ԷկոԼուր
Երևանում գործող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն 94.325.550 ՀՀ դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին, որը մուտքագրվել է պետական բյուջե, նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սույն թվականի հունիսի վերջին պարզել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում չի օգտագործել բավարար քանակությամբ չեզոքացուցիչներ, որի արդյունքում մթնոլորտ են արտանետվել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներից ավել վնասակար նյութեր:
Հիշեցնենք, որ «Մաքուր Երկաթ գործարանի» ԲԲԸ-ի (Արցախի 75), ինչպես նաև նրանից նրանից ոչ հեռու գտնվող «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ի (Արինբերդ, 3/21) մոտակայքում ապրող բնակիչները բազմիցս ահազանգել են գործարանների արտանետումների և դրանց արդյունքում առաջացող առողջական խնդիրների մասին՝ հազ, շնչահեղձություն, կոկորդի ծակոց, սրտխառնոց, գլխացավ: ԷկոԼուրը բնակիչների ահազանգերն ուղղել է ՀՀ բնապահպանության նախարարություն և պատասխան ստացել, որ արտանետումները նորմայի սահմաններում են:
«Մաքուր Երկաթ» ԲԲԸ-ն արտադրում է ֆերոմոլիբդեն, մաքուր մետաղական մոլիբդեն, իսկ ծխագազերից կորզում ռենիում: «Արմենիան Տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ն արտադրում է ֆեռոտիտան եւ այլ ֆեռոհամաձուլվածքներ:
Արտադրությունների ընթացքում մթնոլորտ է արտանետվում ծծմբային անհիդրիդ և ազոտի օքսիդ:
Ըստ մասնագետների` ծծմբի անհիդրիդն այն գործոններից է, որը կարող է հանգեցնել պտղի մահացման, վաղահաս ծննդաբերության, վիժումների և մեռելածնության, կարող է ազդել շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթների վրա: Լորձաթաղանթի միջոցով կարող վնասակար նյութերը կարող են ներթափանցել արյան եւ ապա օրգանների մեջ` առաջացնելով տարբեր հիվանդություններ:
Հուլիս 23, 2018 at 13:45