Առաջիկայում նախատեսվում է թափոնների տեսակավորման տարաների տեղադրում Երևանում

Առաջիկայում նախատեսվում է թափոնների տեսակավորման տարաների տեղադրում Երևանում

Երևանի վարչական շրջանների բազմաթիվ բակերում մոտ ապագայում կտեղադրվեն թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաններ։ Երևանի քաղաքապետարանը թափոնների վերամշակման գործընթաց է սկսել, որն առայժմ իրականացնում է առանձին տնտեսվարող սուբյեկտների աջակցությամբ։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմում 3 ամիս առաջ ստեղծվել է թափոնների տեսակավորման վարչությունը, որը նպատակ ունի վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների հավաքման, ընդունման և տեսակավորման աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ բնակիչների շրջանում խթանել այդ նոր մշակույթի տարածումը։ 

Թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ներկայում իրենց վարչությունը քաղաքի տարբեր տնտեսվարող սուբյեկտներից հավաքում է ոչ կենցաղային թափոնները, այնուհետ՝ հանձնում վերամշակող կազմակերպություններին։

«Երեք ժամանակավոր կայաններ ենք ստեղծել։ Ամբողջ գործընթացն իրականացնում ենք տնտեսվարող սուբյեկտների հետ։ Նրանք օրենքով պարտավորված են թափոնները տեսակավորել, որևէ կազմապերպության հանձնել կամ ինչ-որ տեղ գեներացնել։ Մեր կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվում, մեր մեքենաները շրջում են, թափոնները հավաքում»,- ասաց նա։

Ներկայում մայրաքաղաքում թափոնների հավաքագրումն իրականացվում է 6 մեքենայով։ Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվում կազմակերպությունների հետ, որոնք վերամշակման ենթակա թափոն են կուտակում, և մեքենաներն ըստ ժամանակացույցի մոտենում են իրենց ներկայացված հասցեներ։ Թափոնների հավաքագրում իրականացնում են նաև բնակիչներից։ Ֆեյսբուքում ստեղծված Թափոնների տեսակավորման վարչություն էջին նամակ գրելու տարբերակով հնարավոր է տեղեկացնել բնակարանում կուտակված թափոնների մասին։ Վարչության աշխատակիցը կամրագրի բնակչի հասցեն և հեռախոսահամարը և կարճ ժամանակ անց բնակչի կողմից նշված հասցե կմոտենա համապատասխան թափոնի հավաքագրումն իրականացնող խումբը։ 

Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաների՝ բակերում տեղադրելը այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Հայկ Հովհաննիսյանը լիահույս է, որ թափոնների տեսակավորման համայնքային կառույցի ստեղծմանը զուգահեռ յուրաքանչյուր բնակիչ պետք է իր մասնակցությունն ու ներդրումն ունենա մաքուր քաղաքի կերտման աշխատանքում։

Լուսանկարը՝ Թափոնների տեսակավորման վարչության 

Սեպտեմբեր 07, 2020 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր