«ԱՌՅՈՒԾԻ ԲԱԺԻՆԸ» ՄՆՈՒՄ Է «ԷՅ ՍԻ ՓԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Գագիկ Անտոնյան, Հայաստանի Հանրապետություն

Մարզի արդյունաբերական արտադրանքի 31,5 մլրդ դրամ ծավալում առյուծի բաժինը՝ 25,7 մլրդն՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանինն է։ Աճը նախորդ տարվա համեմատ, որ կազմել է 17,7 մլրդ դրամ, զգալի է։ Դա պայմանավորված է մետաղների միջազգային գների, դոլարի փոխարժեքի եւ արտադրանքի քանակի աճով։ Իրացվել է 6,9 հազար տոննա անզուտ (կոնվերտորային) պղինձ՝ նախորդ տարվա 6,5—ի փոխարեն։ Նախատեսվում է, որ այս տարի առնվազն կպահպանվի արտադրողականության ցուցանիշը, ներդրումների շնորհիվ գուցե եւ աճ ապահովվի։ Իսկ ներդրումներ նախատեսվում են 600 մլն դրամի չափով, որոնք կօգտագործվեն ներարտադրական ենթակառուցվածքներում, բնապահպանական միջոցառումներում (կվերակառուցվի ծխատարը)։ «Վալեքս» ընկերությունների խումբը Թումանյանի տարածաշրջանում աշխատանքով ապահովել է ավելի քան 1000 մարդու, գերակշիռ մասը՝ «Էյ Սի Փի» եւ «Թեղուտ» ընկերություններում։

Արտադրանքի ընդհանուր ծավալում տեսակարար մեծ կշիռ ունեն հատկապես Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերությունը՝ 71,3 տոկոս, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ—ն՝ 9,5 տոկոս, Վանաձորի «Ավտոգեն—Մ» ՍՊԸ—ն՝ 1,4 տոկոս։ Արդյունքներում 1,25—08 տոկոսի ներդրում ունեն եւս մի քանի ձեռնարկություններ՝ «ՁորաՀԷԿ»—ը, «Բ. Դարբինյան—Ստիլիսսա» (կար), «Քարաբերդ» (քարերի արտադրություն), «Մատինյանի նշխար» (հացամթերք), Դուստր Մելանիա» (կաթնամթերք, պանիր) եւ Ստեփանավանի «Տիրակալ» (էլեկտրաէներգիա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Մարզի չորս տարածաշրջաններում՝ Սպիտակի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի, արձանագրվել է արտադրության ծավալի անկում՝ 1,5 մլրդ դրամի չափով։

Մարտ 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր