ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՔԻՉ ՉԷ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Պետրոս Սարուխանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Եկող տարվա բյուջեի նախագծով բնապահպանության նախարարությանը հատկացվում է 2 մլրդ 45 մլն դրամ։ Դա 425 մլն դրամով պակաս է 2009թ. հատկացվածից։ Այդուհանդերձ, բնապահպանության նախարարությունում դա լուրջ կրճատում չեն համարում՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշ ծրագրեր արդեն ավարտվել են եւ նոր ֆինանսավորում չեն պահանջում։ Ավելին, այստեղ որոշակի առաջընթաց են արձանագրում առաջիկա առանձին ծրագրերի ֆինանսավորման ծավալների մեծացման առումով։

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ բյուջետային դժվարին տարվա պայմաններում ֆինանսական այս ծավալը փոքր չէ, եւ իրենք հնարավորություն կունենան իրականացնել բնապահպանական քսաներեք ծրագիր, որոնցից քսաներկուսը շարունակական բնույթի (փոխանցվող) ծրագրեր են։

Բյուջետային հատկացումների, թերեւս, ամենամեծ ծավալը բաժին է ընկնում կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության ոլորտին՝ 769,3 մլն դրամ։ Այստեղ ներառված են ձկան պաշարների համալրման, Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման, լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման, բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության ապահովման, ինչպես նաեւ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագրերը։

Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար կազմակերպելու համար հատկացվում է 119,1 մլն դրամ։ Դրանից մի քիչ պակաս՝ 112, 3 մլն դրամ, հատկացվում է շրջակա միջավայրի պահպանությանը։ Եկող տարի սուբվենցիաներ կստանան ինը համայնքներ, որոնք համարվում են վնասակար արտանետումներով առավել շատ աղտոտված։ Դրանք են Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Ագարակ, Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Աքոր, Հաղպատ եւ Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան համայնքները։ Սուբվենցիաները կտրամադրվեն ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից։ Ընդհանուր գումարը կազմում է 201,4 մլն դրամ։ Ընդ որում, վերոնշյալ համայնքներից երկուսն ավելացել են։ 2009թ. դրանք յոթն են։

Անդրադառնալով ջրային ռեսուրսների եւ օդավազանի աղտոտվածության մոնիտորինգի կարեւորությանը՝ նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին զգալի ներդրումներ են եղել՝ 250 մլն դրամ, որի նպատակը մոնիտորինգի անցկացման ավտոմատ ռեժիմ ստեղծելն է։ Մասնավորապես Երեւանում արդեն գործում են այդօրինակ չորս կայաններ։ Իսկ թափոնների կառավարման բնագավառում բյուջետային 7 մլն դրամին զուգահեռ, Հյուսիսատլանտյան դաշինքի օժանդակությամբ կձեւավորվի կայուն օրգանական աղտոտիչների ուսումնասիրման լաբորատորիա (210 հազար եվրո արժողությամբ), որը մեր տարածաշրջանում առաջինն է իր տեսակի մեջ։   

Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության ծրագրի «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ենթածրագրում նախատեսվում է ծախսել 257,5 մլն դրամ, որով պետք է մաքրվի 600 հա տարածք։ Այդ գումարը բավարա՞ր է նման ծավալի աշխատանք իրականացնելու համար, «ՀՀ»–ի հարցին ի պատասխան Արամ Հարությունյանն ասաց. «Մենք կազմել ենք մաքրման ենթակա տարածքի քարտեզը եւ հաշվարկներ ենք կատարել ըստ ջրի մակարդակի նիշերի՝ 1900մ, 1906,5մ, 1903մ։ Այժմ 1900մ նիշի մասին է խոսքը։ Դրա պարագայում մաքրման ենթակա է 850 հա տարածք, որից 600 հա մաքրել ենք այս տարի։ Նախատեսված է տարեկան միջինը բարձրացնել 15—20սմ, չնայած այս տարի առաջանցում գրանցվեց՝ մոտ 45 սմ։ Այս տեմպով մենք, ինչպես նախատեսված է, վերջին նիշին՝ 1905մ, հասնելու ենք 20—30 տարում։ Հետեւաբար, նախատեսված բյուջետային հատկացումը բավարար է տարվա անհրաժեշտ աշխատանքները կատարելու համար»։ Նախարարի տեղեկացմամբ, ամբողջական մաքրման համար առաջանալու է մոտ 3500 հա անտառային շերտ։ Դա էական վնաս է բնությանը։ Հետեւաբար, նախատեսվում է անտառահատումներին զուգահեռ կատարել անտառվերականգնման աշխատանքներ։ Եկող տարվանից կսկսվեն այդ աշխատանքները։ Առաջին հերթին կվերականգնվի Մարտունու տնկարանը։ Միաժամանակ կճշտվեն «Սեւան» ազգային պարկի սահմանները սահմանակից համայնքների տարածքների հետ։ «Աշխատանքը ծանր է, ժամանակատար եւ պարտավոր ենք պատշաճ մակարդակով կատարել»,–ասաց նախարարը։

Այն հարցին, թե ի՞նչ է նախատեսվում անել լճի ափերին կառուցված շինությունների հետ կապված, նախարարն ասաց, որ կառուցապատման նիշից (1905մ) ցածր գտնվող եւ սեփականության վկայական չունեցող կառույցները 1600 հատ են։ Սակայն դրանց 70 տոկոսը (մոտ 900 հատը) ժամանակավոր կառույցներ են եւ խնդիր չեն հարուցի։ Խնդրահարույց են 400 կառույցներ, որոնց հարցը կլուծվի կառավարության որոշմամբ։

Ինչպե՞ս է լուծվում Սեւանի ավազանում եւ ափերին գտնվող համայնքների եւ կառույցների կեղտաջրերի հեռացման խնդիրը։ Ըստ նախարարի, ավազանի խոշոր համայնքներում՝ Մարտունիում, Գավառում եւ Վարդենիսում, վերականգնվելու են կեղտաջրերի մաքրման կայանները։ Ծրագիրն արժե 4 մլն եվրո։ Աշխատանքներն սկսվել են եւ կտեւեն երկու տարի։ Միաժամանակ կարեւոր է համարվում լոկալ մաքրման կայանների ստեղծումը, քանի որ առանց դրանց հնարավոր չէ խոսել Սեւանի մաքրության մասին։ Այն հանգստյան տները եւ հանգստի գոտիները, որոնք իրենց դիրքով կարող են միանալ համայնքների կոլեկտորներին, կմիանան։ Իսկ մյուսները պարտավոր են ստեղծել լոկալ մաքրման կայաններ։ Ի դեպ, այս պահին «Սեւան» ազգային պարկի տարածքում միայն մեկ լոկալ կայան է գործում:

Նոյեմբեր 10, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր