

ԷկոԼուր
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ ՀՀ գերատեսչությունների կայքերը ներկայացնում են իրարամերժ տեղեկատվություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հղում անելով ՀՀ գյուղնախարարի խոսքերին, հրապարակել է. «Գյուղնախարարը տեղեկացրեց, որ շրջակա համայքներում անասունների կաթի, բանջարեղենի, մրգի ու կանաչեղենի լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ դրանցում թունաքիմիկատներ չեն պարունակվում»: Նույն հոդվածում սակայն առկա է մեկ այլ տեղեկատվություն, որն անհավանական է դարձնում գյուղնախարարի հայտարարության հավաստիությունը. «Տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողն այստեղ սահում է, վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում»: Նույն ահազանգը հնչեցնում է նաեւ մայրաքաղաքի պաշտոնական կայքը. «Այս տարածքը հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի, և մասնագետները չեն բացառում, որ հարակից գյուղական համայնքներն ու ամառանոցային գոտիները ենթակա են քիմիական հզոր ազդեցության»:
Միեւնույն ժամանակ, հասարակական մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ պաշտոնական մակարդակով անցկացված նախնական ուսումնասիրությունները չեն կարող արտացոլել տեղանքի իրական աղտոտվածությունը, քանի որ իրականացվել են արագացված կարգով եւ չեն համապատասխանել այն պայմաններին, որոնք պահանջում են նմանատիպ ուսումնասիրությունները:
Հուլիս 27, 2010
