

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը բացասական եզրակացություն է տվել Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոդիտների հանքանյութի մանրացման եւ տեսակավորման գործարանի նախագծին: Նախագիծը ներկայացրել է «Գեգամետ պլյուս» ընկերությունը: Այս մասին ասված է «ԷկոԼուր»-ի հարցմանը պատասխանող` ՀՀ բնապահպանության նախարարության 2010թ. հուլիսի 22-ի թիվ 5/32/51391-10 նամակում: Նամակում նաեւ նշված է, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են:
Ինչպես պարզ դարձավ հուլիսի 26-ին Շորժա կատարած մեր աշխատանքային այցի ժամանակ, իսկապես, հիմնական շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ գործարանը գործնականորեն ամբողջությամբ կառուցված է (տես ֆոտոռեպորտաժը):
Հանդիպելով Շորժա գյուղի բնակիչների հետ, ովքեր հիմնականում աշխատուժ են տրամադրում «Գեգամետ պլյուս» ընկերությանը, մենք պարզեցինք, որ Շորժայից ձեռնարկությունում աշխատում է մոտ 30 մարդ:
Գյուղի փոխգյուղապետ Անատոլի Իսկանդարյանի եւ վարչության քարտուղար Ջեմմա Մելքումյանի համար լուրն այն մասին, որ գործարանը կառուցվել է անօրինական, առանց թույլատրող փաստաթղթերի, միանգամայն անակնկալ էր:
«Սկզբում թույլատրեցին, բացեցին հանքը, հետո հետազոտություններ արեցին, հետո կառուցեցին գործարանը, ամեն ինչ աստիճանաբար արեցին` քայլ առ քայլ: Եւ մենք նույնպես սկսեցինք աշխատել այդ ձեռնարկությունում: Ինչ է, բոլորը քնա՞ծ էին, երբ այդ ամենը կատարվում էր: Տեսչությու՞նն էր քնած, նախարարությու՞նն էր քնած: Այդ ինչպե՞ս նրանք ամեն ինչ արեցին առանց թույլտվության: Խորհրդային տարիներին իշխանությունները թույլ չտվեցին շահագործել այդ հանքը, բոլորը հանքի մասին գիտեին, բայց չէին շահագործում քրոմիտի եւ Սեւանի համար: Իսկ հիմա, նշանակում է` թույլ են տվել: Հասարակ ժողողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ նա կստանա փոխարենը` քաղցկեղ, տուբերկուլյոզ, քրոմի օքսիդ կշնչի, թե եւս մի ուրիշ բան: Մենք պետք է փող աշխատենք, եւ ոչ թե չարչարվենք գյուղատնտեսության վրա: Մենք դրանից շահույթ չունենք»,- ասաց Իսկանդարյանը:
«Լսումներ մեզ մոտ երկու անգամ են անցկացրել: Նրանց մասնագետները շատ համոզիչ էին խոսում: Մենք հարցրեցինք փոշու համար, թե ինչ ազդեցություն այն կունենա Սեւանի վրա, եւ մեզ բացատրեցին, որ փոշի եւ վնաս Սեւանի համար չի լինի: Եւ գլխավորը, մենք հետաքրքրվեցինք աշխատատեղերով, եւ մեզ խոստացան,որ աշխատատեղերը կլինեն 300-ից ոչ պակաս: Իսկ մենք շատ երիտասարդներ ունենք»,- ասում է Ջեմմա Մելքումյանը: Նրա խոսքերով` արդեն հիմա ձեռնարկությունում աշխատում են ոչ միայն սեւագործները: «Մեր մարդկանց ուսուցանեցին, եւ հիմա նրանք աշխատում են որպես օպերատորներ եւ լաբորանտներ»:
Ցավոք, բնապահպանության նախարարության նամակում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել բնապահպանական պետական տեսչությունն անօրինական շինարարության վերաբերյալ, եւ այդ փաստը ստիպում է մտածել, որ բնապահպանության նախարարությունը չի կարող Շորժայում տիրող իրավիճակից գլուխ հանել, այն էլ որ «Գեգամետ պլյուս» ձեռնարկության հետեւում կանգնած է ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, Յունիբանկի ղեկավարությունը եւ այլ ազդեցիկ դեմքեր: Մնում է հուսալ, որ վերամշակող ձեռնարկությունը չի ստանա փաստաթղթային հիմնավորում իր գործունեության համար` թեկուզ եւ հղում անելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի վրա, որի 10-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է նման գործունեություն Սեւանի ավազանում, եւ որ բնապահանության նախարարությունը կհիշի իր պարտականությունների մասին եւ, վերջապես սանկցիաներ կկիրառի նրանց նկատմամբ, ում համար օրենքները հրաման չեն:
Օգոստոս 03, 2010
