

ԷկոԼուր
Հուլիսի 10-ին Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանը դրական կարծիք տվեց «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթամթերքի և բիտումի արտադրության գործարանի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին: Համայնքապետարանում ընթացող հանրային լսմանը զուգահեռ Եղվարդի սկզբնամասում, որտեղ գտնվում է գրեթե կառուցված գործարանը, համայնքի Նատի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում:
«Մենք չենք ուզում նավթ շնչել», «Հեռու մեր այգիներից», «Հանցավոր անտարբերություն», «Որտե՞ղ է բնապահպանության նախարարությունը», «Ընտրում եմ կյանք նավթի փոխարեն» պաստառներով, «Արմօյլ, հեռացիր» կոչով բնակիչները փակել էին Եղվարդ-Երևան ավտոճանապարհը:
Խնդիրը նրանում է, որ գործարանը շատ մոտ է գտնվում բնակելի տներին ու այգիներին: Տեղացիները բարձրաձայնեցին իրենց կյանքի և առողջության հարցը, հայտարարեցին, որ չեն կարող ապրել նման վտանգավոր արտադրության կողքին: Բացի այդ, գործարանը կառուցելիս նրանց կարծիքը հաշվի չի առնվել:
Բնակիչների կարծիքը հաշվի չառնվեց նաև այս անգամ: Լսումների դահլիճը հիմնականում զբաղեցրել էին «Արմօյլ» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Բոյկոտող բնակիչներից մի քանիսը ներկայացան, իրենց բացասական կարծիքը հայտնեցին ու հեռացան:
Ուշագրավ է, որ դեռ լսումները չավարտված, դեռ չկազմված արձանագրության մեջ որպես արդյունք նշված էր` հավանություն տալ նախատեսվող գործունեությանը:
Եղվարդի համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը ի պատասխան ԷկոԼուրի դիտարկմանը, ինչու է նախապես նման արդյունք գրանցվել, ասաց` «սա սրա հետ կապ չունի»: Բացի այդ, արձանագրության տեքստում նշված էր ոչ թե գործարան, այլ գործարաններ:
Անտեսվեց նաև այն հանգամանքը, որ գործարանի կառուցման առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Որպես հիմք հանդիսացել է այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ինքը` Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանը, լսումներին չէր ներկայացել: Համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանն էլ ժխտեց, որ համայնքապետարանը կեղծ փաստաթղթեր է տրամադրել ընկերությանը:
Իսկ «ԱրմՕյլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին էլ ասաց. «Քրեական գործը մեզ հետ կապ չունի: Ով ընկերության անունը տա, ես պետք է պատասխան տա՞մ»:
Գործարանը կառուցելու համար բնապահպանական փորձաքննություն չի անցկացվել, քանի որ ներկայացվել է, որ այն չի գերազանցում 1500 քմ: «Այս հողը եղել է 5000 քմ, շինթույլտվության ժամանակ քարտեզի մեջ փոփոխություն է կատարվել, 1500-ից դարձել է 1360 քմ, որը կարիք չունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շենք կար մեջը, շենքը հանեցինք միջից», - մեկնաբանեց Ալֆրեդ Աբեդին:
Նա հայտարարեց, որ ընկերությունն ունի ևս երկու բաժնետեր` ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանը: Ալֆրեդ Աբեդիի խոսքով` նախկին կառավարությունն արհեստական խոչընդոտներ է ցանկացել ստեղծել ընկերության գործունեության համար, իսկ Գագիկ Ծառուկյանն աջակցել է ընկերությանը:
«Մենք դիզվառելիքի գինը 480 դրամից իջեցրեցինք 310 դրամ, մեր դեմն առան, մենք խնդիրներ ունեցանք, գործարանի շինարարությունը դադարեցրեցինք: Դրանից հետո պարոն Ծառուկյանը եկավ Իրան, առաջարկություն արեց, որ ես տեր եմ, եկեք միասին աշխատենք»:
Ինչ վերաբերում է գործարանի աշխատանքից առաջացող ռիսկերին, բնակիչների ահազանգերին, ընկերության գործադիր տնօրենը պնդեց. «Միջազգային նորմերով կանաչ արտադրություն է է լինելու: Նավթի մասին խոսք անգամ չկա, միայն յուղ է լինելու, թափոն, արտանետումներ ընդհանրապես չկան: Ոչ ծուխ ունի, ոչ գազ, ոչինչ չունի»: Իսկ լսումներին ներկայացրած հայտում էլ նշված է. «Բիտումի տեսակների պատրաստման ժամանակ օգտագործվում է տաքացված օդ, որը շփվում է բիտումի հումքի հետ և արդյունքում առաջանում են օրգանական միացություններ պարունակող արտանետումներ»: Ըստ փաստաթղթի` գործարանում տարեկան կվերամշակվի 50.000 տոննա յուղի հումք, 60.000 տոննա բիտումի հումք: Արտանետվող վտանգավոր նյութերն են` ծծմբաջրածին, ածխածնի մոնօքսիդ, ծծմբի օքսիդներ, պինդ մասնիկներ, ազոտի օքսիդներ: Հայտով գործարանի տարածքը կկազմի 2.8 հեկտար:
Ալֆրեդ Աբեդին, ով պնդում էր, որ արտանետումներ չեն լինելու, ԷկոԼուրի դիտարկումից հետո, որ նման նյութեր են արտանետվելու, սկսեց պնդել` դրանք կլինեն նորմայի սահմաններում: Նա նավթամթերքների վերամշակումը համեմատեց մրգերից պատրաստվող ֆրեշի հետ, մինչ ճանապարհը փակած բնակիչները այն անվանեցին «ռումբ»:
Բողոքի ակցիային էին միացել նաև գործարանի անմիջապես կողքին գտնվող` «Ռիվալ» ՍՊԸ-ի այգիների աշխատակիցները: «Եթե գործարանն աշխատի, մենք կկորցնենք մեր այգիները, մեր աշխատատեղերը, մեր բերքն ու բարիքը», - ասացին նրանք: Այգիների սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանը նշեց, որ թույլտվությունների գործընթացն իրականացվել է ապօրինի ճանապարհով, դրա ապացույցը հարուցված քրեական գործն է, անցկացվող լսումներն էլ որակեց անօրինական, նշելով, որ դա պետք է արվեր մինչև գործարանի շինարարությունը: Վիրաբյանը վստահեցրեց, որ աշխատակիցները բողոքի են դուրս եկել սեփական ցանկությամբ:
Բողոքի ակցիայի վայրում էին նաև ոստիկանները: Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի` ճանապարհը միակողմանի բացելու կոչին բնակիչներն արձագանքեցին բացասական:
5 ժամ տևած բողոքի ակցիան ավարտվեց Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի այցից հետո, ով խոստացավ բնակիչներին ուսումնասիրել իրենց բարձրացրած խնդիրը:
Հուլիս 11, 2018 at 12:35