

Լուսինե Ստեփանյան,168 Ժամ
«Հայանտառում» խոշոր չափի չարաշահումներ են կատարվել
ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ Բնապահպանության նախարարությանը (ԲՆ): ՀՀ ԲՆ իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային տարածքներ` արգելոցներ (Խոսրովի անտառ, Շիկահող, Էրեբունի), ազգային պարկեր (Սեւան, Դիլիջան) եւ թվով 23 արգելավայրեր: Տարիների ընթացքում ՀՀ ԲՆ ենթակայությամբ գործող հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ աղմկահարույց դեպքեր ու չարաշահումներ բացահայտվեցին: Հայտնի է, որ պետական սեփականություն հանդիսացող արգելոցների տարածքներում բիզնես-ծրագրեր իրականացնելու գայթակղությանը մեր պետական պաշտոնյաները չէին դիմանալու: Այդ ոլորտի եկող-գնացող պաշտոնյաները բնական ռեսուրսներից օգտվեցին` ինչպես կարողացան, իսկ առհասարակ, ինչպես Բնապահպանության, այնպես էլ Գյուղնախարարության կառավարման նկատմամբ թույլ վերահսկողության արդյունքում բնությունից «քամվում» է ամենավերջին տերեւը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ Վերահսկիչ պալատը 2009թ. ստուգումներ էր կատարել ՀՀ ԲՆ ենթակայության «Սեւան», «Դիլիջան» ազգային պարկերում, «Արգելոցապարկային համալիրում», «Շիկահող» պետական արգելոցում եւ «Սոսիների պուրակ» պետական արգելավայրում: Բնականաբար ՎՊ-ն արձանագրել էր թերություններ, չարաշահումներ եւ ՀՀ պետբյուջեից ՀՀ ԲՆ փոխանցված գումարների փոշիացում: Վերջերս էլ «Խոսրովի» անտառ արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարական աշխատանքներ էին սկսվել, որոնք ժամանակավորապես կասեցվեցին բնապահպանների աղմուկից հետո: Ներկայումս այդ աշխատանքները դադարեցվել են փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառաբանությամբ, սակայն այն շուտով կմեկնարկի, որովհետեւ այդ ռեստորանաշինության համար ՀՀ Կառավարության համապատասխան որոշում գոյություն ունի: Այնպես որ, պետության համար ռազմավարական նշանակության արգելոցը` արգելոց, բայց մեր երկրում տիրող մթնոլորտում անհատի, մեծահարուստի կոմերցիոն շահը վեր է անգամ պետությանը, հանրությանը պատկանող կենսառեսուրսի պահպանումից:
Բացի ՀՀ Բնապահպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող անտառային տարածքներից` բնությունից, անտառային ռեսուրսներից հնարավորինս օգտվում է նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը: Նախ նշենք, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային հողերի 372.8 հազ. հա տարածքների կառավարումը, նշված գործառույթներն իրականացնում է իր աշխատակազմում գտնվող անտառային տնտեսության վարչության (2 բաժին) եւ «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության (19 «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր) միջոցով: Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունն ակտիվ ստուգումներ է իրականացնում Գյուղնախարարության ենթակայությամբ գործող մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Հայանտառի» մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերահսկող մարմիններն անհավանական չափերի հասնող չարաշահումներ են հայտնաբերել: Ստուգումներն ավարտելուց հետո չի բացառվում, որ այդ փաստերը հանձնվեն ՀՀ Գլխավոր դատախազություն, այնուհետեւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի դեմ քրեական գործ հարուցվի: Բանն այն է, որ հեկտարներով անտառները վարձակալությամբ հանձնվել են տարբեր մարդկանց, որոնք էլ վերջիններս օգտագործել են արտադրական, գյուղատնտեսական նպատակներով: Մինչդեռ փաստաթղթերով «Հայանտառի» տնօրինությունը ՀՀ կառավարությանն այդ հողատարածքները ներկայացրել է իբրեւ հատուկ նշանակության անտառներ: Այս քայլը ենթադրում է, որ գյուղատնտեսական նշանակության անտառները պետք է ՀՀ բյուջեին գումարների մեծ հոսք ապահովեին, սակայն, ինչպես նշեցինք, փաստաթղթերով այդ անտառների նշանակությունը ներկայացվել է միանգամայն այլ կերպ: Այնպես որ` «Հայանտառի» տնօրենը տեւական ժամանակ է` պետական անտառները շահագործում է կոմերցիոն նպատակներով, սակայն ՀՀ բյուջե հարկային մուտք չի արվում: Միամտություն է կարծել, թե «Հայանտառի» տնօրինությունն այդ գործունեությունը ծավալել է առանց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի իմացության կամ, ինչպես ընդունված է ասել, «դաբրոյի»:
Նշենք, որ ՀՀ անտառային հողերը 1993թ. հաշվառման արդյունքներով կազմում են 459.9 հազ հա, որից 334.1 հազ. հա անտառածածկ տարածքներ են (հանրապետության տարածքի 11.2%-ը), այդ թվում` 283.6 հազ. հեկտարը բնական անտառներ են, իսկ 50.5 հազ. հեկտարը` արհեստական: Նաեւ տեղեկացնենք, որ Հայաստանի անտառները, ըստ պետական փաստաթղթերի` դասակարգվում են պաշտպանական, հատուկ եւ արտադրական նշանակության: Ենթադրվում էր, որ արտադրական նշանակության անտառների շահագործումը պետական ճիշտ կառավարման արդյունքում կարող էր երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի զարգացման համար էական գործոն լինել: Ի դեպ, ՀՀ Անտառի ազգային ծրագրում մանրամասն ներկայացվում է անտառային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու միջոցով երկիրը զարգացնելու ռազմավարական ծրագրերը, ինչպես նաեւ՝ անտառների կարեւորությունը ՀՀ ազգային անվտանգության հարցում: ՀՀ Անտառի ազգային ծրագրում բավական ոգեւորիչ տողեր են հատկացվել օրինական անտառօգտագործման արդյունքում եկամուտների ավելացման, անտառային ոլորտում ստվերայնության դեմ պայքարի, անտառին պատճառված վնասի հատուցման համակարգի կատարելագործման եւ այլ սիրուն-սիրուն բաների մասին:
«ԱԹՈՌԱԳՈՐԾ» ԴՍԵՂՑԻՆԵՐՆ ՈՒ «ՄՈՐԹՎՈՂ» ՀԱՃԱՐԵՆԻՆԵՐԸ
168ժամ
«Էստի համեցեք»: Սա Լոռու մարզի Դսեղ գյուղի առաջին կոմիսիոնի անունն է, որն այսօր կորցրել է իր նախկին հմայքը: Խանութի կապուտաչյա աշխատակիցը երանությամբ հիշեց գյուղի «լավ ժամանակները», երբ գյուղացին ապրում էր, այլ ոչ թե այսօրվա պես գոյատեւում: Նա նաեւ հիշեց գյուղի նախկին կահույքի գործարանը, որտեղ աշխատում էին մոտ 200 հոգի: «Առաջ գյուղացին, իսկապես, լավ էր ապրում: Հիմա գյուղը քիչ-քիչ դատարկվում ա: Ապրուստի միջոց չկա: Էսքան ապրանք եմ բերում` «տետրակներով» (նկատի ունի՝ պարտքով.- Մ.Մ.) եմ տալիս, կեսն էլ փչանում ա: Ի՞նչ անենք: Հա չարչարվում ենք, բայց ծերը ծերին հազիվ ենք հասցնում, իսկ ուրիշներն էդ էլ չեն կարողանում, բա ի՞նչ անեն»,- ասաց դսեղցի կինը: Խանութից քիչ հեռու` գյուղի կենտրոնական հրապարակում, հավաքվել էին գյուղի երիտասարդներն ու տարեցները, ովքեր խուսափեցին խոսել գյուղացու դժվարությունների մասին: Ասում են` ամեն ինչ պարզ երեւում է: «Տրամադրություն չունենք խոսելու: Չե՞ք տեսնում` գյուղում ինչ վիճակ ա: Անպայման պիտի ասե՞նք»,- նշեց գյուղի տարեցներից մեկը: «Դե, հա ամեն օր էլ տեսնում ենք, որ գրուզավիկներով փայտ են տանում, բայց էդ օրինական ա: Իրանք թուղթ ունեն: Մեզ մոտ անօրինական հատումներ չեն լինում: Սաղ օրինական ա»,- ասացին նրանք` փորձելով թաքցնել գյուղում տիրող իրական պատկերը: «Տարիներ առաջ Դսեղի անտառի մեջ քարի արտադրամաս էին ուզում բացել, ավելի ճիշտ` լանջերից քար էին ուզում հանել, եւ ոչ մի ճանապարհ չկար դեպի արտադրամաս: Եվ բուլդոզերներով սկսեցին ճանապարհ բացել դեպի քարի արտադրամաս: Այդ ընթացքում հատվեցին շատ ծառեր: Սա հնարավորություն է տալիս այդ անտառից եւս ծառեր հանելու»,- նշեց Կենսաբանության գիտությունների թեկնածու, բուսաբան Անուշ Ներսիսյանը` նկատելով, որ ծառերը մեծամասամբ հատվում են զառիթափ լանջերում, ընդ որում` հատվող հիմնական ծառատեսակը հաճարենին է: Ըստ նրա` հաճարենիներն այն հազվագյուտ ծառատեսակներից են, որոնք հատումներից հետո դժվար են վերականգնվում: «Սեփականության մղումը տարավ նրան, որ մարդիկ ստեղծեցին իրենց սեփական արտադրամասերը: Ոնց որ ասում են` չկա չարիք՝ առանց բարիքի: Այսօր Դսեղում կան 20-ից ավելի փայտամշակման արտադրամասեր, եւ յուրաքանչյուրում աշխատում է 5-6 մարդ: Դա բավականին մեծ թիվ է»,- ընդգծեց Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը: Հարցին, թե այդ արտադրամասերը որտեղի՞ց են ձեռք բերում փայտը, գյուղապետը պատասխանեց. «Մեր անտառտնտեսությունից կամ հարեւան անտառտնտեսությունից, այսինքն` տեղական հումքով են պատրաստում»: «Մենք փայտը ձեռք ենք բերում անտառտնտեսությունից: Էստեղ օրինական, սանիտարական հատումներ են լինում, որի միջից մետրերով ջոկվում են, էսպես ասած` երկարաքոթուկներ: Մենք դրանք օրինական ձեռք ենք բերում»,- ասաց Դսեղի փայտամշակման արտադրամասի պետ Փաշիկ Խառատյանը, ում ղեկավարած արտադրամասը, ինչպես Դսեղի մյուս արտադրամասերը, արտադրում են հիմնականում աթոռներ:
«Մենք օգտագործում ենք հաճարի տեսակի փայտ, որը ոչ թե մենակ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի մակարդակով մեբելի համար արժեքավոր փայտ է: Իմ արտադրամասի մասշտաբով ասեմ` տարեկան կարող ենք արտադրել 4000 միջին արժեք ունեցող աթոռ, բայց էսօր ոչ թե էդ հնարավորությունը չունենք, չէ՛, ունենք, այլ իրացում չունենք»,- ասա Խառատյանը: Ըստ նրա ` հումքի թանկ լինելով էլ պայմանավորված է աթոռների ինքնարժեքի բարձր լինելը: Ընդ որում` փայտամշակման արտադրամասերի տերերը փայտը ձեռք են բերում ոչ թե խտացված, այլ պահեստային մետրերով: Զավեշտալի է նաեւ այն, որ արտադրողները փայտը գնում են անմիջապես անտառում, այսինքն` բացի փայտի գնից, ավելանում են հավելյալ ծախսեր եւ դժվարություններ: «Պահեստային մետրը կարողանում ենք ձեռք բերել 12.000 դրամով: Դրան գումարած՝ անտառից մինչեւ երկրորդ մեքենան հասցնելը դառնում ա 17-18-20.000 դրամ: Էսօրվա պայմաններում դժվար ա: Աթոռը չենք կարողանում էժանացնել, էդ գնով էլ ժողովուրդը չի ուզում առնի»,- նշեց Փ. Խառատյանը:
Աթոռի միջին գինը 4000 դրամ է, եւ յուրաքանչյուր 1 մետրից արտադրամասը պատրաստում է շուրջ 40 աթոռ, իսկ տարեկան գնում է 50 մետր փայտ: Արտադրամասն ունի 4 աշխատակից, եւ ամսական պատրաստում է 200 աթոռ: «Չենք գնում էն պատճառով, որովհետեւ չենք կարողանում իրացնել»,- նկատեց Դսեղի փայտամշակման արտադրամասի պետը: Ի պատասխան հարցին, թե բացի Դսեղից՝ հաճարենիներն այլ տեղ «արտահանվո՞ւմ» են, Փ. Խառատյանն ասաց. «Եթե անգամ դուրս է բերվում` արվում է կահույքագործության նպատակով: Կամ աթոռ են սարքում, կամ էլ պարկետ»: Մենք փորձեցինք նաեւ որոշ հարցերի պատասխաններ ստանալ Դսեղի անտառապետությունից, իսկ, ավելի ճիշտ` Դսեղի անտառապետ Մարտին Ավագյանից: Սակայն անտառպետության շենքում գտնվողները, տեսնելով լրագրողներին, ծածկեցին վարագույրը, եւ այդպես էլ չարձագանքեցին մեզ: Ի դեպ, Դսեղի անտառապետության բակում հատված ծառերի բավական մեծ զանգված կար ու ինչ-որ փակ հաստատություն, որի ներսում հաստոցներ կային...
Սեպտեմբեր 06, 2010
