր բոլոր հանքերի համար միասին (նաեւ Շահումյան, Թեջադին), բայց հրաժարվում են միայն այս մեկից:  Դրա հետ մեկտեղ Կենտրոնական հանքավայրը հանձնվում է պետությանը, իսկ 5 հա հողի վրա գտնվող շենք-շինությունները պետական կադաստրային վկայականներով ընկերությանն են պատկանում: 

Այստեղից երկրորդ մտահոգությունը հնչեց: Քանի որ հանքը ենթակա է հետագա շահագործման, ինչպե՞ս պիտի մեկ այլ կազմակերպություն այն շահագործի, եթե այն սպասարկող   ենթակառուցվածքներն ու ֆաբրիկան կոմբինատինն են: Ի պատասխան ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դա արդեն հաջորդ շահագործողի ու կոմբինատի ղեկավարության լուծելիք հարցն է,  իսկ սոցիալական հետեւանքները կոնկրետ այս քննարկման թեման չեն…

Ինչպես կարծում է տեղի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, ընկերության վարած քաղաքականությունն արդեն Կապանում հանգեցնում է ծանր սոցիալական հետեւանքների: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական հանքավայրի կոնսերվացմանը, ապա առաջ է գալիս հարցերի մի ամբողջ շարք՝ հանքի անարդյունավետ շահագործման վերաբերյալ: «Բնապահպանության նախարարության եւ Սյունիքի մարզի բնապահպանական տարածքային տեսչության չեզոք վերաբերմունքը  ընկերության նկատմամբ անհանգստացնում է մեզ ողջ տարածաշրջանի համար իր գլոբալ ծանր էկոլոգիական հետեւանքներով, ինչը կարող է անլուծելի խնդիր դառնալ մոտ ապագայում»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Հոկտեմբեր 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր